Բաժիններ՝

2025թ. հունվարը երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում

2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, որը նորմայից բարձր էր 2․4 °C-ով։ Հունվար ամիսը չորային էր Հանրապետության ողջ տարածքում, միայն առանձին օրեր դիտվեցին թույլ տեղումներ։

Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է ընդամենը 6․3 մմ, որը նորմայի 18 %-է։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Օդի ջերմաստիճանը բարձր էր հատկապես հունվարի երկրորդ տասնօրյակում, երբ առավելագույն ջերմաստիճանները Սյունիքի և Տավուշի հովիտներում հասան մինչև 15–16 °C։ Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ջերմաստիճանները բարձրացան միայն հունվարի վերջին՝ հասնելով 9–11 °C։

Ամենացածր ջերմաստիճանները գրանցվել են Հայաստանի լեռնային շրջաններում՝ 1800-2200 մետր բարձրություններում, որտեղ առանձին օրեր դիտվեցին -15 °C-ից մինչև -20 °C նվազագույն ջերմաստիճաներ, իսկ ցրտաշունչ Աշոցքում՝ մինչև -28․5 °C։ Այս շրջաններում կայուն ձնածածկույթը պահպանվել է՝ 10-20 սմ բարձրությամբ։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք հունվարը դիտվել է 1966 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -0․3 °C, իսկ ամենացուրտը՝ 1964 թվականին՝ -11․7 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հունվարը դիտվել է 2010 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 76․5 մմ, իսկ ամենաչորը՝ 1999 թվականին, ընդամենը 2․3 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025 թթ. ժամանակահատվածում հունվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․8 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս