![](/banners/BeFunky-design.jpg)
USAID-ը սպասում է Թրամփի վերջնագրին. ի՞նչ սպասել հետո
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որը համարվում է Նահանգների կառավարության անկախ գործակալություն և պատասխանատու է քաղաքացիական օտարերկրյա օգնության և զարգացման օժանդակության իրականացման համար, սպասում է Թրամփի վերջնագրին։ Իսկ մինչ այդ՝ արդեն մի քանի օր է՝ չի գործում USAID-ի պաշտոնական կայքէջը։
ԱՄՆ ՄԶԳ-ի ապամոնտաժմանն ուղղված Թրամփի հայտարարություններն ու քայլերը լայնորեն քննարկվում են ողջ աշխարհում, զուգահեռաբար ի հայտ են գալիս այս կազմակերպությանն ուղղված խիստ քննադատություններ, հրապարակվում են անգամ տեղեկություններ, թե ինչպես է Ջորջ Սորոսն օգտագործել ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհները՝ ապակայունացնելու համար տարբեր երկրներ։
Քննադատությունների հարցում առաջատարն Իլոն Մասկն է․ հենց նա է որոշել ջարդել ամերիկյան «փափուկ ուժի» սյուները։
Միլիարդատեր Իլոն Մասկը նախ հայտարարել է՝ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակման գործընթացում են` սաստկացնելով իրենց պատերազմը դաշնային բյուրոկրատիայի դեմ և դեմ գնալով Կոնգրեսի սահմանադրական լիազորությանը՝ որոշելու, թե ինչպես են ծախսվում գումարները։ Նա նաև նշել է՝ USAID-ը «հանցավոր կազմակերպություն» է, և «ժամանակն է, որ այն մեռնի»:
Ավելին՝ վերջին օրերի ընթացքում համաշխարհային գրեթե բոլոր լրատվամիջոցները հրապարակել են Իլոն Մասկի հայտարարությունը կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների իրականացման գործում ԱՄՆ USAID-ի (Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության) ներգրավվածության մասին։
«Գիտե՞ք, արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»,- թվիթերյան իր էջում գրել է միլիարդատերը։
Սպիտակ տունն անմիջապես չի պատասխանել Մասկի՝ Թրամփին վերաբերող հայտարարության առնչությամբ մեկնաբանություն տալու խնդրանքին, սակայն լրատվամիջոցները հիշել են, որ Թրամփը գովել է Մասկին լավ աշխատանքի համար ու քննադատել USAID-ին՝ այն որակելով՝ որպես «մի խումբ արմատական խելագարների կողմից ղեկավարվող» կառույց։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը համատեղ գործել են վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ։ Ղազախստանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ USAID-ի գործունեության վերաբերյալ հայտարարության, հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը։
USAID-ը թավշյա հեղափոխություններ ու հեղաշրջումներ է հովանավորել հետսովետական երկրներում․ Այս մասին էլ վերջին ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
USAID-ն ինտենսիվորեն ֆինանսավորել է տարբեր երկրներում,LGBT համայնքներին․ այս մասին էլ ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է ամերիկացի հայտնի նախկին հեռուստամեկնաբան, Դոնալդ Թրամփի կողմնակից Քևին Սթիլը՝ անդրադառնալով USAID-ի գործունեությանը, և հավելել․ «Տասնամյակներ շարունակ USAID-ի բյուրոկրատները կարծել են, թե հաշվետու չեն ոչ մեկին, սակայն այդ դարաշրջանն ավարտվել է»։
Հիշեցնենք՝ Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ մարդասիրական օգնություն տրամադրող ծրագրերն այս պահին դադարեցված չեն․ համենայն դեպս, այս մասին հայտնել էին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) հայաստանյան առաքելությունից։
Ի դեպ, գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում նույնպես մի շարք ծրագրեր են իրականացվել ու իրականացվում, այդ թվում՝ աջակցելով բռնի տեղահանված արցախցիներին։
Բայց հայաստանյան շրջանակներում թեմայի քննարկումը ևս տարատեսակ մեկնաբանություններ է առաջ բերել։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը չինական մամուլից հոդված է ներկայացրել՝ տեղեկացնելով․ «Չինական «Global Times»-ը հրապարակել է «գունավոր հեղափոխությունների» ցուցակը, որոնք հովանավորվում են USAID-ի, NED-ի և հարակից կազմակերպությունների կողմից:
Այս «հեղափոխությունները» հրահրվել և ֆինանսավորվել են այդ կազմակերպությունների կողմից՝ օգտագործելով տեղական ՀԿ-ները, սոցիալական մեդիան, վերապատրաստված ընդդիմադիր ակտիվիստներին, որոնք հանգեցրել են քաղաքացիական պատերազմի, քաոսի, տնտեսական և քաղաքական ճգնաժամերի թիրախ երկրներում: Ահա «Global Times»-ի ցանկը՝ իմ հավելումներով:
2003 թվական՝ Վարդերի հեղափոխություն Վրաստանում, 2004 թվական՝ նարնջագույն հեղափոխություն Ուկրաինայում, 2005 թվական՝ Կակաչների հեղափոխություն Ղրղըզստանում, 2011 թվական՝ Արաբական գարուն, 2011 թվական՝ Հասմիկի հեղափոխություն Թունիսում, 2011 թվականի հունվարյան հեղափոխություն Եգիպտոսում, 2011 թվական՝ Քաղաքացիական պատերազմ Սիրիայում, 2011 թվական՝ քաղաքացիական պատերազմ Լիբիայում, 2011 թվական՝ Եմեն, 2012 թվական՝ Բահրեյն, 2018 թվական՝ թավշյա հեղափոխություն Հայաստանում, 2020 թվական՝ բողոքի ցույցեր Բելառուսում, 2022 թվական՝ արյունոտ հունվար Ղազախստանում»։
USAID-ից տրվող ֆինանսական միջոցների կրճատմանն ու Հայաստանի քաղհասարակության վրա դրա հնարավոր ազդեցությանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է նաև հանրային ու քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Մենք հիմա տեսնում ենք, թե ինչ կատաստրոֆիկ ֆինանսավորում են ստացել Մաշտոցի ծառի տերևի համար պայքարողները, 50 դրամի համար ակցիաներ անողները, ԼԳՏԲ և տրանսգենդեր համայնքի համար պայքարողները։ Հիմա, երբ իրենց լափը կտրվի, իրապես կերևա, թե նրանցից քանիսը ձայն կհանեն ծառահատումների ժամանակ, կամ կկանգնե՞ն ԼԳՏԲ համայնքի ներկայացուցչի կողքին, երբ նրա իրավունքը կխախտվի, թե՞ կթքեն վրան։ Ես հավատացած եմ, որ ոչինչ էլ չեն անելու՝ ինչպես չարեցին 7 տարիների ընթացքում, երբ Նիկոլի իշխանությունն ամեն օր խախտում էր մարդու իրավունքը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի կարծիքով էլ՝ այսօր, երբ Միացյալ Նահանգներում ստուգում են ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության էֆեկտիվությունը, Հայաստանի պատկան մարմիններն ունիսոն պետք է անդրադառնային կազմակերպության հայաստանյան ծրագրերին ու նպատակներին։
«Ֆիքսենք փաստը, որ ՄԶԳ գործունեության վերաբերյալ ամենասուր քննադատությունը հնչում է ԱՄՆ այսօրվա վարչախմբի կողմից։ Այսօր, երբ Հայաստանում էլ քննադատում են գործակալության գործունեությունը, կամ շատերն ուրախանում են USAID-ի հնարավոր փակմամբ, այդտեղ որոշակի օբյեկտիվություն կա, որովհետև ինչպես ցույց են տվել ԱՄՆ-ում ծրագրերի իրագործման նախնական ստուգումները, այնտեղ և՛ կոռուպցիոն, և՛ նպատակային պրոբլեմներ կան,- մանրամասնեց վերլուծաբանը և հավելեց,- Օրինակ, ինքնիշխան երկրում, եթե նորմալ իշխանություն լիներ, այժմ կօգտվեին այս հանգամանքից, որ ԱՄՆ-ում ստուգում են USAID-ի գործունեության էֆեկտիվությունն ու նպատակները, և պատկան մարմինները, ԱԱԾ-ն կսկսեր ուսումնասիրել Հայաստանում այս գործակալությանն առնչվող և գործարկված 30 տարիների ծրագրերը, տեսնեն՝ ի՞նչ է ֆինանսավորվել։ Ես հեռու եմ մտքից, որ այդ ծրագրերը բոլորը վատն են եղել, բայց նրանք, որոնք կապված են եղել աշխարհընկալման հետ, արժեհամակարգերը փոխելու, վերացնելու հետ, որտեղ հայի ինքնությունն էր կասկածի տակ դրվում, պետք է նայվի՝ ով է ստացել, ինչքան է ստացել, ում միջոցով է ծախսվել»։
Հիշեցնենք՝ Հայաստանի գործող իշխանությունները շատ ջերմ հարաբերություններ ունեին ԱՄՆ ՄԶԻԳ ղեկավար կազմի հետ։ ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը նախորդ տարի հուլիսին անձամբ էր եկել Հայաստան, իր իսկ խոսքերով ասած՝ անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում