«Փաշինյանի արձագանքը խայտառակություն է. նման ղեկավար ունենալն ազգային ողբերգություն է». Լիլիթ Գալստյան

«Ադրբեջանում լավ գիտեն, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ նրանք Հայաստանում ունեն կամազուրկ և ոչ ադեկվատ ղեկավարություն, որից կորզվում է հնարավորինս ամեն բան, և վաղուց Հայաստանի օրակարգը թելադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խայտառակություն որակելով Ալիևի սպառնալիքներին ի պատասխան՝ Փաշինյանի տված հարցազրույցը:

«Այս ողբերգական իրականությունը զարմացնող չէ, որովհետև 2018 թվականից պետականության կործանման այս ձնագնդին գլորվում է: Եթե մի մարդ հեծանիվն ու Հայաստանի Հանրապետությունը դնում է նույն զուգահեռների վրա, բնականաբար, Ալիևն էլ պետք է ասի՝ այս մարդուն հայրենիք, պետականություն, երկրի ապագա չի հետաքրքրում, վերցնեմ այն, ինչ հնարավոր է: Գիշերը պետք է ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հայտարարություն տարածեր, ԱԽ արտահերթ նիստ հրավիրվեր, այսօր պետք է  ՀՀ-ն ներկայացնող անձը ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմեր, որովհետև Ալիևը շարունակում է իր ագրեսորական վարքագիծը: Քանի որ Փաշինյանի ձեռամբ ագրեսորը լեգիտիմացվեց, ցեղասպանությունը լեգիտիմացվեց և մարսվեց, այսօր Ալիևը Հայաստանին ֆաշիզմի մեջ է մեղադրում. ցեղասպանը և ագրեսորը, որի գնահատականը միջազգայնորեն չտրվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանն այդ շահերը սպասարկողն էր»,- ընդգծեց նա:

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ պետք է քաղաքական անմեղսունակ լինել Ալիևի հայտարարություններին անլուրջ վերաբերվելու համար. «Մեր ժողովրդի վզին փաթաթվող խաղաղության օրակարգն անքան դատարկ է. էլ ի՞նչ պետք է լինի, որ հայ ժողովուրդը հասկանա՝ թուրք-ադրբեջանական խաղաղություն չի լինում, և նրանք շարունակաբար Հայաստանից կորզում են այն, ինչ ցանկանում են: Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը տարածաշրջանից Հայաստանի վերացումն է: Էրդողանը շարունակ ասում է, որ 21-րդ դարը թուրքական աշխարհի դարն է: Սիրիայի նվաճումը հնարավոր դարձավ Արցախի նվաճումից հետո, երբ մարսեցին Արցախի անեքսիան և ցեղասպանությունը: Հիմա նույնը կատարվում է Սիրիայում: Մենք պարարտանյութ ենք դառնում նոր աշխահաքաղաքական ճարտարապետության: Թուրքիան պարտադրող է դառնում, ,և ըստ էության, հաջողում է: Այս վտանգավոր, գերզգայուն միջավայրում դառնալ ֆուդբլոգեր, ինչպիսին Հայաստանի փաստացի ղեկավարն է, ազգային ողբերգություն է»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ պետք է հստակեցնել՝ ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ. «Պետք է բացել աչքերը և նայել քարտեզին, տեսնել՝ ինչպիսի միջավայրում ենք ապրում: Մենք տեսնում ենք, որ աշխարհում ցեղասպանության օջախներ կան, արյունոտ ձեռքերը մնում են անպատիժ: Արյունոտ ձեռքերով Ալիևը, որի համար կանաչ լույս վառեց նաև Նիկոլ Փաշինյանը, այսօր Հայաստանում նաև ներքին օրակարգ է թելադրում, իսկ մեր ծաղրածուն Նոր տարվա ուղերձում ասաց՝ Հայաստանն այսօր ավելի անվտանգ է: Հայաստանն ակնհայտորեն կորցրել է դիմադրողականությունը: Պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք և ռազմավարական, ճանապարհային քարտեզով գնանք առաջ: Այստեղ շատ կարևոր է գիտակցել այն բոլոր հարվածները, որոնք Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով հասցրեց Հայաստանին: Պետք է վերականգնել եռամիասնությունը և ազգային պետական օրակարգեր սահմանել»:

Լիլիթ Գալստյանի համար ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների օրակարգն  այլևս չի աշխատում. «Եթե իշխանության օրակարգն աշխատեր, այդ անճաշակ ձվածեղը չէր եփի: Այդ աղբը պետք է նետենք մի կողմ: Պետք է բեկել այս ընթացքը: Նոր քաղաքական բովանդակություն է պետք: Պետք փոխել բանակցողին: Քաղաքագիտական տհասություն է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ նոր քաղաքական բովանդակություն բերի: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այս ծաղրածուական էժանագին տեսարաններով չպետք է սնվի: Պատերազմի սպառնալիքը մեր գլխին կանգնած է: Ընդդիմությունը խաղաղությանը դեմ չէ, բայց դա պետք է արժանապատիվ լինի: Այս իշխանությունները բարոյական գծեր չունեն, և վաղ թե ուշ գալու է պատասխան տալու ժամանակը: Վառոդի հոտը գալիս է, մեր թիկունքից դրոնի ձայնն է .լսվում, սրանք շրջաբերականից են խոսում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս