![](/banners/BeFunky-design.jpg)
«Ադրբեջանի ճնշումները դիվերսիֆիկացվում են. Փաշինյանը ներկայացրեց Բաքվի նպատակները». Մենուա Սողոմոնյան
Թեպետ ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու պատրաստակամության մասին, Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի այս քայլը հստակ ցույց է տալիս՝ Ադրբեջանի կողմից ճնշումները բազմազանեցվելու են, դիվերսիֆիկացվելու են Հայաստանի վրա:
«Այս բնապահպանական թեմաներով ճնշումները նրանք ոչ միայն ուզում են օգտագործել ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելու նպատակով, այլ նաև դրա տակ կոնկրետ ագրեսիվ նպատակներ կան թաքնված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց նա՝ ընդգծելով, որ ադրբեջանցիներն օրակարգային են դարձնում ՀՀ տարածքից Ադրբեջան հոսող ջրերի թեման, որ իբրև թե ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերությունը կեղտոտում է ամբողջ տարածաշրջանը, իրենց ջրերն են աղտոտվում:
Նա հիշեցնում է, որ Արցախի բլոկադան էլ սկսվեց բնապահպանական բաղադրիչից:
«Ադրբեջանի հետ խաղաղություն չկա, գոյություն չունի: Այս էլ որերորդ անգամ Փաշինյանը կարծես ինքը Բաքվի խոսափողը լինի, ասում է, որ մեր տարածքի 60 տոկոսի նկատմամբ հավակնություններ են ներկայացնում ու մարզերի անուններ է տալիս: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները Փաշինյանից տեղեկանում են, թե կոնկրետ մարզերով ինչ հավակնություններ ունի Ադրբեջանը: Արցախն ուժեղացնում էր Հայաստանը, հիմա Արցախը չկա, թշնամին անցնում է մյուս հատվածներին»,- ասաց նա:
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե թշնամուն, այլ հայ ժողովրդին է մեղադրում. «Հիմա էլ ասում է՝ դաշնակցական մտածողությունն է խանգարում, և ըստ Փաշինյանի՝ երբ տեղի ունենա գաղափարական տրանսֆորմացիան, մենք կապադաշնակցականացվենք, և այն ժամանակ ոչ մի խնդիր չի լինի: Աստված գիտի, թե հետո ինչի վրա է մեղադրանքը դնելու»:
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն ասում է այն, ինչ Թուրքիան տասնամյակներ շարունակ ասել է. «Թուրքիան Ցեղասպանության վերաբերյալ ասում է, որ այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել, մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ երրորդ կողմերը, սլաքը ռուսների վրա են ուղղում, որ եկել բորբոքել են, թշնամացրել են, պատերազմի ժամանակ տարհանում է եղել, որի ժամանակ էլ մարդիկ զոհվել են: Այս թեզը, որ թուրքական պատմագիտությունը և պետական քարոզչությունը տանում է առաջ, հիմա կրկնվում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից:
Թուրքիան նույն ցեղասպան Թուրքիան է, բայց Հայաստանի իշխանություններն ասում են՝ խնդիրը մեր մեջ է, և գնում հասնում են մինչև Խրիմյան Հայրիկի ժամանակները, թե իբր այդ մտածողության պատճառով է, որ այս ամենը մեր գլխին գալիս է, և հիմա պետք է փոխվի այդ մտածողությունը: Ուրիշ ի՞նչ ասես: Մնում է, որ Փաշինյանն ասի՝ Էրդողանը ճիշտ էր, ես սխալվեցի: Եթե ինքը անկեղծ է, պետք է այդ արտահայտությունն էլ անի: Ամեն ինչ դրան է տանում: Փորձում են Հայաստանը դարձնել Թուրքիայի ենթադաշնակիցը, ստորադաշնակիցը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում