ԱՄՆ-ը խնդիր ունի ՆԱՏՕ-ի զորք տեղակայել. Փաշինյանը բացել է Սյունիքի դարպասները. եթե Իրանը վտանգ տեսնի, կարող է հարվածել թե՛ տարածքին, թե՛ իշխանություններին. Հայկ Նահապետյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգային հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Եվրամիությունը Հայաստանին չի սպասում։ Ավելին, դա ցանկությամբ կամ մեկ հայտարարությամբ չի լինում։ Պատահական չէ, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ արտահայտվեցին այդ հարցի կապակցությամբ։ Օրինակ՝ Դմիտրի Պեսկովն ու Մեդվեդևը հայտարարեցին, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ապա այդ դեպքում բոլոր այն արտոնությունները, որը Հայաստանն ունի ԵԱՏՄ կազմում լինելով, կչեղարկվեն։ Երկիրը չի կարող գտնվել մաքսային երկու գոտիներում՝ և ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում։

Կարդացեք նաև

• Եվրամիության դամբանականն արդեն կարդացվել է։ Նոր աշխարհում Եվրամիություն՝ որպես այդպիսին, չի լինելու։ Դա գլոբալիստների պրոյեկտն էր։

• Իմ գնահատմամբ՝ երեկ ստորագրված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության փաստաթուղթը լուրջ պայմանագիր չէ, ընդամենը հանձնաժողովի կանոնադրության պես մի փաստաթուղթ էր։ ԱՄՆ-ը պարզապես վերաճշտում է իր հարաբերությունները Հայաաստանի հետ։

• ԱՄՆ Պետդեպում Հայաստան բաժին գոյություն չունի, որ մի հատ էլ ռազմավարական փաստաթուղթ կնքեն։ ԱՄՆ-ին Հայաստանը հետաքրքիր է Ռուսաստանի կամ Իրանի հետ, ոչ միայնակ։

• Պարզ չէ՝ Ուկրաինան՝ որպես պետություն, կմնա՞, թե՞ չէ… Ավերակ երկիր է դարձել, հազարավոր զոհեր և Ռուսաստանի դեմ ատելությամբ լցված մի ողջ սերունդ…Ուկրաինան էլ էր նման ռազմավարական փաստաթուղթ կնքել ԱՄՆ-ի հետ։ Վրաստանն էլ էր կնքել, ի՞նչ ստացավ, միայն կորցրեց Օսիան ու Աբխազիան։ Տեսնում եք՝ ինչ ստացավ Ուկրաինան…

• Մեզ համար կարևոր նշանակություն պետք է ունենա Իրան-Ռուսաստան՝ օրերս կնքվելիք պայմանագիրը, որը կնքվում է 20 տարով։ Միևնույն ժամանակ հիշենք Ալիևի հայտարարությունը Հայաստանի՝ ֆաշիստական պետություն լինելու ու նրա դաշնակիցների մասին։ Պարզ է, որ նա առաջին հերթին նկատի ուներ Ռուսաստանը։ Ըստ էության Ռուսաստանին նույնպես համարեց ֆաշիստական պետություն։ Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական ինքնաթիռի՝ ռուսական տարածքում կործանվելուց հետո, առանց սպասելու սև արկղերի վերծանումներին, Ալիևը սկսեց կոշտ հայտարարություններով հանդես գալ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Որպես դրա հետևանք՝ Ռուսաստանը կրճատեց Ռուսաստանում ադրբեջանցիների՝ առանց վիզայի գտնվելու ժամկետը՝ 180-ից դարձնելով 90 օր։ Սա կեցվածք էր։

• Ինչո՞ւ է կարևոր Զանգեզուրի միջանցքը… Երբ Իրանին հարվածեն, բնական է, դա անելու են օդուժով։ Եվ եթե Զանգեզուրի միջանցքը վերցնեն, օդում կործանիչները լիցքավորելու կարիք չի լինի։ Բացի դրանից, այդ դեպքում 1 միլիոնից ավելի զինուժ պետք է շրջապատի Իրանին։ Էդ ո՞ր երկրներից են գալու Իրանը շրջապատեն։ Ցամաքային զորք, տեխնիկա պետք է անցնեն Հայաստանով։ Ամենակարևոր երկիրը, որն առավել մոտիվացված է, և որտեղից ռազմական գործողություններ կսկսվեն Իրանի նկատմամբ՝ Ադրբեջանն է, որովհետև եթե Իրանը մասնատվի, կկազմավորվի մեծ Ադրբեջան։ Ահա թե ինչու է կարևոր Զանգեզուրի միջանցքը։

• Փաշինյանը Միջանցքը չի բացում ամերիկյան պետպատվերի շրջանակում, որովհետև եթե բացվի, ու լինի Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված ռուսական հսկողություն Միջանցքի վրա, պարզ է, որ Սիրիայից, Լիբիայից, Թուրքիայից եկած ու Իրան ներխուժելու պատրաստ զորքը չէր կարող անցնել Հայաստանի տարածքով։ Դրա համար չի բացում Միջանցքը, որ ռուսական հսկողություն չլինի՝դրանով իսկ Ալիևին առիթ տալով հայտարարել, որ ուժով են վերցնելու Զանգեզուրի միջանցքը։

• Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր երկիր պետք է կողմնորոշվի՝ Իրանի դեմ պատերազմում ինչ դիրքորոշում պետք է ունենա։ Փաշինյանը ևս կողմնորոշվել է, և վստահաբար նա ու իր ողջ խմբակը Հայաստանի ողջ ռեսուրսը կտրամադրեն Իրանի դեմ պատերազմի համար։

• Իրանը լավ զինված է, բալիստիկ ու հեռահար հիպերձայնային հրթիռներ ունի։ Իրանը Իրաք չէ։ Իրան ներխուժելու և այնտեղ ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու համար 1 միլիոն զորք է պետք, իսկ դրա համար կպահանջվի 5-6 ամիս։ Բլինքենը երեկ հայտարարեց՝ «Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու»: Նրա ասած այդ հանձնախումբը դրա համարէ գալիս Հայաստան, որ արագացնի այդ աշխատանքները։ Փաշինյանը բացել է Սյունիքի դարպասներն առաջին հերթին ռազմական առումով։ Պատահական չէ, որ ռուսական զորակազմը նա հանեց Սյունիքից։ Իսկ այդտեղ կարևորը ոչ թե ռուսական զորքի քանակն էր, այլ այնտեղ դրված ռուսական դրոշը։

• Ռուսաստանին ռազմաբազաներ պետք չեն։ Եթե Ռուսաստանին պետք լինի որևէ երկրի հարվածել, կօգտագործի իր հիպերձայնային արագության հրթիռները, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի ցանկացած կետի հարվածներ հասցնել, ընդ որում՝անպատիժ։«Օրեշնիկը» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է՝ հիպերձայնային 6 մարտագլխիկներով, արագությունը վայրկյանում 2-3 կիլոմետր է: Մի «Օրեշնիկի» մեջ ընդհանուր առմամբ 36 հրթիռ կա(6X6)։ ԱՄՆ-ը նման հրթիռներ չունի։

• ԱՄՆ-ին պետք է, որ Պենտագոնի ներկայությունը Հայաստանում ամբողջական լինի, առավել ևս, որ Փաշինյանն ամբողջովին մեր բանակը հարմարեցնում է ամերիկյան բանակի մոդելին։ Տարուց ավելի Պենտագոնի ներկայացուցիչը մեր ՊՆ-ում նստած է։ Ասում են՝ չկա, բայց ես թերահավատ եմ․ կա, նստած է ու աշխատում է, ու կապ չունի՝ անունն ու կոչումն ինչ են։

• Հայաստանը պատրաստում են՝ որպես բրիտանաթուրքական Թուրան նախագծի մի վիլայեթ։

• Սպասեք ևս երկու փոփոխության՝ Ազգային անվտանգության ծառայություն և բանակ։ Եթե ասեմ՝ երկուսին էլ կին է նշանակելու, չզարմանաք։ Փաշինյանը նաև իր կնոջն է պատրաստում իշխանության համար։ Ու կապ չունի, որ ժողովուրդը զզվում է Աննա Հակոբյանից։ Ժողովրդի կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Այնպես, ինչպես ժամանակին Մեհրիբան Ալիևայի իմիջը ստեղծեցին, ու հետո նրան տվեցին փոխնախագահի կարգավիճակ, այնպես էլ այստեղ են անելու։ Դրսում նրան ճանաչելի են դարձնում․ ընդ որում, նրա լոբբինգը Եվրոպայում անում է Զելենսկու կինը։ Ու վաղը, չի բացառվում՝ մենք ունենանք Աննա Հակոբյան վարչապետ։ Փաշինյանին էլ, եթե Աննա Հակոբյանը ցանկանա, կնշանակի արտահաստիքային խորհրդական։

• Թրամփը չիստկա է անելու այստեղ, ու առաջինը կսկսեն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանից․ Լիլիթ Մակունցը հրաժեշտ կտա իր պաշտոնին:

• Հիմա ամենակարևորն այն է, որ Թրամփը հասնի երդմնակալությանը և ստանձնի իշխանությունը: Պատահական չէին նրա դեմ մահափորձերը. մազից փրկվեց:

• Հորդորում եմ մեր ընդդիմադիրներին միավորվել մեկ դրոշի տակ։ Ու դա միայն Փաշինյանի հեռացումը չէ։ Շատ ծանր վիճակ է ստեղծվել երկրում։ Լուրջ անվտանգային խնդիրներ կան։

• Այն, ինչ Փաշինյանի համար կյանք է մեր երկրում, մեզ համար մահ է, ինչը կյանք է մեզ համար, նրա համար է մահ։ Եկել է զանգեր հնչեցնելու ժամը։

• Մինչև 2020թ․նոյեմբերի 9-ը Իրանը Հայաստանի հետ 144 կմ սահման ուներ։ ԱՄՆ-ը խնդիր ունի այդ տարածքում ՆԱՏՕ-ի զորք տեղակայել։ Դա Իրանի համար կարող է գոյութենական նշանակություն ունենալ։ Եվ ես չեմ բացառում, որ եթե Զանգեզուրի միջանցքի հարցում վտանգ տեսնի, Իրանը կարող է հարված հասցնել թե՛ այդ տարածքին, թե՛ Հայաստանի իշխանություններին։ Իրանի քայլերը շատ ավելի կոշտ կարող են լինել։ Իրանն ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու համար Զանգեզուրի միջանցքի գոյությունը, բայց ես չեմ բացառում, որ այն կարող են ուժով վերցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս