«Տղամարդկությունից» խոսելու Նիկոլ Փաշինյանի բարոյական իրավունքը

Անվտանգային հարցեր քննարկելու համար ռազմական գործից որոշակի հմտություններ պետք է ունենա անձը կամ առնվազն տարրական գիտելիքներ, դեռ չեմ ասում, որ երկրի ղեկավարի դեպքում դրանք պարտադիր պայման են:

Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը, ով չի ծառայել բանակում և երկրի ղեկավարի աթոռը գրավելուց հետո էլ ռազմական տարրական նրբություններին և տերմինոլոգիային չի տիրապետում՝ ո՞րն է գերագույն հրամանատարի գործառույթը, ինչ ասել է զենք, ինչը՝ զինամթերք, ունակ չէ հասկանալու հրամանատարների մասնագիտական հրամանների և ԶՈՒ զարգացման պլանի բովանդակությունը, ուստի վերջինը հաստատել է նաև առանց կարդալու՝ «ՍՌՏ չգիտեմ որերորդ ծրագրի որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բան, կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած»:

Եվ հիմա վարչապետի աթոռին նստած այս անձը և նրա կինը (վերջինն ընդամենը ժամանակին ռազմական համազգեստով ֆոտոսեսիաներ է արել, կրակային ինչ-որ պատրաստության մասնակցել և նկարվել, 2020 թվականի պատերազմի ավարտին կանանց ջոկատ ստեղծել, որը Արցախ չի էլ հասել, ու վերջերս երևի մի քանի էջ էլ իրենց սիրելի Արծրուն Հովհաննիսյանի գրքերից թերթել.- Մ.Պ.) որոշել են, որ անվտանգության, անվտանգային համակարգի հետ կապված քննարկում կարելի է ծավալել «սուրճի սեղանի» շուրջ և մի հատ էլ գնահատականներ հնչեցնել, որ մինչև 2018 թվականի հեղափոխությունը եղած անվտանգային համակարգը չի վերացրել անվտանգային սպառնալիքները, քանի որ «անընդհատ ուրիշ ուժ բերել ենք մեզ սպառնացող ուրիշ ուժի դեմը առնելու համար», և, որ «անվտանգության այն մոդելը, որը մենք ունեցել ենք, պատճառ է դարձել պետականության կորստի»:

Եվ ոչինչ, որ նախքան Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանների անվտանգությունը միայն ՀՀ ԶՈՒ-ն էր պաշտպանում, և Հայաստան չեն հրավիրվել ռուս խաղաղապահներ ըստ պահի նպատակահարմարության, և ոչ ԵՄ դիտորդներ, ոչ էլ ՀԱՊԿ-ին ենք խնդրել, որ կանխի ադրբեջանական դիվերսիոն հարձակումները, բայց կարողացել ենք պահել երկու հայկական պետություն, ՀՀ ինքնիշխան տարածքից կիլոմետրեր չեն օկուպացվել, ավելին, հայկական զինված ուժերը տարբեր ուղղություններով կարողացել են դիրքային բարելավումներ ունենալ:

Կարդացեք նաև

Իհարկե, եղել են բացթողումներ պաշտպանական համակարգում, չարված բաներ, բայց, լավ կամ վատ, այն կարողացել է անվտանգություն ապահովել, և պատերազմը տանուլ տված, առանց կրակոցի թշնամուն տարածքներ զիջած երկրի ղեկավարը չէ, որ պետք է գնահատականներ հնչեցնի, երբ ինքը ոչ միայն չի բարձրացրել եղած համակարգի արդյունավետությունն ու բանակի պաշտպանունակությունը, այլ տանուլ է տվել եղածը: Եվ այսօր Նիկոլ Փաշինյանի պատկերացրած անվտանգային մոդելում բանակը ետին տեղում է՝ որպես անվտանգություն ապահովող, բայց սրան զուգահեռ՝ չունենք պետական շահերն արտաքին քաղաքական հարթությունում առաջ տանող քաղաքական ղեկավար:

Այս թեմային դեռ այլ առիթով կանդրադառնանք: Հիմա մի փոքր շեղվենք թեմայից և նշենք, որ ՀՀ զինված ուժերի դերը ստորադասող Նիկոլ Փաշինյանը, որն ինքը և իր թիմից շատերը չեն ծառայել բանակում, կառավարության վերջին նիստին դարձյալ դժգոհել է, թե հայ տղաները չեն ցանկանում բանակ գնալ: Սա դեռ մի կողմ: Նիկոլ Փաշինյանը դժգոհել է հայ իրականությունում տղաներին դաստիարակելու մեթոդներից, որ հայ մայրերը «գդալով կերակրում են» (եթե անգամ ինչ-որ ճշմարտություն էլ կա, ապա Փաշինյանի դեպքում բարդույթն ու գուցե նման վերաբերմունքի պակասն է խոսում), ինչն աղջիկների դեպքում չի արվում, և նրանք ավելի ինքնուրույն են մեծանում:

«Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները, բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական, ստեղծարար աշխատանքի մեջ: Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի, եթե աշխատուժ ձևակերպենք՝ որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ դա կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում: Տղաների հանդեպ չափից դուրս հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում: Սա մեր մեջ խորը դեգրադացիաներ, պրոբլեմներ է առաջացրել: Մենք այս պրոբլեմը պետք է որևէ ձևով լուծենք: Մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց ամբողջ հետագա կյանքը»,- նշել է նա կառավարության վերջին նիստի ժամանակ:

Այո, աղջիկներն ու կանայք այսօր գնալով մրցունակ են դառնում, բայց մի՞թե սա առիթ է նսեմացնելու տղամարդկանց և տղաների դերը, և այն էլ՝ 44-օրյա պատերազմից հետո: Ի՞նչ է փորձում Նիկոլ Փաշինյանը սերմանել իգական սեռի ներկայացուցիչների շրջանում, որ այսօրվա հայ տղան, տղամարդն ի վիճակի չէ իր անվտանգությունն ապահովե՞լ:

Փաշինյանը բողոքում է տղամարդկանց և տղաների շրջանում «տղամարդկության» բացակայությունից, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո ամեն առիթի հրապարակային նսեմացրել է հայ գեներալի, հայ սպայի, հայ զինվորի, հայ տղամարդու պատիվը: Եվ ինչպես Փաշինյանի բոլոր պայքարները, այսօր հանուն կանանց թվացյալ պայքարն իրականում ոչ թե հանունի է, այլ ընդդեմ ուժեղ տղամարդու: Ծիծաղելի է, երբ «տղամարդկությունից» խոսում է մի մարդ, ով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրել է ոչ թե դեպքի վայրում, այլ հեռավար:

Չմոռանանք նաև, որ իր վերը նշված դասերով Փաշինյանը վիրավորում է ոչ միայն պատերազմի արդյունքում հաշմանդամություն ունեցող տղաներին, որոնք ինչ-ինչ հարցերում կարող են զիջել աղջիկներին, այլև սեփական որդուն, ով զոհվածի մոր հետ խնդիր էր ունեցել և նրա հետ առանձնազրույցից խուսափել, թեև ծառայել է բանակում, 44-օրյային կամավորագրվել: Այլ հարց է, որ ծառայության ժամանակ Աշոտ Փաշինյանը, ըստ էության, դիրք չի պահել, իսկ պատերազմի ժամանակ, թեև հայտնի է, որ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում է եղել, բայց հայտնի չէ՝ ե՞րբ, որքա՞ն ժամանակով և կոնկրետ ո՞ր գործողությունների ժամանակ:

Իսկ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը, թերևս, փորձում է հանրության վրա տարածել իրենց տան «դրվածքը», որտեղ առաջինն անցնում է աղջիկների խոսքը, իսկ տղայի կարծիքը շատ դեպքերում չեն էլ հարցնում այս կամ այն դեպքում: Այս մասին Փաշինյանն ինքն է հրապարակային խոսել: Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ Փաշինյանի կարծիքը, երբ իր ոստիկաններն աղջիկ ցուցարարների էին քաշքշում…

Տեսանյութեր

Լրահոս