2018-ից սկսած՝ օնլայն խաղադրույքների ծավալը ՀՀ-ում աճել է 1800 տոկոսով. մեծ հարց է՝ իշխանությունը ցանկանո՞ւմ է լուծել այս խնդիրները. թմրամիջոցները հասել են նաև դպրոցներ. Արթուր Միքայելյան

Շահումով խաղերի ու հոգեներգործուն նյութերի տարածման վիճակագրությունը շարունակում է սպառնալիք մնալ Հայաստանի համար, ահազանգեր կան, որ այս երևույթներին սկսել են առնչվել անչափահասները և զինծառայողները։

Նորաստեղծ «Գիտակից Հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ն այս մտահոգիչ վիճակագրությունը փոխելու համար մեկնարկել է նախաձեռնություն-պայքար, որի մասին 168am-ը զրուցել է կենտրոնի նախագահ, հանրային գործիչ Արթուր Միքայելյանի հետ։

 – Պարո՛ն Միքայելյան, «Գիտակից Հասարակություն» ՀԿ-ն ահազանգում է օնլայն շահումով խաղերի տարածվածության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին։ Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այս ուղղությամբ։

Կարդացեք նաև

– Ցավոք, այս խնդիրները հասել են ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի։ Թմրամոլության մասով իրավիճակը դրամատիկ է։ Ըստ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տվյալների՝ մոտ 7612 մարդ ինքնակամ հաշվառվել է որպես թմրամիջոց օգտագործող և ստանում է համապատասխան բուժում, սակայն, ըստ ոլորտի չափման մեխանիզմների՝ թմրամիջոց օգտագործողների իրական թիվը կարող է հասնել 230.000-250.000-ի։ Սա խիստ մտահոգիչ է, հատկապես, երբ նկատի ունենանք, որ հիմնական մասը երիտասարդներ են։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018-2022թթ ընթացքում 18-25 տարեկանների շրջանում թմրամիջոցների օգտագործումը աճել է 108 տոկոսով։ Միայն 2021-2022թթ ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվն աճել է 47 տոկոսով։ Սա ուղղակի աղետ է։

Օնլայն խաղամոլության մասին խոսելիս՝ պատկերն էլ ավելի սուր է դառնում։ Պետությունը խաղատները դուրս բերեց մայրաքաղաքից, բայց հաջորդիվ թույլ տվեց, որ դրանք թափանցեն յուրաքանչյուրի տուն շուրջօրյա ռեժիմով՝ հավելվածների տեսքով։ ՊԵԿ-ի տվյալներով՝ միայն 2023թ Հայաստանում օնլայն շահումով խաղերի ընդհանուր խաղադրույքների չափը գերազանցել է 6.3 տրիլիոն դրամը, ինչը նշանակում է օրական մոտ 43000000 (43 միլիոն) ԱՄՆ դոլարի խաղադրույք։

5 տարվա ընթացքում՝ 2018-ից սկսած, օնլայն խաղադրույքների ծավալը Հայաստանում աճել է 1800 տոկոսով։ Նման կասկածելի աճը պետք է որ հրավիրի իրավապահների ուշադրությունը, բայց ոլորտը շարունակում է մնալ ստվերում։

– Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս խնդիրները հաղթահարելու համար, և ինչո՞ւ մինչ այժմ կիրառված մեխանիզմները բավարար չեն եղել։

Մեխանիզմներ շատ կան, բայց կա նաև մի մեծ հարց` արդյո՞ք ցանկանում է իշխանությունը լուծել այս խնդիրները։ Ես հակված եմ այս հարցին բացասական պատասխանել։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կարելի է հաղթահարել միայն քաղաքական կամքի առկայության դեպքում։ Ցավոք, այս պահին դա բացակայում է։ Իշխանության որոշ ներկայացուցիչների՝ թմրամիջոց օգտագործելու մասին վերջերս բացահայտված դեպքերը միայն խորացնում են կասկածները։

Թմրամիջոցների վաճառքն այսօր տեղափոխվել է թվային հարթակներ՝ Telegram, WhatsApp և այլ նմանատիպ հավելվածներ։ Ըստ որոշ ահազանգերի՝ թմրամիջոցները հասել են ուսումնական հաստատություններ և դպրոցներ։ Չեն հայտնաբերվում այդ հարթակներում թմրանյութեր վաճառողները, բայց, զարմանալիորեն, իշխանությանը քննադատողներին գտնում են րոպեների ընթացքում։ Այս մասով մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք առաջարկում ենք, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտադիր անցնեն թմրամիջոցների ախտորոշման թեստ՝ պաշտոնը ստանձնելուց առաջ, և պարբերաբար՝ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։ Սա անհրաժեշտ է հանրային վստահությունը վերականգնելու համար։

Ինչ վերաբերում է օնլայն խաղամոլությանը, ապա այստեղ նույնպես պետական կամքի դրսևորման պակաս կա։ Ասեմ ավելին՝ նկատելի են կոռուպցիոն ռիսկեր օրինակ, ոլորտում կա իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցող գործարար, ում ազդեցությունն օր օրի մեծանում է։ 2018-ից սկսած՝ նրա բուքմեյքերական ընկերությանը, ի թիվս այլ բաների՝ ավելացավ սպորտային հեռուստաընկերություն և բանկ՝ միահյուսելով իր բիզնես շահերը և ժողովրդին գցելով այդ անվերջ սպորտ-խաղադրույք-վարկ օղակի մեջ։ Սա մի համակարգ է, որը խրախուսում է խաղամոլությունը՝ վնաս հասցնելով հարյուր-հազարավոր ընտանիքների։

Մենք համոզված ենք՝ օնլայն շահումով խաղերը պետք է ամբողջությամբ արգելվեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հասանելիության բացակայությունը կստիպի մարդկանց կենտրոնանալ աշխատանքի և հայրենիքի խնդիրների լուծման վրա։

– Արդյոք աշխարհում կա՞ փորձ, որը կարող է կիրառվել Հայաստանում։

– Այո՛, միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է արդյունավետորեն կարգավորել այս ոլորտները։ Օրինակ, Նորվեգիայում օնլայն խաղամոլությունը լիովին արգելված է, և ոլորտը գտնվում է պետության վերահսկողության տակ։ Գերմանիայում սահմանված է ամսական խաղադրույքների սահմանաչափ, իսկ Ավստրալիայում առցանց խաղերի մեծ մասը պարզապես արգելված է։ Օրինակները շատ են, ուղղակի, «չգիտես» ինչու, մեզ մոտ ամեն ինչ թույլատրվում է։

Թմրամիջոցների մասով շատ արդյունավետ է «զրո հանդուրժողականության» մոտեցումը, որն իրականացվում է Շվեդիայում։ Նմանատիպ խիստ վերահսկողություն կա նաև Նիդեռլանդներում և Գերմանիայում, որտեղ, չնայած թմրամիջոցների օգտագործման օրինականացմանը, խստացվել են անօրիանական վաճառքի վերահսկողության մեխանիզմները։ Հայաստանում էլ կարելի է հասնել արդյունքի՝ համատեղելով իրավապահ մարմինների և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։

Թմրամիջոցների և օնլայն խաղամոլության դեմ պայքարն այսօր արդեն ոչ թե սոցիալական, այլ ազգային անվտանգության խնդիր է։ Մենք պետք է գործենք արագ ու վճռական, քանի դեռ այս խնդիրները չեն կործանել մեր հասարակությունն ու երկիրը։

Տեսանյութեր

Լրահոս