Փաշինյանը Տիրան Խաչատրյանով չի ավարտելու. կալանավորելու է նաև Օնիկ Գասպարյանին. զինվորականնե՛ր, խոսեք. Սուրեն Սուրենյանց
5 տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը քննեց հարցը՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչում ստացած գեներալ Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողե՞լ է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը, թե՞ ոչ. քննեց և եկավ այն եզրակացության, որ խախտել է։
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Տիրան Խաչատրյանը տապալել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում իրեն վերապահված գործառույթները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ժամանակահատվածում իրեն վստահված գործառույթները փայլուն կատարելու համար հոկտեմբերի 20-ին որոշեց, որ Տիրան Խաչատրյանին պետք է Ազգային հերոսի կոչում շնորհել, և շնորհեց։
Հիմա, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, պարզվում է՝ Տիրան Խաչատրյանին սխալ բանի համար են հերոսի կոչում շնորհել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, խոսելով Փաշինյանի առաջարկով Ազգային հերոսի կոչում ստացած բարձրաստիճան զինվորականին կալանավորելու մասին, նշեց՝ Փաշինյանի պարագայում գործ ունենք անձի երկվության հետ։
Ըստ Սուրենյանցի, քանի դեռ 44-օրյա պատերազմի ելքը կանխորոշված չէր, Փաշինյանը Տիրան Խաչատրյանին հերոսի կոչում շնորհել տվեց, իսկ պարտության համար շարունակում է մեղավորներ կարգել՝ իրենից դուրս, ուստի Տիրան Խաչատրյանի հետ կատարվողը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
«Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞ւ էիր մեդալներ շաղ տալիս այն ժամանակ. հերոսի կոչում ես տվել երկու մարդու, որոնք երկուսն էլ ճաղերի հետևում են։ Նման անպատասխանատվություն պետության հանդեպ կարող է ցուցաբերել կա՛մ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը, կա՛մ մարդը, որը ոչինչ չի հասկանում։ Այս վիճակը միաժամանակ նրա մասին է, որ պատերազմի ժամանակ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետել, և հիմա նրա գլխավոր առաքելությունը պատերազմից հետո մեղավորներ փնտրելն է. հիմա Տիրան Խաչատրյանը դարձել է զոհերից մեկը»,- ասաց Սուրենյանցը՝ ընդգծելով՝ Փաշինյանը հերթով նախկին զինվորականների հետևից գնալու է, ուստի, ժողովրդին ճշմարտությունը և ոչ թե փաշինյանական ստերը հասանելի դարձնելու համար, Փաշինյանից առաջ հենց զինվորականները պետք է սկսեն խոսել։
«Մեր նախկին սպայակազմին եմ դիմում. բոլորիդ ասում եմ՝ ճշմարտությունը բարձրաձայնե՛ք, Տիրանով չի ավարտվելու ոչինչ, Փաշինյանը հասնելու է՝ կալանավորելու է նաև այլ արժանավոր գեներալի՝ Օնիկ Գասպարյանին։ Այս նախընտրական տարում Փաշինյանը մոտ 15-20 հոգու «փռելու է ասֆալտին», սա ռեպրեսիաների՝ աղմկոտ ձերբակալությունների, մասկի-շոուների տարի է լինելու։ Փաշինյանն այս տարի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու ծիսական արարողություն կսկսի»,- ասաց Սուրեն Սուրենյանցը՝ ընդգծելով՝ 2026 թվականի ընտրություններին պատրաստվող Փաշինյանի խաղաքարտը մնացել են այս երկու վերը նշված բեմականացումները։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։