2024թ. ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմել է 7,13 տրիլիոն դրամ․ Արթուր Միքայելյան
«ՊԵԿ տվյալների համաձայն՝ 2024թ. օնլայն խաղատները Հայաստանում ստացել են 17.8 միլիարդ դոլար խաղադրույք (7,13 տրիլիոն դրամ) և դրա դիմաց խաղերի մասնակիցներին վճարվել է 17.5 միլիարդ դոլար (7,00 տրիլիոն դրամ) շահում։
2018-2024թթ. ընթացքում խաղերի մասնակիցներին վճարված շահումների ընդհանուր գումարը կազմել է 65.2 միլիարդ դոլար։ Այդ գումարից ոչ մի լումա հարկ չի մուտքագրվել պետբյուջե»,- այս մտահոգիչ վիճակագրությունը «Գիտակից Հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ի վերջին ուսումնասիրության արդյունքն է։
Կենտրոնի նախագահ, հանրային գործիչ Արթուր Միքայելյանը 168․am-ի հետ զրույցում նշեց՝ բացի այն սպառնալիքներից, որոնք կապված են շահումով խաղերի վիճակագրության հետ, առկա է նաև սոցիալական անարդարության գործոնը։
Ըստ նրա՝ եթե շահումները հարկվեին այնպես, ինչպես հարկվում են քաղաքացիների կողմից ստացվող եկամուտները, ապա ոչ միայն պետական պարտքը չէր կրկնապատկվի, այլև կլինեին հավելյալ միջոցներ՝ քաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար։
«Պարզ օրինակ՝ աշխատավարձ ստացող քաղաքացու եկամտից պահվում է 20 տոկոս եկամտահարկ, ինչպես նաև՝ 5 տոկոս սոցիալական վճար։ Իսկ ահա շահումով խաղերի մասնակիցների շահումները, որոնք կարող են հասնել միլիոնավոր դրամների՝ չեն հարկվում։ Այստեղ առաջանում է հարց՝ ինչո՞ւ ուսուցչի կամ բանվորի աշխատավարձը պիտի հարկվի, իսկ շահումը՝ ոչ։ Ինչո՞ւ է պետությունը խստորեն վերահսկում աշխատավոր քաղաքացու եկամուտները, բայց խաղային շահումների դեպքում՝ աչք փակում։ Որտե՞ղ է սոցիալական արդարության սկզբունքը»,- շեշտեց Արթուր Միքայելյանը։
Դիտարկմանը, թե այս թեմաների մասին պարբերաբար խոսում են հանրային ու քաղաքական շրջանակները, կանխող ինչ-ինչ մեխանիզմների ներդրման մասին ենք տեղեկանում, սակայն իրավիճակը չի փոխվում, և հարցին, թե որո՞նք են պատճառները, «Գիտակից Հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ի նախագահն արձագանքեց՝ համոզմամբ, որ խնդրի մասին միայն խոսելը բավարար չէ․ պետք են հստակ գործողություններ։
«Իշխանությունները ևս վերջին 6 տարիների ընթացքում շատ են խոսել այս խնդրի մասին, իսկ ի՞նչ է փոխվել իրականում։ Ինտերնետ շահումով խաղերի ոլորտում 2018-2024 թվականների ընթացքում ունեցել ենք 2034 տոկոսով աճ։ Սա՝ առավել առարկայական․ 2024 թվականին ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքները կազմել են 7,13 տրիլիոն դրամ: Ու այս ամենը մի երկրում, որտեղ մարդկանց մեծ մասը դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում, երբ վերջին 6 տարիներին տեսել ենք պատերազմ, ունեցել ենք հայրենիքի կորուստ ու տեղահանված հայրենակիցներ։
Նույն տարում, ըստ պաշտոնական տեղեկության, խաղերի մասնակիցներին տրվել է 6,99 տրիլիոն դրամ շահում։ Պարզ չէ, թե այդ շահումներն ովքեր են ստացել՝ ՀՀ քաղաքացինե՞րը, թե՞ դրանք գնացել են Հայաստանից դուրս (պետության կողմից այս առնչությամբ տվյալներ չկան)։ Ավելորդ չեմ համարի նաև նշել, որ ինտերնետ շահումով խաղերի ոլորտի շրջանառությունը մոտ 5 միլիարդ դոլարով ավելի շատ է, քան ՀՀ պետական պարտքը։ Փաստենք, որ սա իրական աղետի ցուցիչ է»,- ասաց Արթուր Միքայելյանը՝ արձանագրելով, որ այս ամենի հետևում քաղաքացիներ են, մարդիկ, քայքայված ընտանիքներ ու ճակատագրեր։
Այս համատեքստում անդրադառնալով պետության կողմից արվող քայլերին, իրավիճակը կանխող մեխանիզմներին՝ նա նկատեց, որ դրանք խորքում նույնիսկ նպաստում են ոլորտի ինչ-ինչ դերակատարների գործունեությանը։
«Օրենքները, որոնք ընդունվում են գործող իշխանության կողմից և, կարծեք թե, պետք է պաշտպանեին հասարակությանը մարդկանց խաղամոլությունից, այդ պայքարի իմիտացիան իրականում նպաստում է այս ընկերությունների դիրքերի ամրապնդմանը։ Վերցնենք վերջին օրինակներից մեկը․ ընդունվեց օրենք, որով արգելվեց օտարերկրյա բուքմեյքերական կայքերի հասանելիությունը Հայաստանում։ Ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում․ մարդիկ շարունակում են խաղալ, պարզապես, արդեն միայն հայկական ընկերությունների հարթակներում,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ արձանագրելով,- Արգելքը ոչ թե պայքար էր, այլ տեղական որոշ ընկերությունների մոնոպոլ դիրք ապահովելու միջոց։ Ի՞նչ է շահում սովորական քաղաքացին այս ձևական պայքարից․ ոչի՛նչ։ Մարդիկ կախվածության մեջ են, խրված պարտքերի մեջ, իսկ մյուս կողմում մի քանի ընկերություններ են, որոնք հսկայական գումարներ են վաստակում։ Ավելին՝ այս ընկերությունների կողմից վճարվող հարկերն էլ պարզապես ծաղրանք են։ Օրինակ, 2024 թվականին նրանք վճարել են իրենց շրջանառության ընդամենը 0,39 տոկոսը հարկերի տեսքով, իսկ 2023 թվականին՝ շրջանառության 0,36 տոկոսը»։
Ըստ «Գիտակից Հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ նախագահի, երբ ոլորտի խոշոր խաղացողներն ունեն սերտ կապեր իշխանության հետ, ապա հարց է, թե պետության կողմից պայքարն ինչպես կարող է լինել իրական։
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լռենք․ սա միայն սոցիալական ու տնտեսական խնդիր չէ, սա մեր երկրի ազգային անվտանգության խնդիրն է։ Այն նույնքան լուրջ է, որքան թմրանյութերի ապօրինի շրջանառությունը ՀՀ-ում, որի շրջանակներում պետության կողմից նույնպես իրական պայքարի արդյունքները չեն նկատվում։ Սա մեկի կամ մյուսի հարցը չէ․ սա մեր երկրի, ընտանիքների, սերունդների ու ապագայի հարցն է»,- ամփոփեց Արթուր Միքայելյանը։