«Եթե ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն թիրախավորվում են Թուրքիայի կողմից, ուրեմն հայկական ազգային ուժեր են. առանց ՀՀԿ-ի իշխանափոխություն հնարավոր չէ». Վարուժան Գեղամյան
Այսօր հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներից հաճախ ենք լսում այն թեզը, թե ընդդիմադիր բոլոր ուժերը, շրջանակները պետք է միավորվեն ու միասնական ճակատով պայքարեն այս իշխանությունների դեմ, կասեցնեն երկրի կործանումը: Խոսքն արմատական ընդդիմության մասին է, քանի որ այս ընթացքում բազմաթիվ անհատներ, խմբավորումներ, որոնք աջակցել են 2018-ի «հեղափոխություն» կոչվածին՝ պայքարելով նախկին իշխանությունների դեմ, նպաստելով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, դիրքավորվել են՝ որպես ընդդիմադիր ուժեր, և միաժամանակ և՛ քննադատում են Փաշինյանին և իր վարչախմբին, և՛ պայքարում են արմատական ընդդիմության՝ նախկին իշխանությունների դեմ: Ինչպե՞ս է հնարավոր միավորվել և միասնական ճակատով հանդես գալ, երբ առանցքային ընդդիմադիր ուժին կամ ուժերին փորձում են գործընթացներից դուրս մղել, բացի այդ, ունեն բովանդակային խիստ տարբերություններ առանցքային հարցերի շուրջ:
Այս կապակցությամբ հարց ուղղեցինք նաև թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանին:
– Պարոն Գեղամյան, շատ-շատերն այսօր խոսում են ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման, միասնական պայքարի մասին՝ նշելով, որ դա է երկրում աղետը կանգնեցնելու, այս աղետաբեր իշխանությունների ընթացքը կասեցնելու միակ ճանապարհը: Դուք ի՞նչ կարծիքի եք: Ի դեպ, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ և նման կոչեր են հնչեցնում, և դրա հետ մեկտեղ՝ գործող իշխանություններին և իշխանամերձ շրջանակներին զուգահեռ, նույնկերպ թիրախավորում են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ):
– Հայաստանի անկախության ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, համահայկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր ազգային ուժերի մասնակցությունը: Ազգային ուժերի թվին ես դասում եմ այն անհատներին ու կազմակերպված միավորներին, որոնք ունեն շատ հստակ կարմիր գծեր Հայաստանի ու հայության հիմնախնդիրների, Արցախի հիմնահարցի առնչությամբ և պատրաստ են իրենց վրա վերցնել պատասխանատվություն։ Ինձ համար որպես թուրքագետի՝ շատ հեշտ է տարբերակել դրանց ևս մեկ՝ հավելյալ չափորոշիչով։
Գաղտնիք չէ, որ թշնամական Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն աշխատում են թուլացնելու Հայաստանի ու հայության դիմադրողականությունը։ Նրանց այդ գործունեության ընթացքում շատ հստակորեն թիրախավորվում են նաև ազգային ուժերը, քանի որ թշնամին շատ լավ հասկանում է, որ առանց ազգային կազմակերպված ուժերի՝ հայությունը դատապարտված է պարտության։ Ուստի, եթե հայկական քաղաքական ուժը կամ գործիչը ու նրա գործունեությունը մշտապես հետևողականորեն թիրախավորվում են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, ուրեմն գործ ունենք հայկական ազգային ուժի հետ։ Այս շարքում են Հայաստանի նախկին նախագահները, կառավարչական փորձ ունեցող այլ քաղաքական ու ռազմական գործիչներ, ինչպես նաև քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլն։
Այսօր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ծավալը, դրանց բովանդակությունը, ինչպես նաև առաջիկայում տարածաշրջանում տեղի ունենալիք մեծ փոփոխությունները, որոնք հղի են և՛ վտանգներով ու սպառնալիքներով, և՛ նոր հնարավորություններով, մեզ պարտադրում են, որ գործենք առկա սահմանափակ ռեսուրսների ամբողջական գերլարմամբ, և այդ գերլարումը ենթադրում է, որ բոլոր կարող, ազգային ուժերը, որոնք ունեն շատ հստակ սահմանված ազգային գծեր, այն է՝ Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության վերականգնման, ինչպես նաև Արցախի հարցի՝ միջազգային հարթակներ վերադարձ և լուծում, պետք է հանդես գան միասնական շատ հստակ օրակարգով և նպատակներով: Այլ բառերով ասած՝ մենք ունենք բոլոր այն ուժերի կարիքը, ովքեր մասնակցել են Հայաստանի կառուցմանն ու շենացմանը ու հասել հաջողությունների: Բոլոր այդ ուժերի միավորումը թույլ կտա Հայաստանում հաջողության հասնել:
Մի բան պարզ է՝ առանց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հնարավոր չէ անել իշխանափոխություն:
Իսկ Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունների կողմից վերջին տարիներին շահարկվող, մանիպուլացվող և կեղծիքներով լի, այսպես կոչված, «նախկիններ-ներկաներ» բաժանումը կեղծ կատեգորիա է և որևէ տեղ չունի մեր հասարակական-քաղաքական կյանքում: Հետևաբար, նաև դրան հավատալով՝ քաղաքական առաջնորդություն անելը կամ դրանով կողմնորոշվելը քաղաքականության մեջ սխալ կատեգորիա է: