ԱՄՆ-ում արհմիությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին USAID-ն փակելու պատճառով
ԱՄՆ դիվանագիտական ծառայության կազմակերպությունները և պետական ծառայողների ֆեդերացիան Կոլումբիայի շրջանի դատարան հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նպատակ ունենալով արգելափակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակելու Սպիտակ տան փորձերը:
Այդ մասին հաղորդում է CNN-ը։
Հայցվորները պնդում են, որ Թրամփը մի շարք «հակասահմանադրական և անօրինական գործողություններ է կատարել»։
«Այդ գործողությունները հանգեցրել են գլոբալ հումանիտար ճգնաժամի՝ կտրուկ դադարեցնելով USAID-ի աշխատակիցների, դրամաշնորհառուների և կապալառուների կարևոր աշխատանքը:
Դրանք արժեցել են հազարավոր ամերիկացիների աշխատատեղեր և սպառնալիքի տակ դրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը», – ասվում է հայցի մեջ:Ինչպես հայտարարում են արհմիությունները, ԱՄՆ Կոնգրեսը միակ կազմակերպությունն է, որն օժտված է USAID-ն վերացնելու լիազորություններով:
Հայցվորները խնդրում են դատարանին անօրինական ճանաչել Թրամփի վարչակազմի կողմից ընդունված միջոցառումները և հրաման արձակել՝ նախագահի վարչակազմից պահանջելով «դադարեցնել USAID-ի գործունեության փակմանն ուղղված՝ Կոնգրեսի կողմից չարտոնված գործողությունները»:
Մասնավորապես, հայցում պահանջվում է ԱՄՆ ՄԶԳ-ի տնօրենի անկախ պաշտոնակատարի նշանակում, գործակալության շենքերի վերաբացում, դրա համակարգերի և վեբ էջերի վերականգնում, բոլոր դրամաշնորհների և պայմանագրերի վերսկսում, լրացուցիչ աշխատողների վարչական արձակուրդի դադարեցում, ինչպես նաև աշխատանքից ազատման ծանուցումների և պարտադիր հեռացման վերաբերյալ հրամանների չեղարկում:
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներին տրամադրվող օգնությունը դադարեցնելու մասին։ Փետրվարի 3-ին USAID-ի պաշտոնյաներին արձակուրդ են ուղարկել Իլոն Մասկի կողմից ղեկավարվող Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) աշխատակիցներին գաղտնի տվյալների հասանելիություն տրամադրելուց հրաժարվելու պատճառով:
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Թրամփի վարչակազմը կրճատել է ԱՄՆ ՄԶԳ-ի անձնակազմի թիվը՝ ավելի քան 10 000-ից հասցնելով 300-ի։