Ստելը նորաձև է․ Հայաստանը դարձել է ապրելու համար չափազանց թանկ երկիր

Մինչ բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ օրերով կառավարության դիմաց բողոքում են հարկերի բարձրացումից, հարկերով խեղդելուց, հարկային տեռորից, բիզնեսին աշխատելու հնարավորություն չտալուց, էկոնոմիկայի նախարարը, որի գործը պիտի լիներ այս մարդկանց հոգսերը թեթևացնելը, աշխատելու տանելի պայմաններ ապահովելը, աջակցելը, ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանում հարկերը չեն ավելացել։ Եթե չեն ավելացել, այս մարդիկ խելագա՞ր են, որ բան ու գործ թողած՝ օր ու մեջ հավաքվում են կառավարության դիմաց ու բողոքում հարկերի բարձրացումից, աշխատելու հնարավորություն չտալուց։

Հինգ տարի առաջ շահութահարկը 2 տոկոսային կետով իջեցրել են, եկամտային հարկն էլ աշխատողների ճնշող մեծամասնության համար 23-ից դարձրել են 20 տոկոս, սարքել են մատի փաթաթան։ Իսկ որ եկամտային հարկի փոխարեն՝ նույնքանով ավելացրել են կենսաթոշակային հիմնադրամների վճարումները ու այդ գումարները տանում են քաղաքացուց, չեն ասում։ Սրանից քաղաքացին փաստացի ոչինչ չի ստացել, բայց էկոնոմիկայի նախարարը համարում է, որ հարկերը նվազեցրել են։

Մոռանում է, որ այս ընթացքում բազմաթիվ հարկեր ու տուրքեր անգամներով են ավելացրել։

Տնտեսության ու քաղաքացիների վրա հարկային բեռի ավելացումները համատարած են։ Հարկերը, տուրքերը, վճարները բարձրացնելուց էլ՝ տոկոսով չեն բավարարվում, անգամներով են բարձրացնում։

Կարդացեք նաև

Շրջանառության հարկը կրկնապատկել են, փոքր ու միջին բիզնեսին դրել անելանելի վիճակում, շատերը հայտարարում են, որ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, որ չեն կարող այդ պայմաններում աշխատել, որ փակում են բիզնեսը, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ հարկերը նվազում են։ Փաստորեն, երբ առևտրի շրջանառության հարկը 5-ից դարձել է 10 տոկոս, արտադրական գործունեությանը՝ 3,5-ից՝ 7 տոկոս, իսկ հանրային սննդինը՝ 6-ից՝ 12 տոկոս, դա հարկային բեռի նվազում է։

Հարկի նվազեցման հնարավորությունը, որով փորձում են փափուկ բարձ դնել հարկատուների գլխի տակ, շատերին ոչինչ չի տալու։ Ու նրանք ստիպված են լինելու նախկին 5-ի փոխարեն՝ վճարել 10 տոկոս, 3,5-ի փոխարեն՝ 7 տոկոս, 6-ի փոխարեն՝ 12 տոկոս։ Կրելու են կրկնակի ավելի ծանր հարկային բեռ, քան կրում էին մինչ այդ։

Հարկերի տեսքով այս ծախսերի ավելացումը բերելու է փոքր ու միջին բիզնեսի մրցունակության նվազմանը, որի վերջը լինելու է փակվելն ու շուկայից դուրս մղվելը։

Մոռացել են, թե ինչ բերեցին ավտոներկրողների գլխին՝ հարկերի իրենց անհիմն ավելացումով։

Ասում էին՝ անկախ նրանից՝ օգուտո՞վ եք աշխատում, թե՞ վնասով, պիտի 20 տոկոս եկամուտ ցույց տաք ու դրա դիմաց հարկ վճարեք։ Հասան նրան, որ բիզնեսի մի ամբողջ ոլորտ սպանեցին, շատերն էլ ստիպված եղան արտագաղթել ու իրենց վճարած հարկերով հարստացնել այլ երկրների բյուջեները։

Հիմա հերթը փոքր ու միջին բիզնեսինն է։

Հարկերով այնքան են խեղդելու, որ վերջը ստիպված լինեն փակել բիզնեսի դռներն ու հեռանալ։ Միկրոձեռնարկատիրությունը, որը վճարում էր 5 հազար դրամ եկամտային հարկ, 2023թ. գրեթե 4 անգամով ավելացրին։ Էկոնոմիկայի նախարարի համար հավանաբար հարկերի նվազեցում է նաև այն, որ գործունեության բազմաթիվ տեսակներ հունվարի 1-ից անցել են հարկման նոր համակարգ, որտեղ շրջանառության հարկի փոխարեն՝ ստիպված են լինելու վճարել ԱԱՀ ու շահութահարկ։ Այս ոլորտներում հարկային բեռը նույնիսկ կրկնակի չէ, հնգակի-վեցակի է ավելանում։

Հունվարի 1-ից նոտարական ու փաստաբանական գործունեություն ծավալողներին զրկել են շրջանառության հարկով աշխատելուց, պարտադրում են վճարել 20 տոկոս ԱԱՀ ու 18 տոկոս շահութահարկ։ Այն, որ անշարժ գույքի առքուվաճառքի, միջնորդական, վարսավիրական, հաշվապահական, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման, շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման ու չափագրման, միկրոձեռնարկատիրական մի շարք այլ տեսակներ այլևս չեն օգտվի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերից ու կվճարեն ավելացված արժեքի հարկ, նույնպես հարկերի նվազեցո՞ւմ է։

Թե՞ գույքահարկի անգամներով բարձրացումն է հարկային բեռի նվազեցում։

Եթե էկոնոմիկայի նախարարը մոռացել է, հիշեցնենք, որ 2021թ. Հայաստանում ներդրեցին գույքահարկի հարկման նոր համակարգ, որով այս հարկատեսակի հարկային բեռն ավելանում է առնվազն 4 անգամով։

Վերջին տարիներին քաղաքացիներն ու բիզնեսն արդեն կրկում են այդ բեռի ազդեցությունը։

Հաջորդ տարի, երբ բեռի բարձրացումը լիարժեք դառնա, ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի։

Էկոնոմիկայի նախարարի համար հավանաբար հարկային բեռի ավելացում չէ նաև այն, որ ամեն տարի «ավտոմատ» բարձրանում է ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկը։ Խոսքը վառելիքի, խմիչքների, ծխախոտի, այլ ապրանքների ակցիզային հարկերի մասին է, որը մեծապես ավելացնում է այդ ոլորտների հարկային բեռը։ Դրա հետևանքով ամեն տարվա սկզբին այդ ապրանքները թանկանում են, ու այդ թանկացման ազդեցությունը կրում են քաղաքացիները՝ ստիպված լինելով նույն ապրանքի համար անհամեմատ ավելի բարձր գին վճարել, քան վճարում էին նախկինում։

Անցած տարվա սեպտեմբերի 1-ից ավելացրին տաքսի ծառայություն մատուցողների հարկային բեռը։ Այս տարվա սկզբից այդ բեռը կրկին բարձրացրին։ Առաջիկայում էլի կբարձրացնեն։

Սա էլ է, էկոնոմիկայի նախարարի կարծիքով, հավանաբար հարկային բեռի նվազեցում։

Բիզնեսի ու քաղաքացիների ֆինանսական բեռի ավելացումները համատարած են ու բոլորովին էլ չեն սահմանափակվում միայն հարկերով։

Անգամներով ու կրկին համատարած բարձրացրել են նաև տուրքերը, հարկային տույժերը, տուգանքները, այլ վճարները։

Վերջին տարիներին, հատկապես Երևանում, կտրուկ բարձրացրել են տեղական տուրքերը՝ գործունեության գրեթե բոլոր տեսակների համար, առևտուր, սպասարկում, շինարարություն։ Նաև սրանով են պայմանավորված թանկացումներն ու քաղաքացիների ֆինանսական բեռի ավելացումները։

Հունվարի 1-ից, որ աղբահանության վճարները Երևանում սկսել են նորովի հաշվարկել ու ակնկալում են, որ դրա արդյունքում քաղաքային բյուջեի մուտքերը կրկնակի-եռակի կավելանան՝ հարկային բեռի ծանրացո՞ւմ է, թե՞ ոչ. Կամ հայտնի «կարմիր գծերի» վճարների 13-ապատկումը, քաղաքային տրանսպորտի ուղեվարձերի առնվազն 50 տոկոս բարձրացումը։

Երիտհեղափոխականների իշխանության կողմից, տնտեսության ու քաղաքացիների վրա ֆինանսական բեռի ավելացումները չափազանց ընդգրկուն են՝ կլինեն դրանք հարկերի, տուրքերի, վճարների, թե տույժեի ու տուգանքների ձևով։ Այդ համատարած ծանրացումների հետևանքով է, որ այսօր Հայաստանը դարձել է ապրելու համար չափազանց թանկ երկիր։

Ամեն քայլափոխի մտնում են մարդկանց գրպանը, տարբեր ձևերով ճնշում են, հարկային տեռորի են ենթարկում բիզնեսին։ Ու այսքանից հետո, էկոնոմիկայի նախարարը, չքմեղանում է, թե իբր Հայաստանում հարկերն ու տուրքերը նվազել են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս