Բաժիններ՝

Օդային տագնապ Լիտվայում. ԱԹՍ-ի պատճառով երկիրը մի քանի ժամ փակել է օդային տարածքը

Լիտվան երկրի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքի պատճառով «օդային վտանգի» մասին նախազգուշացում է հրապարակել՝ կոչ անելով մարդկանց տեղափոխվել ապաստարաններ։ Մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանում երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Սա Բալթյան տարածաշրջանի երկրներում դրոնի մասնակցությամբ հերթական միջադեպն է վերջին օրերի ընթացքում։

Մայրաքաղաքի մերձակայքում դադարեցվել է գնացքների երթևեկը, իսկ դպրոցներին և մանկապարտեզներին հրահանգվել է երեխաներին տեղափոխել ապաստարաններ։

Տագնապի ազդանշանը պահպանվել է մի քանի ժամ, ինչից հետո թռիչքներն ու գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Այդուհանդերձ, երկրի մի շարք հատվածներում օդային նախազգուշացումները կրկնվել են։

Նախազգուշացում է հնչեցվել նաև Վիլնյուսում խորհրդարանի շենքում, որտեղ այդ պահին եղել են օրենսդիրներն ու կառավարության անդամները։

Ստորգետնյա ապաստարանից Reuters-ի հետ զրույցում պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտնել է, որ ռազմական ինքնաթիռները փորձում են չեզոքացնել սպառնալիքը։ «ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելությունն ակտիվացել է և թիրախավորում է Լիտվայի օդային տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքը», – ասել է Կաունասը։

Մեկ օր առաջ՝ մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի կործանիչն Էստոնիայի օդում խոցել էր կասկածելի ուկրաինական անօդաչու թռչող սարքը։

Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի վրա հեռահար անօդաչու թռչող սարքերի հարձակումները, այդ թվում՝ Բալթիկ ծովի շրջակայքում։ Մարտից ի վեր մի քանի ուկրաինական ռազմական անօդաչու թռչող սարքեր են մտել ՆԱՏՕ-ի անդամներ և Ռուսաստանի հետ սահման ունեցող Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածք։

Լատվիայի կառավարությունն անցյալ շաբաթ հրաժարական ներկայացրեց դրոնային ներխուժումների հետ կապված իր գործողությունների պատճառով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 20-ին հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը ուշադիր հետևում են Բալթյան երկրների օդային տարածքով թռչող անօդաչու թռչող սարքերի հետ կապված իրավիճակին և մշակում են համապատասխան արձագանք։

Բալթյան երկրները, որոնք ամեն կերպ սատարում են Ուկրաինային, անօդաչու թռչող սարքերի միջադեպերի համար մեղադրել են Մոսկվային՝ ասելով, որ Կիևն իրավունք ունի հարվածել ռուսական ռազմական թիրախներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031