Ադրբեջանն Արցախի ղեկավարներին դատական ֆարսի ժամանակ նոր մեղադրանքներ է ներկայացրել

Բաքվում շարունակվում է ապօրինի պատանդառված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։ Այսօր կայացած դատական ֆարսի ժամանակ ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ մեղադրական ակտի հրապարակումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխանցում է Tert.am-ը։

Շինծու դատավարությանը Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը երկու նոր մեղադրանք է ներկայացրել։

Դատական ֆարսի ժամանակ մեղադրական ակտում նշվել է, թե իբր ադրբեջանցի ուսուցիչներն ու ուսանողներն ապօրինի հեռացվել են աշխատանքից և արտաքսվել օկուպացված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտից։

Մյուս մեղադրանքն այն է, թե իբր Արցախյան պատերազմում ավելի քան 100 մլրդ մանաթի նյութական վնաս է հասցվել Ադրբեջանին։

Դատական հաջորդ ֆարսը նշանակվել է փետրվարի 20-ին:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

Տեսանյութեր

Լրահոս