168.am-ի հետ զրույցում ռուսական մերձդիվանագիտական շրջանակից մեզ ասացին, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներկայումս ստեղծված բարդ իրավիճակի պատճառը կործանված ինքնաթիռի հանգամանքն է։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, այն միջոց է Ադրբեջանի քաղաքականությունն ու շահերն առաջ մղելու համար, որը Բաքուն պարբերաբար անում է ինչպես Արևմուտքի՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Իրանի նկատմամբ։
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում և դրանց շուրջ կրքերը չեն մեղմանում։ Ղազախական Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցում հաստատվում է վարկածը, որ ինքնաթիռը կործանվելուց առաջ արտաքին ազդեցության է ենթարկվել, սակայն չի նշվում այդ ազդեցության բնույթն ու ծագումը, կամ այն, թե ով է պատասխանատու կործանման համար։
Օրեր շարունակ Ադրբեջանում, Ղազախստանում, Ուկրաինայում և արևմտյան առաջատար երկրների կողմից ծավալվող հակառուսական հիստերիայի ֆոնին Ռուսաստանի նախագահը ներողություն խնդրեց Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։
Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի դեկտեմբերի 25-ին, ըստ նախնական տվյալների, ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»։ Նախօրեին այս մասին հայտարարել է ավիաընկերությունը: