Ինչո՞ւ է Ռուսաստանը «3+3» հարթակը ցանկանում վերածել կազմակերպության

Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում ելույթի ժամանակ անդրադարձել էր «3+3» ձևաչափին, դրա ապագային, ինչպես նաև Վրաստանի մասնակցության հարցին:

Լավրովն ասել էր, թե հարթակը, անկասկած, նախանձ էր առաջացրել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում, որը փորձում էր «3+3» ձևաչափի փոխարեն՝ առաջ տանել «3+1» ձևաչափը։ «Այսինքն՝ անդրկովկասյան 3 երկրները և Բայդենի մարդիկ, որոնք փորձելու էին ղեկավարել նրանց»,- նշել էր ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նաև ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել էր այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցվածքային կազմակերպության»։ Լավրովը պաշտպանել է պատգամավորների առաջարկը՝ ստեղծել «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ լրացուցիչ համագործակցության մեխանիզմներ կազմակերպելու համար։

«Ի սկզբանե բոլորը համաձայնեցին, որ ունենք «3+3» ձևաչափը, և հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման կասկածներն ու նրբությունները, Վրաստանի ներկայացուցիչների համար նախատեսված աթոռը մշտապես լինելու է այդ ձևաչափի նիստերի դահլիճում»,- ասել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Կարդացեք նաև

Լավրովի գնահատմամբ՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հենվում է երկրի ազգային շահերի վրա։

Ավելի վաղ, նախորդ տարվա նոյեմբեր ամսին իր տված հարցազրույցներից մեկում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր նշել, որ Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։

«Ինչպես նախկինում, հիմա էլ մենք չենք խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով խթանելուց։ Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին: Աշխատում ենք այն Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։

Հենց այսպիսի դրական միավորող օրակարգն այսօր, առավել քան երբևէ, արդիական է։ Չեմ կասկածում, որ դարերի ընթացքում ձևավորված ամուր ներուժը և ամուր կապերը Ռուսաստանին և Հայաստանին միասին թույլ կտան համարժեք դիմակայել ուժի բոլոր փորձություններին»,- ընդգծել էր փոխարտգործնախարարը, առաջին անգամ ըստ էության խոսելով խորհրդատվական հարթակը կազմակերպության վերածելու անհրաժեշտության մասին։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ «3+3» հարթակը նախաձեռնեց թուրք-ադրբեջանական ալյանսը, սակայն դրա հետագա զարգացմամբ առավելապես շահագրգռվածություն են ցուցաբերում Ռուսաստանն ու Իրանը, որոնց դիվանագիտական անդրադարձներում մշտապես առկա է այս հարթակի աշխատանքն ակտիվացնելու թեման։ Հատկանշական է նաև, որ խորհրդատվական հարթակը կազմակերպության վերածելու մասին ևս խոսում են միայն ՌԴ ներկայացուցիչները, որից կարելի է ենթադրել, որ դա հենց ռուսական նախաձեռնություն է։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «3+3» խորհրդատվական ռեժիմը սկսել է գործել արդեն տևական ժամանակ, սակայն աչք է ծակում այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից ռեգիոնում ազդեցությունը կիսելու հանձնառությունն անկեղծ չէ։ Ուստի, նրա խոսքով, թեև Թուրքիան նախաձեռնող է, մասնակցում է, սակայն հավակնում է ռեգիոնալ միաբևեռ ազդեցության, իսկ պատճառը Թուրքիայի ազդեցության աճն է ռեգիոնում վերջին տարիների ընթացքում, պայմանավորված մի շարք զարգացումներով։

«Այս միտումները հասկանալով՝ Իրանն ու Ռուսաստանը փորձում են Թուրքիային բերել ռեգիոնալ ու շահերը հաշվի առնելու, համադրելու դաշտ, բոլոր խնդիրներն այս հարթակում քննարկելու դաշտ՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Ռուսաստանի շահագրգռության մյուս պատճառն էլ այն է, որ ՌԴ-ն Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմից հետո կորցրեց Անդրկովկասում իր դիրքերի մի մեծ հատվածը, վատթարացան հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ, իսկ մինչ այդ չկային հարաբերություններ նաև Վրաստանի հետ։ Ուստի Իրանի ու Թուրքիայի կողքին այս հարթակում լինելը ՌԴ-ին տվեց հնարավորություն դրսևորվելու համար՝ որպես ռեգիոնալ ուժ»,- նման մեկնաբանություն արեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա խոսքով, այս հարթակը հնարավորություն է Թուրքիային պահել որոշակի վերահսկելիության, համագործակցության մթնոլորտում։

«Որքանով դա տեղի կունենա, այլ հարց է, սակայն ընկալումը Ռուսաստանի ու Իրանի սա է։ Այս հարթակը կազմակերպության հնարավոր է իհարկե վերածել, սակայն Ռուսաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, կարծում եմ, Ռուսաստանը ևս չի ցանկանա այս հարթակի մեծ ակտիվություն և բոլոր հարցերի ներառում այս կազմակերպության օրակարգ, ինչը կենթադրի, որ բոլոր այդ հարցերում պետք է հաշվի առնել Թուրքիայի և Իրանի շահերը։ Այս ամենը ռեգիոնալ որևէ տերության ձեռնտու է այնքան ժամանակ, քանի դեռ նա իր դիրքերով ավելին չէ, քան մյուս դերակատարները»,- ասաց վերլուծաբանը։

Այնուամենայնիվ, Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ հարթակը կազմակերպության վերածելու հարցն ամենայն հավանականությամբ համաձայնեցված է, սակայն երևի թե դեռևս չկա վերջնական պաշտոնական հաստատում։

«Խնդիրն այն է, որ հանդիպումները բավականին ուշ-ուշ են տեղի ունենում, հասկանալի չէ նաև, թե այդ հանդիպումների ընթացքում ծավալված քննարկումներն ինչ արդյունք են տալիս և այս բոլոր երկրների միջև ինչ կոնսենսուս են ձևավորում։ Հարակից խորհրդատվական բնույթը ենթադրում է հռչակագրային գործընթաց, երբ հավաքվում են, ինչ-որ հարց քննարկում ու շարունակում իրենց երկրներում այն քաղաքականությունը, որը հարմար են գտնում։ Իսկ կազմակերպություններն ունենում են հանձնառությունների այլ մեխանիզմ, որն ավելի բարձր վերահսկելիություն է ապահովում։ Ուստի այս բաղադրիչը ևս կարևոր է՝ հարթակը կազմակերպության վերածելու նախաձեռնության հարցում»,- նկատեց Նադեին-Ռաևսկին։

Վերլուծաբանի կարծիքով՝ եթե Թրամփի նախագահության այս շրջանում բազմաբևեռ աշխարհը հաստատի իր կայուն իրավիճակը, ապա նման կազմակերպությունը կդառնա Հարավային Կովկասի ամենակարևոր և ազդեցիկ ուժը։

Տեսանյութեր

Լրահոս