«Աստված գիտի, թե էլ ինչեր են տեղի ունեցել. հայերի կողքին փաստաբաններ կա՞ն նստած՝ չկա՛ն, ուրեմն՝ դատավարությունը լեգիտիմ չէ». Արա Ղազարյան
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով դատական գործընթացը, որը մեկնարկել է հունվարի 17-ից։
Արցախի նախկին երեք նախագահներին, ՊԲ նախկին հրամանատարին, նախկին պետնախարարին, նախկին արտգործնախարարին, ՊՆ նախկին հրամանատարի տեղակալին և ևս մի քանի հոգու Ադրբեջանը մեղադրում է ահաբեկչության մեջ։ Մինչև այս դատավարության մեկնարկը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուղերձ էր հղել, որտեղ նշել էր, որ որևէ ցուցմունք չի տվել, ավելին՝ իրեն և փաստաբանին գործը տվել են միայն ադրբեջաներենով, որը չեն հասկանում։ Նա նաև պահանջել էր դատավարությունն անել բաց ու թափանցիկ՝ միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ։
Մի շարք միջազգային կազմակերպություններ արդեն արձանագրել են, որ Բաքվում ընթացող դատավարությունը դեմ է մարդու տարրական իրավունքներին, ուստի պատանդառված անձինք ենթակա են անհապաղ ազատ արձակման։
Վերջերս էլ տեղեկություններ հայտնվեցին, որ պատանդների փաստաբանները միջնորդել են, որպեսզի նրանց խափանման միջոցը փոխվի տնային կալանքով, թե սա ինչ է նշանակում, հայ հանրությունն այդքան էլ լավ չի հասկանում։
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով դատական գործընթացի մասին, նախ անդրադարձավ փաստաբանների միջնորդությանը՝ շեշտելով, որ տնային կալանքը ենթադրում է, որ անձը պետք է լինի միայն իր բնակարանում և չի կարող դուրս գալ, նաև գտնվելու է էլեկտրոնային հսկողության տակ։
«Չգիտեմ՝ այս ամենն Ադրբեջանում ինչպես է, բայց սովորաբար թևնոց են հագցնում մարդու թևին կամ ոտքին, որպեսզի հսկողություն սահմանեն։ Համապատասխան մարմինները վերահսկում են, եթե ազդանշանը ցույց է տալիս, որ նա լքել է բնակարանը, արդեն սանկցիա են կիրառում. կալանքը կարող են վերականգնել՝ համարելով փախուստի փորձ։ Տնային կալանքը ևս համարվում է ազատազրկում հավասարապես քրեակատարողական հիմնարկում կալանքի հետ։ Այս առումով, երբ ասում են՝ տնային կալանքն այլ է, քանի որ հարմարավետ է, միջազգային ատյանները չեն ընդունում, ասում են՝ միևնույն է՝ տնային կալանքն ազատազրկում է։
Եթե Բաքվի դատարանը բավարարի տնային կալանքի միջնորդությունը, պետք է ինչ-որ բնակարան հատկացնեն պատանդներին, և նրանք գտնվեն տնային կալանքի տակ։ Բայց այս ամենը քիչ հավանական է Ադրբեջանի դեպքում, եթե նույնիսկ ֆանտաստիկ որոշում կայացվի, որ դա այդպես է, իրականում նրանք կրկին գտնվելու են ազատությունից զրկված կարգավիճակում։ Լավ իմանալով Ադրբեջանի դատավարության ձեռագիրը՝ սա զուտ իմիտացիա է, որպեսզի մեղմեն ու լեգիտիմություն հաղորդեն ընդհանուր առմամբ գործընթացին»,- նշեց Արա Ղազարյանը։
Միջազգային իրավունքի մասնագետը վստահ է, որ այս ամենը փաստաբանները համաձայնեցրել են Ադրբեջանի դատախազության, դատարանի, իշխանությունների հետ։ Նույնիսկ տնային կալանքի միջնորդություն բերելու հարցն են համաձայնեցրել, Ադրբեջանում փաստաբանները չեն կարող անկախ ու ինքնուրույն քայլ անել։
Արա Ղազայանը մատնանշեց մի շարք հանգամանքներ, ըստ որի՝ բոլորը պետք է նայեն ու հասկանան, այդ դատավարությունը լեգիտիմության որևէ նշույլ ունի՞, թե՞ ոչ։
«Առաջին հերթին դուք նայեք, տեսեք՝ հայերի կողքին փաստաբաններ կա՞ն նստած, եթե չկա փաստաբան, ուրեմն՝ վե՛րջ, այդ դատավարությունը լեգիտիմ չէ։ Փաստաբանը պետք է նստի հենց մեղադրյալի կողքին, այլ ոչ թե ապակուց այն կողմ, որպեսզի մեղադրյալը ցանկացած պահի խորհրդակցի փաստաբանի հետ։ Ընդ որում, նրա հետ այնպես պետք է շփվի ու խորհրդակցի, որպեսզի ոչ ոք չլսի, փաստաթղթեր փոխանցի և այնպես, որպեսզի որևէ մեկը չիմանա, թե դա ինչ փաստաթուղթ է։
Մեր հայրենակիցները նույնիսկ նվազագույն պիտույքներ չունեն իրենց մոտ, որպեսզի նշումներ կատարեն, որևէ մեկի մոտ թուղթ ու գրիչ տեսե՞լ եք։ Այդ հիմքով ՄԻԵԴ-ը բազմիցս վճիռներ է կատարել, ինքս Ուկրաինայում եմ նման գործ շահել։ Ելնելով այն հանգամանքից, որ մեղադրյալի կողքին չես տեսնում նստած փաստաբան, իսկ մենք որևէ մեկս չենք տեսել, նույնիսկ Ադրբեջանն իմիտացիա չի անում, հետևաբար՝ դատական գործընթացն ամբողջությամբ լեգիտիմ չէ։ Եթե այդ մարդիկ դիմեն Եվրոպական դատարան, միանշանակ կշահեն գործը։ Ինքս դեռ միայն այս հիմքով եմ ասում, մյուս հանգամանքների մասին դեռ չեմ խոսում»,- հավելեց Արա Ղազարյանը։
Այս համատեքստում միջազգային իրավունքի մասնագետը նաև ընդգծեց՝ եթե չեն տեսնում հայերի կողքին նստած փաստաբանների, չեն հարգվում նրանց հիմնարար իրավունքները, ուստի հույս չկա, որ դատավարությունն այն աստիճան օբյեկտիվ կլինի, որ արդարադատություն կիրականացվի, և նրանք կարդարացվեն։
«Նույնիսկ, եթե ապագայում նման բան լինի, դա էլ է լինելու իմիտացիոն գործընթաց, որովհետև դատավարության արդարությունը որոշվում է նման բաղադրատարրերով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Ռուբեն Վարդանյանն արդեն հայտարարություն է տարածել, որ քրեական գործի նյութերին ծանոթ չէ։ Տրամադրված նյութերի մի մասն էլ ադրբեջաներեն է։ Սա դեռ տեղեկատվության այն պատառիկներն է, որը մենք ստանում ենք, Աստված գիտի, թե այնտեղ էլ ինչեր են տեղի ունեցել։
Հիշե՛ք Լապշինի խոսքերը, ով Հայաստանում պատմում էր, թե Ադրբեջանում ինչպես էին նախաքննություն իրականացնում։ Ասում էր՝ դեմս նստած էր քննչականի ղեկավարը կամ բարձրաստիճան դատախազը, ասում էին՝ «լսիր, մենք քեզ հետ ոչ մի խնդիր չունենք, միայն ասա, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ, դրանից հետո մենք քեզ բաց կթողնենք»։ Այսինքն՝ քրեական գործը՝ մի տեղ, այդ արտահայտությունը՝ մի տեղ, ստացվում է, որ քրեական գործ չկա։ Լապշինի օրինակով մենք կարող ենք հասկանալ, թե ինչ իմիտացիա է տեղի ունենում»,- ամփոփեց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, մեկ տարուց ավելի է՝ գտնվում է ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխել են Բաքու, բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ առաջադրել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։