Փաշինյանը մեզ տանում է ոչ թե դեպի հարմարավետ Արևմուտք, այլ թուրք-ադրբեջանական աքցանի մեջ․ Սուրեն Սուրենյանց

Վերջին մի քանի շաբաթներին Փաշինյանը բացահայտորեն փորձում է հայ ժողովրդին հարմարեցնել նվաստացման մի նոր վիճակի կամ մակարդակի հետ։ Ընդհանրապես, դասական իմաստով Հայաստանում ազգային իշխանություն գոյություն չունի։ Սա տիպիկ վիշիստական ռեժիմ է, որը բացահայտորեն կատարում է իրեն սնուցող և հովանավորող կենտրոնի, այն է՝ ոչ թե Արևմուտքի, այլ Բաքվի և Անկարայի պատվերները։ Գործ ունենք Ալիևի փոխանորդի հետ, Փաշինյանը կատարում է այդ գործառույթը։ Օրինակ, որևէ բանականության մեջ չի տեղավորվում Ղարիբ Բաբայանի ձերբակալությունը, այդ հարցում քննչական մարմինների և ԱԱԾ-ի փութաջանությունը։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունն Անկարայի թեզն է։ Տասնյակ տարիներ թուրքական պատմագիտությունն այդ կեղծ թեզերը գեներացրել է՝ երրորդ երկրների վրա թողնելով ցեղասպանության ընկալում ձևավորելու պատասխանատվությունը և իր վրայից մաքրելով ցեղասպանի պիտակը։ Այն պատումները, որոնք վերաբերում են «խաղաղության պայմանագրին» կամ թեկուզ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մեզ բացահայտորեն ռուսական ուղեծրից տանում են ոչ թե հարմարավետ Արևմուտք, այլ թուրք-ադրբեջանական աքցանի մեջ։ Արդեն այն հանգամանքը, որ երկրի ղեկավարի լուսամուտի տակ Իրանի թյուրքախոս քաղաքացիներն ակնհայտորեն ուղղորդված կերպով թուրքերեն երգում են, սա բացարձակապես պատահական երևույթ չէ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

«Ամենասարսափելին այս ամենին իշխանության ռեակցիան է։ Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, թե Իրանի քաղաքացիներ էին և Երևանում ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել, ԱԱԾ-ն պետք է պարզեր նրանց այդտեղ հայտնվելու և նման վարքագծի պատճառները, ոչ թե հետապնդեր այն մարդուն, որն այդ մասին հրապարակայնացրել է՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով։ Եթե Քննչական կոմիտեն չամաչեր, ատելության թիրախում կնշեր ոչ թե մեր իշխանությանն ու ոստիկանությանը, այլ հենց ադրբեջաներեն երգող մարդկանց։ Այսինքն, կստացվեր, որ մեր համերկրացին ձերբակալվել է, քանի որ ըստ իշխանության տրամաբանության՝ ատելության խոսք է տարածել ադրբեջանցիների դեմ։ Ձևականորեն նշվում են իշխանությունն ու ոստիկանությունը, բայց ինչո՞ւ էին նրան թիրախավորում։ Նա ընդամենն ասել էր, որ անթույլատրելի է Արցախի կործանումից մեկ տարի հետո նման դրսևորում թույլ տալը»,- նշեց քաղաքական գործիչը:

Կարդացեք նաև

Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ շատ ավելի վտանգավոր է Հայոց ցեղասպանության ժխտումը. «Մենք արդեն հասել ենք մի հանգրվանի, երբ Թուրքիան իր մեծ ինստիտուտները պահելու անհրաժեշտությունն այլևս չունի։ Սա շատ վաղուց է սկսվել։ Ամիսներ առաջ ՔՊ-ի տխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դրեց ցեղասպանվածների թիվը, նաև՝ նրանց նույնականացման մասին խոսեց, որը որևէ կերպ ժամանակագրորեն և գիտականորեն հնարավոր չէ վերականգնել։ Երբ թիվը կասկածի տակ ես դնում, տեղավորվում ես թուրքական թեզի մեջ։ Իրենք էլ են ասում՝ եկեք պարզենք, թե ինչ է եղել։ Այդ թեզը զարգացրեց արդեն Նիկոլ Փաշինյանը՝ հարցնելով, թե ինչու է դա պատահել, և ով մեր մեջ ստեղծեց այդ ընկալումը»:

«Հայոց ցեղասպանության մասին Փաշինյանի խոսքերն ուրացման և դիլետանտիզմի խառնուրդ են։ Չափազանց անգրագետ է պետք լինել՝ չիմանալու, որ, օրինակ, 1939 թվականին ցեղասպանություն եզրույթ չկար։ Չափազանց մեծ երևակայություն է պետք ունենալ՝ ասելու մի խոսք, որի տրամաբանական եզրահանգումն այն կարող է լինել, թե իբր Լեմկինն էլ է եղել խորհրդային գործակալ։

Հասել ենք այն աստիճանի, որ Հայաստանի ղեկավարը չի հասկանում, օրինակ, 30-ականների և 50-ականների Խորհրդային Միության քաղաքական համակարգի առանձնահատկությունները։ 30-ականներին գործ ունեինք ամբողջատիրական պետության հետ, որտեղ որևէ տեսակետ արտահայտելը հետապնդվում էր։ Ցեղասպանության թեմայի վերաբացումը տեղի ունեցավ «ձնհալի» օրոք՝ նախախրուշչովյան և խրուշչովյան շրջափուլում»,- ամփոփեց Սուրեն Սուրենյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս