![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանն ունի մարդկային կապիտալ այս ծանրագույն վիճակից երկիրը դուրս բերելու համար. Սամվել Ֆարմանյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/Samvel-Farmanyan-2.jpg)
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երկար մտածելուց ու պատվիրատուի համաձայնությունը ստանալուց հետո, որոշեցի ձեզ հետ կիսվել դեռ 2023 թ․ աշնանը տեղական մի հիմնադրամի պատվերով իմ կողմից գրված հետազոտության մի փոքրիկ հատվածով։ Այն վերաբերում է ուկրաինական հակամարտությանն ու ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ միջազգայնորեն ամենաքննարկվող թեմաներին։
Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է, որ չորս կողմից մատուցվող տեղական ու միջազգային տոտալ քարոզչության ու աղմուկի մեջ, կարողացել եմ ճշգրիտ վերհանել ուկրաինական հակամարտության էությունն ու հանգուցալուծման շրջանակը։ Ի միջի այլոց, ճշգրիտ կանխատեսել եմ նաև Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ու ամերիկյան քաղաքականության վերանայումը, դեռ մինչև անգամ նրա առաջադրումն այդ պաշտոնում ու քարոզարշավի մեկնարկը։ Գործընկերներս կհավաստեն։
Սակայն, այս հրապարակման նպատակը գլուխգովանությունը չէ։ Դա իմը չէ։ Այլ այն, որ մեզանում, տիրապետող քաղաքական կրկեսի, փորձագետ ու քաղաքական գործիչ կոչվող հարյուրավոր փորձանքների տասնամյակներ շարունակվող աղմուկի ու դատարկաբանության արդյունքում, հանրության մեջ ձևավորվել է տպավորություն, թե մեր ժողովրդի արգանդը չորացել է, մենք սթափ քաղաքական միտք ունեցող մարդիկ չունենք և այլն։ Դա այսպես չէ։
Ընթացիկ քաղաքական կրկեսից անդին Հայաստանը վստահաբար ունի մարդկային մրցունակ կապիտալ, որ կարող է պատասխանատվություն ստանձնել մեր երկիրն այս ծանրագույն իրավիճակից դուրս բերելու համար։ Ու չվրիպել։ Ու այդ մարդիկ ձեր իմացած բոլոր քաղաքական ճամբարներում էլ կան։ Բոլոր։
Ահա այդ հատվածը․․․
Եվ՛ Արևմուտքում, եւ՛ Ռուսաստանում, եւ՛ միջազգայնորեն, տիրապետող են այդ դիմակայության և ուկրաինական պատերազմի իրական էությունը ճշգրտորեն չարտացոլող կարծրատիպեր։ Այդ կարծրատիպերը ձևավորվել են քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական-քարոզչական հսկայածավալ ռեսուրսների բազմակողմանի ու տևական սնուցման արդյունքում, ինչի վերջնարդյունքն այդ դիմակայության վերաբերյալ առկա քարացած մակերեսային պատկերացումներն են ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում և այլուր։
Ռուսաստան-Արևմուտք ընթացիկ դիմակայության և ուկրաինական պատերազմի ոչ միայն հիմնական դերակատարները, այլ նաև առաջնային շահառուները մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (գումարած սահմանափակ առանցքային դաշնակիցներ՝ Մեծ Բրիտանիա և Իսրայել)։ Մյուս կողմից, Չինաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական համագործակցության նոր մակարդակն, այդուհանդերձ, չի վերաճում ռազմական դաշնակցության, իսկ հավաքական Արևմուտքի հետ սրված դիմակայության համատեքստում բաց է թողնված երկխոսության ու համագործակցության պատուհանը։
Միացյալ Նահանգների ռացիոնալ շահերի քարտեզում ուկրաինական ձգձգված պատերազմն առանցքային ու միանգամայն օրինակարգ (տեղական/միջազգային հանրային կարծիքի տեսանկյունից) միջոց է՝
Ա․) Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության համատեքստում հսկայածավալ ֆինանսական ներարկումներ կատարելու սեփական ռազմաարդյունաբերական համալիր՝ խթանելու ամերիկյան ընդհանուր տնտեսության զարգացումը և ամերիկյան հզորության հաշվեկշռում գերառանցքային նշանակություն ունեցող այդ ոլորտի առաջընթացն ու երաշխավորելու համաշխարհային դոմինանտությունն առաջիկա տասնամյակներում։ Ավելորդ է նկատել, որ ֆինանսական աննախադեպ այս ներարկումները լրիվ օրինական հնարավորություն են ընձեռում ամերիկյան ու դաշնակից երկրների առաջատար ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության համատեքստում ձերբազատվելու հին սերնդի կամ անպիտան սպառազինությունից, ինչն առաջիկայում իր հերթին խթանելու է արդի սպառազինության պահանջարկն ու արտադրությունը Միացյալ Նահանգներում և դաշնակից երկրներում։
Բ․) Ստիպելու եվրոպական առանցքային պետություններին՝ վերջապես վերանայել/ավելացնել անվտանգային հյուսիսատլանտյան ճարտարապետությունում սեփական մասնակցությունն ու ռազմական ոլորտին հատկացվող բյուջետային միջոցները (ինչի վերջնական շահառուների շարքում լինելու են նաև ամերիկյան ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները)։ Ըստ այդմ, եվրոպական առանցքային երկրներին, զրկելով իրատեսական այլընտրանքից, մղելու հետագա ռազմականացման՝ երկարաժամկետ ծրագրավորման հարթությունում նրանց վերածելով զսպիչ գործոնի Ռուսաստանի ազդեցությունը արևմտյան ուղղությամբ կանխաարգելելու հարցում։
Գ․) Զսպելու միասնական Եվրոպայի քաղաքական ավելորդ հավակնություններն ու ազդեցության ծավալումը, ամրագրելու Միացյալ Նահանգների բացառիկ անվտանգային գերակայությունը եվրոպական աշխարհամասում, եվրոպական առանձին երկրների մղելու ՆԱՏՕ-ին անդամակցության կամ արտաքին քաղաքական կուրսի ու կողմնորոշման բյուրեղացման։ Ռուսական «ագրեսիայի» վտանգն այդ ռազմավարական խնդրի լուծմանը միտված շարունակական գործոններից մեկն է։
Դ․) Հընթացս կոնսոլիդացնելով ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական և գաղափարախոսական սեփական բուրգն ու գլոբալ ազդեցությունը՝ տնտեսական ծավալուն պատժամիջոցների միջոցով միջնաժամկետ կտրվածքով երաշխավորելու Ռուսաստանի տնտեսության հանքահումքային բնույթը և տեխնոլոգիական թերզարգացվածությունը, ստիպելով վերջինիս իր սահմանափակ ռեսուրսներն առաջիկա հեռանկարում ուղղել իր տիրապետության տակ անցնող նոր տարածքների վերականգնմանն ու ազդեցության նոր գոտիների ինտեգրմանը, ապավինելով սահմանված պատժամիջոցների չեղարկմանն ու Արևմուտքի հետ հարաբերությունների հետագա բնականոնացմանը։
Ե․) Ապակայունացման և դրա հիմքերի ցեմենտման ճանապարհով կանխելու Չինաստանի աշխարհաքաղաքական հեռահար հավակնությունները ամերիկյան կենսական շահերի գոտի համարվող Եվրոպական մայրցամաքում ու դրա աշխարհագրական հարևանությամբ։
Ըստ այդմ, ապակողմնորոշիչ են Միացյալ Նահանգներին քարոզչական հարթությունում վերագրվող մտադրությունները, թե իբր վերջինս շահագրգռված է ուկրաինական ճակատում Ռուսաստանի պարտությամբ (մի կողմ թողնենք ձևակերպման երկիմաստությունը, քանի որ պարզ չի, թե ինչպես են միջուկային տերությունները պատերազմներում պարտվում ոչ միջուկային պետություններին)։ Ընդհակառակը, Ուկրաինայի անխուսափելի պարտության արտոնումն ու կառավարումը (հավանաբար տարածքների մի մասը Ռուսաստանի կազմում ներառելու, իսկ մյուս՝ արևմտյան հատվածը չեզոք պետության կարգավիճակով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բուֆերային գոտու վերածման ճանապարհով), այն ռազմավարական շահն է, որ ընկած է ԱՄՆ քաղաքականության հիմքում։ Ամերիկյան ծրագրերի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դեպքերի նման զարգացումն իր հերթին Ռուսաստանին վերածելու է հավաքական Արևմուտքի բնական դաշնակցի՝ Չինաստանի հետ անխուսափելի, տևական և խորքային դիմակայությունում։ Ըստ այդմ, տրամաբանական է պնդումը, որ Միացյալ Նահանգների և նրա առանցքային դաշնակիցների ռազմավարական հաշվարկներում Ռուսաստանին իրականում «արտոնված» է ոչ միայն կլանել ուկրաինական պետության արևելյան հատվածները, այլև իր ամբողջական աշխարհաքաղաքական ազդեցության տակ առնել Չինաստանին հարակից միջինասիական ողջ տարածաշրջանն ու Այսրկովկասը՝ հավանական նոր բովանդակությամբ ինտեգրացիոն կառույցի շրջանակներում։
Ռուսաստանն իր հերթին, վստահաբար, շատ լավ հասկանալով ԱՄՆ-ի և նրա առանցքային դաշնակիցների իրական առանցքային շահերն ու նպատակները, աշխարհակարգի փոխակերպումների այս գլոբալ գործընթացում Ռուսաստանին թողնված տարածությունն ու միջավայրը, ուկրաինական ձգձգված պատերազմի միջոցով հավաքական Արևմուտքի հետ ընթացիկ դիմակայությունում ձգտում է՝
Ա․) Սեփական սուղ ռեսուրսներից հսկայական ֆինանսական միջոցներ ուղղելով ռազմաարդյունաբերական համալիր՝ խթանել ոլորտի զարգացումն ու արդիականացումը, զուգահեռ ձերբազատվելով կուտակված հին սերնդի կամ ոչ մրցունակ սպառազինությունից ու զինամթերքից։ Տնտեսությունը ռազմական ռելսերի վրա դնելն իր հերթին, հանքահումքային ռեսուրսների արտահանման հետ միասին, այլընտրանք չունեցող տնտեսական աճի արդյունավետ միջանկյալ միջոց է Ռուսաստանի համար։
Բ․) Աշխարհակարգի անխուսափելի փոխակերպումների համատեքստում, հասնել տարածքային նոր ձեռքբերումների՝ Ռուսաստանին միավորելով Ուկրաինայի արևելյան և որոշ սևծովյան հատվածները վերջնարդյունքում հասնելով դրանց փաստացի միջազգային ճանաչմանը/արձանագրմանը։
Գ․) Հետխորհրդային տարածքում (ԽՍՀՄ – Ուկրաինայի արևմտյան հատվածներ և մերձբալթյան երկրներ) երկու-երեք փուլով հասնել ինտեգրացիոն նոր բովանդակության և նոր կառույցի ստեղծմանը՝ միասնական մաքսային, արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականությամբ, որն իր մեջ կարճաժամկետ հեռանկարում պետք է ներառի նաև Այսրկովկասն ու Միջին Ասիան ամբողջությամբ։ Բելառուսում ռազմավարական նշանակության սպառազինության տեղակայման մտադրության մասին պաշտոնական հայտարարությունները նման հեռանկարի ազդակներ են։
Դ․) Իր անմիջական հարևանությամբ (եվրոպական ուղղությամբ) հասնել հանրային կարծիքի արմատական, հիմնարար փոխակերպման, երբ Ռուսաստանի վերաբերյալ եվրոպական տարբեր երկրներում տևականորեն կարծրացած ու գաղափարախոսականացված հանրային կարծիքն իր տեղն անխուսափելիորեն կզիջի առավել ռացիոնալ ընկալումներին՝ ստիպելով տեղական քաղաքական էլիտաներին ու կառավարություններին Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջիկա շրջափուլում առաջնորդվել բացառապես սեփական շահերով ու ռացիոնալ հաշվարկով։
Ե․) Ասիական, աֆրիկյան, լատինակամերիկյան և այլ ուղղություններով երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հասնել առանձին առանցքային դերակատարների հետ համագործակցության հետագա խորացման և ներկայության/ազդեցության խորացման։
Զ․) Ապահովել երկրի ներքաղաքական կայունությունն ու իշխանության վերարտադրությունը՝ ընդհանուր թշնամու կերպարի դեմ կոնսոլիդացնելով սեփական հասարակությունը։
Մի քանի գործոններ՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ելքն ու Ռուսաստանի ուղղությամբ արևմտյան քաղաքականության հնարավոր վերանայումը, սահմանված պատժամիջոցների աստիճանական չեղարկումն ու արևմտյան երկրներում սառեցված 300 մլրդ․ դոլար բանկային միջոցների հասանելիությունը, միջազգային հարաբերությունների կայունացման ու աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվոյի հաստատման նախանշանները, ուկրաինական թնջուկի դիվանագիտական հանգուցալուծումը կամ ստատուս-քվոյի արձանագրումը կարճաժամկետ հեռանկարում հիմնարար նշանակություն կունենան ռուսաստանյան տնտեսության համար՝ համապատասխան ազդակներ հաղորդելով զարգացման դինամիկային»։