Գարեգին Գաբրիելյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 22-ին
Օրեր առաջ 65 տարեկանում մահացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ առավել հայտնի «Գել» մականունով:
Գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 17։00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Գարեգին Գաբրիելյանը երկար տարիներ եղել է հայկական զինված և իրավապահ համակարգերի առանցքային դեմքերից մեկը՝ անցնելով զինվորական ծառայության տարբեր փուլերով ու ղեկավարելով մի շարք կարևոր ստորաբաժանումներ։
1979–1983 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1989 թվականին Սարատովում անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։
1983–1988 թվականներին ծառայել է Գերմանիայում՝ նախ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ 1988 թվականին վերադարձել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ, այնուհետև տարբեր պաշտոններ զբաղեցրել ռազմական կոմիսարիատներում։
1992–1994 թվականներին ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի պարետատանը՝ որպես պարետ։ Հետագայում անցել է ծառայության ներքին զորքերում և պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում՝ զբաղեցնելով հրամանատարական բարձր պաշտոններ։
2008 թվականի հուլիսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2012 թվականը։
2014 թվականի նոյեմբերի 28-ին նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ։
Գարեգին Գաբրիելյանի անունը երկար տարիներ կապվել է Հայաստանի ռազմական և ուժային կառույցների հետ, իսկ նրա ծառայողական ուղին ընդգրկել է ինչպես բանակը, այնպես էլ ներքին զորքերն ու ոստիկանության համակարգը։
168.am-ը ցավակցում է Գարեգին Գաբրիելյանի հարազատների, ընկերներին և մտերիմներին:



