Սա խայտառակ բլեֆ է, մեծ կուտ, Եվրոպան իր սահմանները չի ընդլայնելու․ Նաիրա Զոհրաբյան
Հայաստանի կառավարությունը տարին սկսեց դեպի Արևմուտք նոր քայլով․ գործադիր մարմինն օրերս հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը սա խայտառակ բլեֆ է համարում։
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առկա աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրոպայի վրա հույս դնելու՝ գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, նա արձանագրում է․ «Հայաստանը նախկին իշխանությունների ժամանակ ԵՄ-ի հետ միշտ էլ շատ գրագետ, հավասարակշռված հարաբերություն էր պահպանում, ինչի վկայությունն էր նաև այն, որ 2007 թվականից ՀՀ խորհրդարանում գործել է Եվրոպական ինտեգրման մշտական հարցերի հանձնաժողովը, որը 11 տարի ղեկավարել եմ հենց ես»:
Վերջինս հիշեցրեց, որ Թուրքիան 1987 թվականից ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել, ու մինչ օրս Թուրքիային «տշում են»։
«ԵՄ-ն այս պահին իր սահմաններն ընդլայնելու, նոր անդամներ ներգրավելու խնդիր չունի, ավելին՝ ԵՄ-ն վերջին շրջնում բազմիցս քննարկել է Բուլղարիայի, Մերձբալթյան երկրների, շատ վատ տնտեսությամբ մի քանի այլ երկրների հարցը, որոնք ուղղակիորեն բալաստ են ԵՄ վրա․ բազմաթիվ ԵՄ անդամ-երկրներ նույնիսկ խնդիր են դրել այդ երկրներին այլևս չֆինանսավորելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Քաղաքական գործիչը վերահաստատեց՝ գործող իշխանությունների կողմից մատուցվողն իրականում «մեծ կուտ է», քանի որ ԵՄ-ն իր սահմանները չի ընդլայնելու, և, հետևաբար, ՀՀ-ն տեսանելի ապագայում չի դառնալու ԵՄ անդամ։
«Փոխարենը, ՀՀ-ն շատ արագ դառնալու է Ուկրաինա։ Սա Հայաստանի ուկրաինացման ճանապարհն է։ Ինչպես ժամանակին Բայդենն ասում էր՝ մենք ՌԴ դեմ կռվելու ենք մինչև վերջին ուկրաինացին, այժմ էլ խնդիր է դրված մեր ռեգիոնում ՌԴ դեմ կռվել մինչև վերջին հայը»,- նշեց նա՝ այս համատեքստում հիշեցնելով նաև Թրամփի վերջին հայտարարությունները ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնման կապակցությամբ։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս քաղաքականությունը Հայաստանին տանելու է միայն սոցիալական ճգնաժամի, ինչի մասին արդեն իսկ ակնարկում են ռուսական լրատվամիջոցները։
«Եթե մենք բոլորս առաջնորդվելու ենք Մելքոնյան Գագոյի ասածով, թե՝ գազ չլինի, աթար կվառենք, ուրեմն մեզ սպասվում է մեծ ճանապարհ դեպի «աթարստան»»,- նկատեց քաղաքական գործիչը։
«Ինձանից ավելի եվրոպական արժեքները սիրող, գնահատող մարդ, որը գլխավորել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, եղել է ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը, չկա, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ ՀՀ-ն չի դառնալու ԵՄ անդամ, որ Եվրոպական միությունը ևս մեկ բալաստ երկրով չի ավելացնելու իր բեռը, փոխարենը, Հայաստանը վերածվելու է Ուկրաինայի։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը վերածվի Ուկրաինայի»,- ամփոփեց նա՝ ցավով արձանագրելով, որ այդ սցենարն իրատեսական է, քանի դեռ իշխանության ձեռքը բռնող ընդդիմություն չկա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը։
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, և մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամանքներից»,- կառավարության վերջին նիստում հայտնել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը հիշել ու հիշեցրել էր նաև Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
«Մենք հնարավոր համարելու նշանները տեսել ենք»,- հավելել էր Արարատ Միրզոյանը։
Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր․ «Այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք՝ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։ Իմ պատկերացումն այն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք ճանապարհային այն քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում ու որը մենք ենք պատկերացնում, մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»։
Նա նաև շեշտել էր՝ դեպի Եվրոպա գնալու մասին հայտարարել է ԵԽ բարձր ամբիոնից, և պետք է հետևողական լինեն խոստմանը։
Հիշեցնենք՝ դեռ 2008թ. վերջին Հայաստանը պաշտոնապես դիմել էր Եվրոպական Հանձնաժողովին, և 2009թ. հունվարի 1-ից սկսել օգտվել կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):
2014թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ջանքերի շնորհիվ Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվեց ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում: «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2022 թվականին Հայաստանում ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) կիրառումը դադարեցվեց, և 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի օգտվում «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։