Մոսկվայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը՝ ԱԹՍ-ների հարձակման պատճառով
«Գազպրոմ նեֆտ»-ի Մոսկվայի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ) մայիսի 17-ին ամբողջությամբ դադարեցրել է վերամշակումը՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման պատճառով։ Այս մասին «Reuters»-ին հայտնել են ոլորտի երկու աղբյուրներ։
Նրանց տվյալներով՝ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով սարքավորումները չեն տուժել, սակայն գործարանը դադարեցրել է վերամշակումը՝ բացասական հետևանքների վտանգը նվազեցնելու համար, և այժմ ՆՎԳ-ի աշխատանքը վերականգնելու համար կպահանջվի մի քանի օր։
«Սպասվում է, որ դրանք կգործարկվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։ Սահմանված կարգով իրականացվում է բոլոր կայանքների փուլային թողարկումը, որից հետո արտադրությունը կանցնի բնականոն հունի և կապահովվի արտադրանքի անհրաժեշտ որակը»,- նշել է աղբյուրը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կիրակի՝ մայիսի 17-ին, հայտնել էր Մոսկվայի ՆՎԳ-ի շրջանում ԱԹՍ-ի անկման մասին։
«Անօդաչուների հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, տասներկու մարդ է վիրավորվել։ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի (ՄՆՎԳ) անցակետի մոտ հիմնականում տուժել է շինարարների հերթափոխը։ Գործարանի տեխնոլոգիական ընթացքը չի խաթարվել»,— գրել էր Սոբյանինը։
Մոսկվայի ՆՎԳ-ի անվանական հզորությունը կազմում է տարեկան մոտ 14 միլիոն տոննա նավթ։ 2024 թվականին, «Reuters»-ի աղբյուրների տվյալներով, գործարանը վերամշակել է 11,6 միլիոն տոննա նավթ և արտադրել 2,9 միլիոն տոննա ավտոբենզին, 3,2 միլիոն տոննա դիզելային վառելիք, 2 միլիոն տոննա մազութ և 1,3 միլիոն տոննա գուդրոն։ Մոսկվայի ՆՎԳ-ն դարձել է ռուսական ութերորդ նավթագործարանը, որը գարնան սկզբից ի վեր դադարեցրել է արտադրությունը։ Ավելի վաղ՝ մայիսին, նավթի վերամշակումը դադարեցրել էին «Լուկօյլ»-ի «Պերմնեֆտեօրգսինտեզ»-ը և «Սուրգուտնեֆտեգազ»-ի «Կիրիշինեֆտեօրգսինտեզ»-ը։ Ապրիլին ԱԹՍ-ների պատճառով կանգնել էին Սիզրանի, Նովոկույբիշևսկի, Տուապսեի և Սարատովի ՆՎԳ-ները, ինչպես նաև «Լուկօյլ»-ի «Նիժեգորոդնեֆտեօրգսինտեզ»-ը։



