Փաշինյանը մեկ քայլով մոտեցրեց Ալիևի լավագույն սցենարի կատարումը. Արթուր Մարտիրոսյան

Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում այսօր արտահերթ նիստ էր հրավիրվել. նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ Եվրամիության անդամակցության մեկնարկի վերաբերյալ «Եվրաքվեի» նախագիծը։

Թեև Ազգային ժողովի փորձագիտական վարչությունը նախագիծը խնդրահարույց է համարել՝ իրավական որոշակիության և վերպետական միջազգային կազմակերպությունների անդամակցելու օրենսդրության սահմանված ընթակարգերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից, սակայն ԱԺ այս հանձնաժողովում «Եվրաքվեի» նախագիծն արժանացավ դրական եզրակացության և ԱԺ խորհրդի հաստատումից հետո կընդգրկվի հաջորդ քառօրյայի օրակարգ:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից որոշ պատգամավորներ մասնակցում էին նախագծի քննարկմանը, սակայն չմասնակցեցին նախագծի քվեարկությանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չմասնակցեց և՛ նախագծի քննարկմանը, և՛ քվեարկությանը։

Նշենք, որ դեռ այս նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չէր հասել, Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն արդեն շտապել էր Դավոսում հայտարարել՝ ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովը կընդունի «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը սկսում է Եվրամիությանն ավելի ու ավելի մերձենալու գործընթացը։

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը բլեֆ որակեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով.

«Բանակցային լեզվով ասած՝ սա այլնտրանքային խաղի շարունակություն է. մի խաղացողի հետ քեզ մոտ որևէ բան չի ստացվում, փորձում ես մյուս խաղացողի հետ ինչ-որ բանի հասնել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ այդ այլընտրանքային խաղն ի սկզբանե բլեֆ է, որի մասին գիտեն երկու կողմերը։ Այո՛, Հայաստանը ներկայացնողը բլեֆ է անում, բայց դա վնասում է պետությանը, որովհետև վնասվում է Հայաստանի հանդեպ կողմերի վստահությունը»։

Նա ընդգծեց՝ Հայաստանի այս իշխանությունը ցանկանում է Եվրամիություն մտնելու գործընթաց սկսել այն դեպքում, երբ նույն Եվրամիությունը վարում է միությունը չընդլայնելու և նոր անդամներով այն չհամալրելու քաղաքականություն։

«Այն, ինչ անում է այս իշխանությունը՝ շատ լավ տեղավորվում է Ալիևի պլանի մեջ. Ալիևն ասում է, որ Հայաստանն անվստահելի է, որ Արևմուտքի պրոքսին է, որ Ադրբեջանն է վստահելի գործընկեր Ռուսաստանի համար։ Ալիևը հող է նախապատրաստում, որ 2020 թվականի նման ինքը կարողանա ռազմական լուծման պարագայում պատերազմը մարսի։ Դրա համար Ալիևին պետք է, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանան, Եվրոպան չկարողանա խառնվի՝ նավթի և գազի հետ կապված շահերով պայմանավորված, իսկ ԱՄՆ-ի հետ ինքը կպայմանավորվի։ Այս իշխանությունը հիմա սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի հետ վստահության մակարդակն է անկում ապրում, և այս իշխանությունը մեկ քայլով մոտեցնում է Ալիևի լավագույն սցենարի կատարումը»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Բանակցային գործի մասնագետի համոզամբ՝ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն ուղիղ և ամենակարճ ճանապարհն է դեպի պատերազմ։

«Փաշինյան, դու կարող ես բերել պատերազմ մեր գլխին այնպես, ինչպես 2020 թվականին բերեցիր։ Փաշինյանն է արագացրել այդ պատերազմը՝ իր ապիկար դիվանագիտությամբ, որովհետև դարձյալ հույսը դրել էր այլընտրանքների վրա և իրեն դրել գժի տեղ»,- խոսքը եզրափակեց Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս