![](/banners/BeFunky-design.jpg)
««Միջանցքի» հարցում անհայտ հանգամանքներ շատ են. էսկալացիայի ռիսկը միշտ կա, հայկական կողմը պետք է պատրաստ լինի». Նորայր Դունամալյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Norayr-Dunamalyan.jpg)
Հունվարի սկզբին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ, այսպես կոչված՝ ««Զանգեզուրի միջանցքն» իրենց պետք է, և այն բաց կլինի, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև աշխարհագրական պատնեշներ չպետք է լինեն»։
Նույն թեմային հերթական անգամ անդրադարձել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ասելով, որ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին իրենց համար արժեքավոր քննարկումները շարունակվում են:
«Իհարկե, պետք է հաշվի առնենք նաև երկրների ազգային անվտանգությունը: Ադրբեջանն ու Հայաստանն այս հարցը քննարկում են»,- ասել է նա և հավելել, որ Իրանի այլընտրանքային տարբերակը նույնպես քննարկման սեղանին է:
«Ամեն դեպքում, այս միջանցքն անցնելու է: Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով: Մենք նույնպես հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա։
Հունվարի վերջին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի առնչությամբ ասել էր, որ Ադրբեջանին կոնկրետ առաջարկություն են արել, ընդգծելով. «Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել: Ընդ որում, դա նույնիսկ առաջարկ չէ, այլ հարցի լուծում, որը մեր գնահատմամբ և ակնհայտորեն՝ հաշվի է առնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները, և էդ դիրքորոշումների հաշվառմամբ առաջարկել ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով էլ»։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «միջանցք» բացելու համար Ադրբեջանն ի՞նչ քայլերի կարող է գնալ։ Քննարկվում է նաև Իրանով ճանապարհը, Ադրբեջանն ի՞նչ նպատակներ է հետապնդում «միջանցքը» Հայաստանով բացելու համար։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Նորայր Դունամալյանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ Մեղրիով «միջանցք» ունենալն Ադրբեջանի ու Թուրքիայի համար ունի հստակ նպատակ՝ ներգրավվելու՝ ինչպես Հայաստանի ներքին քաղաքական կյանքում, այնպես էլ՝ վերահսկելու ՀՀ տարածքը։
«Նման օրինակ մենք ունենք Սիրիայում, Իրաքում, երբ Թուրքիան այդ երկրներում ապակայունացումն օգտագործում էր այս երկրներ ներխուժելու համար՝ ռազմական ուժով։ Սա կարելի է ներկայացնել այն բացասական արդյունքը, որը կարող է լինել։ Սակայն, մյուս կողմից էլ՝ այն խոսակցությունները, որոնք այսօր կան Ադրբեջանում ու Թուրքիայում, կարելի է դիտարկել հայկական կողմին, նաև այլ խաղացողների՝ նույն Իրանի, Ռուսաստանի կամ Արևմուտքի, որոնք հետաքրքրված են այդ ծրագրի բացակայության կամ լինելիության մեջ։
Սրան զուգահեռ՝ այսօր, օրինակ, խոսվում է, որ նույն Նախիջևանի բնակիչները կարող են սահմանը հատել դեպի Թուրքիա գնալով, կամ Թուրքիայից գնալ Նախիջևան, զուգահեռ խոսվում է երկրորդ ենթակառուցվածքի մասին, այսպես կոչված՝ Արաքսի կամ Արազի «միջանցքի»։ Այսինքն՝ այստեղ զուգահեռ մի քանի խաղ է գնում, և հայտարարությունները նպատակ ունեն ստուգելու արձագանքները, օրինակ, մեծ տերությունների, նաև Հայաստանի կողմից»,- շեշտեց քաղաքագետը։
Այս համատեքստում Նորայր Դունամալյանն ընդգծեց, որ կարելի է ասել՝ Հայաստանի իշխանությունն այս ամենին համաձայն է, այսինքն՝ որ «միջանցքն» անցնի Մեղրիի տարածքով, բայց վերահսկողությունը լինի եթե ոչ՝ Հայաստանի, ապա՝ երրորդ երկրի ուժերի կամ մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից։
«Այս հայտարարությունը կարելի է դիտարկել՝ որպես իրավիճակի մեղմացման փորձ, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են «միջանցքի» բացում՝ հաշվի չառնելով Հայաստանին, ապա Հայաստանն էլ առաջարկում է այդ տարբերակը։ Բայց մենք մինչև այս պահը չգիտենք, թե վերահսկողությունն ինչպիսի՞ ընկերություն պետք է իրականացնի, ո՞ր երկրի ներկայացուցիչ, կամ արդյո՞ք այդ երկրի ուժերի ներկայությունը նույն հայ-իրանական սահմանին ընկալելի ու ընդունելի կարող է լինել Իրանի համար։
Անհայտ հանգամանքներն այս իրավիճակում ավելի շատ են։ Իհարկե, կարող ենք ասել, որ սա կարող է բերել էսկալացիայի, սակայն այն իրավիճակում, որ Ադրբեջանը գնում է առճակատման նույն Ռուսաստանի հետ, կամ Իրանի հետ հարաբերությունները վերջնականապես չեն կարգավորվում, կա Ուկրաինայի խնդիր և այլն, ուստի այս փուլում գուցե էսկալացիայի մասին խոսելը վաղ է։ Բայց էսկալացիայի ռիսկը միշտ կա, դրան պետք է հայկական կողմը պատրաստ լինի»,- ընդգծեց Նորայր Դունամալյանը։