Ի՞նչ առնչություն ունի ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումը Հայաստանի հետ

Ղազախստանի Ակտաու քաղաքում դեկտեմբերի 25-ին ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման շուրջ ռուս-ադրբեջանական տարաձայնությունները շարունակում են խորանալ։ Օրերս Ղազախստանի կողմից ինքնաթիռի կործանման առաջին եզրակացության հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ ինքնաթիռը կործանվել է արտաքին միջամտության հետևանքով, Ադրբեջանի իշխանությունները Մոսկվային պաշտոնական նոտա են հղել երկրում ռուսական «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է հայտնվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքում։

«Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը՝ «Ռուսական տունը», որը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն է Ադրբեջանում, գրանցված չէ որպես իրավաբանական անձ»,- ասվում է ԱԳՆ ներկայացուցիչ Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։ Ենթադրվում է, որ «կազմակերպությունը լրջորեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը», ուստի «2025 թվականի փետրվարի 3-ին ռուսական կողմին նոտա է հղվել «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին»։

Ընդգծվել է, որ ռուսական կողմից սպասվում է «համապատասխան միջոցների ձեռնարկում»։ Սակայն գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը, ՌԴ ներկայացուցչությունը և արտաքին գործերի նախարարությունը տարիների ընթացքում բազմիցս դիմել են Ադրբեջանի Արդարադատության նախարարությանը, Արտաքին գործերի նախարարությանը՝ գրանցման հարցում օգնելու խնդրանքով:

«Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, բայց մեր կոչերն անպատասխան են մնացել»,- ասել է Պրիմակովը։

Կարդացեք նաև

Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի դեմ արշավը սկսվեց ինքնաթիռի կործանումից շաբաթներ անց, երբ սկսեցին հրապարակումներ ադրբեջանական մամուլում գործակալության գործունեության մասին, որոնք, ըստ հրապարակումների, ունեցել են լրտեսական բնույթ և դիտարկվել են՝ որպես արտաքին միջամտություն երկրի ներքին գործերին։

Այսօր էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հայտարարությամբ հանդես գալ ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հարցով: «Ոչ, (ինքնաթիռի կործանման մասին խոսելու:- խմբ.) պլաններ չկան»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների պնդումները, թե Ռուսաստանը պետք է ստանձնի վթարի մեղքը։

Փոխարենը, հավելել է Կրեմլի խոսնակը, Պուտինն ադրբեջանցի պաշտոնակցի հետ շփումների ընթացքում կբարձրացնի Բաքվում «Ռուսաստանի տան» շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։

«Եթե ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ Ադրբեջանում ռուսաստանյան կառույցի գործունեության արգելքը որակելով «թյուրիմացություն»:

Հունվարի 1-ից էլ Ադրբեջանը խստացրել է Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը, ինչը բխում է Նախարարների կաբինետի հրամանից։

168.am-ի հետ զրույցում ռուսական մերձդիվանագիտական շրջանակից մեզ ասացին, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներկայումս ստեղծված բարդ իրավիճակի պատճառը կործանված ինքնաթիռի հանգամանքն է։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, այն միջոց է Ադրբեջանի քաղաքականությունն ու շահերն առաջ մղելու համար, որը Բաքուն պարբերաբար անում է ինչպես Արևմուտքի՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Իրանի նկատմամբ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս նույն մոտեցմամբ Ադրբեջանը հարաբերվում է տարբեր երկրների հետ՝ իր «գինը» բարձրացնելու նպատակով։

«Բացի այդ, Ադրբեջանն այսօր ավելի համարձակ է գործում, քանի որ ստացել է Լեռնային Ղարաբաղը, ընդ որում՝ վերջին տարիներին առանց ՌԴ ակտիվ մասնակցության, կարողացել է ԼՂ-ից դուրս բերել խաղաղապահներին։ Եվ ներկայումս իր այլ շահեր բավարարելու համար պետք է դիմի այլ գործիքների։ Այս ամենը կապ ունի Հարավային Կովկասում տեղի ունեցող տրանսֆորմացիաների, Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդման ու հետագա ցանկությունների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ բախվում են Ռուսաստանի ու Իրանի շահերին։ Սակայն Ադրբեջանը պատրաստ չէ նման ուժերի հետ երկարատև առճակատմանն ու սրմանը, Ռուսաստանում դա շատ լավ գիտեն ու հասկանում են, ուստի կարծում եմ՝ ներողությունից բացի, այլ քայլեր չեն լինելու»,- ասաց մեր անանուն աղբյուրը։

Բացի այս ամենը, նրա կարծիքով, Ադրբեջանը Ռուսաստանից ակնկալիքներ ունի ռեգիոնալ տնտեսական տրանսպորտային կապուղիների բացման հարցում։

«Չի բացառվում, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակի հեռահար նպատակները վերաբերում են նաև ապաշրջափակման գործընթացին, դրանում Մոսկվայի լիակատար աջակցությունը ստանալու նպատակին»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս