Ինչպես Ակսել Բակունցի շնորհիվ 1925թ. հայ-ադրբեջանական սահմանագծման ժամանակ 20 հայկական գյուղ մնաց Սյունիքի կազմում. ՄԱՍ 1-ին

Հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի կյանքի և գործունեության մասին դեռևս կան մի շարք անհայտ իրողություններ, որոնք պայմանավորված են նրա ողբերգական մահով և կորած ձեռագրերով:

Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, պետք է փաստել, որ Բակունցի կատարած ազգանվեր և հայրենանվեր գործունեության մի շարք իրողություններ մեզ հայտնի են, սակայն չեն շրջանառվում:

Թերթելով Բակունցի գործունեության մասին պատմող էջերը՝ նկատում ենք, որ սյունեցի արձակագիրն ահռելի մեծ գործ է կատարել Հայաստանում և հատկապես Սյունիքում գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար: Թերթելով Ակսել Բակունցի պաշտոնական գրությունները՝ հանդիպում ենք 1925 թվականի հոկտեմբերի 1-ին գրված տարեկան հաշվետվությունը, որն ուղղված էր ՀՍՍՀ հողժողկոմատի գյուղվարչությանը: Հաշվետվության մեջ մասնավորապես գրված է.

Կարդացեք նաև

«ա) Զանգեզուրի գավառը, համաձայն վիճբյուրոյի տվյալների, գրավում է 3926 քառ. վերստ տարածություն։ Այդ թիվը վերջերս ենթարկվել է փոփոխության, որովհետև օգոստոս ամսին Ղափանի շրջանում Զանգեզուրին է միացված 20 գյուղ։ Բացի այդ, Զանգեզուրի և Քյուրդիստանի միջև այժմ գծվող նոր սահմանը փոփոխության է ենթարկելու գավառի ընդհանուր տարածությունը։ Գավառը կազմված է երեք գավառակից. Ղափան՝ 86 գյուղ, Սիսիան՝ 37 և քաղաքի շրջան՝ 25 գյուղ, ընդամենը՝ 148 գյուղ։ Ազգաբնակչության թիվը երեք շրջաններում էլ համարյա թե հավասար է, 21-22 հազար, 3 շրջանում՝ 65 հազար։ բ) Գավառում շրջանային գյուղատնտեսներ չեն եղել։ Գյուղատնտեսներն ապրել են Գորիս քաղաքում։ Շրջագայության տարածությունը՝ մաքսիմալ շառավիղը հասնում է հարյուր վերստի, մինիմալը՝ 36 վերստ Սիսիան գնալու և 59 վերստ Ղափան գնալու դեպքում»: (Ակսել Բակունց, Երկեր, 4-րդ հատոր, Երևան, 1984, էջ 463):

Գրությունից տեղեկանում ենք, որ 1925 թվականին Զանգեզուրի և Քուրդիստանի միջև տեղի է ունեցել սահմանների փոփոխության աշխատանքներ և այդ ընթացքում 20 հայկական գյուղ միացել է Զանգեզուրին: Ամբողջական իրողությունները հասկանալու համար՝ հարկ է գալ սկզբից:

Բակունցի կենսագրության էջերը թերթելով՝ տեսնում ենք, որ 1923 թվականին ավարտելով Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, Բակունցը վերադառնում է հայրենիք և 1924-1926 թվականներին աշխատում Գորիսում և Զանգեզուրում՝ որպես գավառական գյուղատնտես և հողաբաժնի վարիչ: Նշենք, որ 1924-1926 թվականներին, երբ Բակունցը գավառական գյուղատնտես էր Սյունիքում, մեկը մյուսի ետևից սկսում են լույս տեսնել Բակունցի գրքերն ու հոդվածները, որոնք նվիրված են գյուղատնտեսությանը: Ծանոթանալով այդ թվականներին Բակունցի գործունեությանը՝ անդրադառնանք նաև Բակունցի հաշվետվության մեջ նշված Քուրդիստանի իրողությանը:

1923 թվականի հուլիսին, երբ պատմական Արցախի տարածքում ստեղծվեց ԼՂԻՄ-ը, հուլիսի 16-ին կազմավորվեց Կարմիր Քուրդիստան արհեստական միավորը: Քուրդիստանի ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև վերացնել ցամաքային կապը: Այդ տարածքներում քրդական ցեղերին բնակեցնելու ծրագրերն ընթանում են մինչև Պարսկաստանի Սեֆյանների շրջան: Քրդական ցեղերի ներկայացուցիչներին բնակեցնում են Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի տարածքում, որպեսզի թուլանան Խամսայի հայկական հինգ մելիքությունները: 1924 թվականին արհեստականորեն ստեղծված Քուրդիստան գավառ է այցելում սովետական հայտնի հնագետ և կովկասագետ Եվգենիա Պչելինան, ով մասնավորապես այցի, այնտեղ ապրող քրդերի և հայերի մասին գրել է.

«Մինչև միջին դարեր և ավելի ուշ այնտեղ բնակվել է հայ բնակչություն։ Այդ մասին են վկայում հայտնաբերված պատմական հուշարձանները։ Շրջանից հայ ազգաբնակչության հեռացման մասին կարելի է հանդիպել այնտեղ բնակություն հաստատած քրդերի ժողովրդական հեքիաթներում և ժամանակագրություններում, որտեղ ասվում էր իրենց՝ քրդերի եկվոր լինելու մասին»: (Տե՛ս՝ Пчелина Е.Г. По Курдистанскому уезду Азербайджана: Путевые заметки // Советская этнография. 1932. – № 4. – С. 108–121):

Կարմիր Քուրդիստանը վերացվեց 1929 թվականին և տարածքն ուղղակիորեն մտցվեց Խորհրդային Ադրբեջանի կազմ: Պատմական այս փաստերն ու իրողությունները կողք կողքի դնելով՝ նկատում ենք, որ արդեն իսկ 1923 թվականից սկսած հատկապես Սյունիքի և պատմական Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի հողերի վրա անօրինական և արհեստական ստեղծված Կարմիր Քուրդիստանի միջև եղել են հողային վեճեր:

Բակունցի հաշվետվության ակունքները տանում են դեպի այդ վեճեր և վեճերի լուծում՝ սահմանազատում և սահմանագծում: Այդ շրջանում Զանգեզուրի և, այսպես կոչված, Կարմիր Քուրդիստանի միջև սահմանային հարցերի ու Բակունցի գործունեության մասին կարդում ենք հետևյալը.

«Անդրկովկասի սովետական հանրապետությունների պետական սահմանների որոշումից հետո առանձին սահմանակից շրջանների գյուղերի միջև վեճերը դրսևորվեցին ջուր-անտառ-հողօգտագործման հարցերի շուրջ: Վեճերը լուծելու համար 1920-ական թվականներին Անդրկենտգործկոմին կից գործում էր հատուկ հանձնաժողով՝ Սարգիս Կասյանի նախագահությամբ:

Հարցերը նախապատրաստելու և ընդունված որոշումները իրագործելու համար տեղում աշխատում էին համապատասխան հանձնաժողովներ: Ա. Բակունցը (նաև ուրիշներ), որպես Հայաստանի ներկայացուցիչ, մասնակցել է  այն հանձնաժողովի աշխատանքներին, որը հարդարում էր Զանգեզուրի ու Մեղրու և Քուրդիստանի գավառների միջև գոյություն ունեցող վեճերը: Հանձնաժողովի նախագահն էր Յա. Կոչետկովը, ապա՝ Վանո Ստուրուան»: (Ակսել Բակունց, նշված աշխատություն, էջ 633):

Ներկայացված իրողությունները, պաշտոնական փաստաթղթերն ու գրությունները ցույց են տալիս, որ Ակսել Բակունցն ընդգրկված էր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում: Այս ամենն արդեն պատկերացում է տալիս՝ ամենասկզբում նշված Բակունցի հաշվետությունը հասկանալու համար: Ականավոր գրողն ընդգրկված էր հանձնաժողովում և նրա շնորհիվ Սյունիքում մոտ 20 հայկական գյուղ միացավ Խորհրդային Հայաստանին:

Հաջորդիվ կներկայացնենք հոդվածի շարունակությունն ու 1925-1927 թվականներին սահմանազատման և սահմանագծման աշխատանքների բոլոր մանրամասները:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728