Կարդացի ու կարծես Ռուբեն Վարդանյանի ձայնը լսեցի… Նիկոլն ամեն ինչ կանի, որ Արցախի վերնախավը չազատվի Բաքվի բանտից. Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ եթե ՀՀ իշխանությունների մոտ կամք չկա Բաքվում պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջ ներկայացնել, ապա հասարակությունը չի կարող շրջանցել իշխանություններին և փորձել այդ հարցերը կարգավորել միջազգային կառույցների հետ:
«Երբ երեկ կարդացի Ռուբեն Վարդանյանի ուղերձը, ինձ թվում էր՝ լսում եմ նրա ձայնը, որովհետև մարդ ինչպիսին կա, այդպիսին իր խոսքն է, ոչ մի կեղծ, ձևական բան չկա:
Իրականում, նա այդ տեսակն է, ու մեր մնացած պատանդառված ռազմաքաղաքական վերնախավը ևս նմանատիպ է: Վարդանյանի գրածն ապացույց էր, որ ուժեղ կամքով, արժանապատիվմարդիկ, նույնիսկ այդ նեղ պայմաններում գտնվելով՝ երբեք սեփական հայրենիքի և ժողովրդի շահի դեմ չեն գնա: Ռուբեն Վարդանյանը, այդ կարճ ժամանակահատվածը, որ Արցախում էր, նրա յուրաքանչյուր երկրորդ նախադասությունն արժանապատվություն բառով էր սկսվում: Մարդ, ով ապրել է միշտ արժանապատիվ և նույնիսկ ծանր պայմաններում գտնվելով՝ չի կորցնում իր արժանապատվությունը: Սա նշանակում է մի բան, որ իրենք կարիք ունեն, որ մենք այստեղ ուժեղ լինենք և չտրվենք այն կեղծ սադրանքներին կամ հայտարարություններին, որոնք գալիս են Ադրբեջանից և, ինչո՞ւ ոչ՝ ՀՀ իշխանություններից»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ռուբեն Վարդանյանն իր ուղերձում պաշտոնապես հայտարարել էր.
«Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են:
Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարությունները՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ, վկայում են այն մասին, որ այդ մարդկանցից իրենց իշխանությանը վտանգ են զգում:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ նրանք այնպիսի ինֆորմացիայի են տիրապետում, որից վախենո՞ւմ են ՀՀ գործող իշխանությունները, նա պատասխանեց.
«Միանշանակ: Ի վերջո, այնտեղ մարդիկ կան, որոնք աշխատել են այս իշխանությունների հետ, եղել է համագործակցություն, որովհետև նրանք Արցախում աշխատել են այս իշխանությունների օրոք, և հնարավոր չէ՝ չլիներ համագործակցություն կամ ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ: Նույնիսկ, եթե դրանք կոմպրոմատներ չեն, ամեն դեպքում այն հայտարարությունները, ճշմարտության այն խեղաթյուրումը, որ մեզ ներկայացնում են այս իշխանությունները, ռազմաքաղաքական ղեկավարության մի մասը, ովքեր այսօր պատանդի կարգավիճակում են, կարող էին ասել իրականությունը, և շատ բաներ բացահայտված կլիներ: Դրա համար, այս իշխանություններն առաջինն են շահագրգռված, որ վերնախավը հնարավորություն չունենա ազատվելու Բաքվի բանտերից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում