
Ո՞ր դեպքում ՀՀ-ում պետք է ավտոմեքենայի մաքսատուրք վճարել. ՀՀ ՊԵԿ-ի պարզաբանումը

Օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն, թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Այս դեպքում տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման այլ ժամկետներ սահմանող իրավական որևէ այլ կարգավորում ներկայում չկա, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
ՊԵԿ-ից հայտնում են՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։
Ըստ ՊԵԿ-ի՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ «միության անձ» կամ «օտարերկրյա անձ» լինելու հանգամանքով։ Եթե ֆիզիկական անձը Միության մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է «միության անձ»։ Հակառակ պարագայում, այսինքն, ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ ՀՀ-ում մշտական բնակության վայր չունենալու դեպքում, անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, ֆիզիկական անձը համարվում է «օտարերկրյա անձ»։
«ՊԵԿ-ը հայտնում է, որ «միության անձը» ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ։ Իսկ «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծման համար այդպիսի պահանջ չի սահմանվում։ Սակայն վերջիններիս համար այդ պարտավորությունը կառաջանա, երբ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ ժամանակավորապես կներմուծի 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը։ «Օտարերկրյա անձը» նաև նման պարտավորություն կունենա մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելու դեպքում», — հայտնում են ՊԵԿ-ից:
ՊԵԿ-ը նշում է անում ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2060-Ն որոշմանը, ըստ որի՝ ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունն ապահովվում է դրամական միջոցներով։ Միաժամանակ, սահմանված վճարման պարտավորությունների ապահովման չափը կարգավորված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 6-րդ կետով:
Նշենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ին վրաց-հայկական Սադախլո-Բագրատաշեն սահմանը հատող Վրաստանի և Հայաստանի երկքաղաքացիներին թույլ չեն տվել վրացական պետհամարանիշներով մեքենայով մուտք գործել Հայաստան․ ՀՀ մաքսակետում մուտքի թույլտվության փաստաթուղթ (ՎՈԶ) չեն լրացրել․ որպես պատճառ նշվել է՝ նոր օրենք է ուժի մեջ մտել: Փետրվարի 3-ին հիշյալ քաղաքացիները կրկին փորձել են սահմանը հատել, թույլատրել են՝ ասելով, թե օրենքի կիրարկումը 15 օրով հետաձգվել է:
ՊԵԿ-ը պարզաբանում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություն չի կատարվել: