«Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բոլոր գործերի ելքը լինելու է մեղադրական դատավճիռների կայացումը՝ գաղտնի դատաքննություն անցկացնելու վտանգ գոյություն ունի». Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևին՝ հայտնել են, որ Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը կմեկնարկի հունվարի 17-ին՝ շեշտելով, որ գործով մեղադրյալները 15-ն են։
Ադրբեջանական 1news.az-ն էլ հայտնել է, որ 17 -ին տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական դատավարությունը։ Այդ օրը որոշվելու է՝ դատաքննությունը բա՞ց, թե՞ փակ ձևաչափով է տեղի ունենալու։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ քարոզչական նպատակով Ադրբեջանը սկզբնական փուլի համար դարձյալ օգտագործում է Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի անունները, սակայն համանման ուղի կանխատեսվում է քաղաքական մյուս ղեկավարների առնչությամբ։
«Բոլորի գործերով էլ գաղտնի դատաքննություն անցկացնելու վտանգ գոյություն ունի։ Ինչպես գիտեք՝ նրանց վերագրվում են բազմաթիվ շինծու մեղադրանքներ, որոնց շարքում են՝ «զինված խմբավորումներ ձևավորելը, ֆինանսավորելը, ահաբեկչությունը, պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կատարումը»։ Իսկ նման ծանր մեղադրանքները, որպես կանոն, առնչվում են պետական կամ ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ։ Քանի որ մեղադրանքները շինծու են, որքան էլ Ադրբեջանը մեծ ջանասիրությամբ փաստաթղթեր կեղծի, նման պայմաններում գաղտնիության որոշակի ռեժիմը դարձյալ սպասարկելու է Ադրբեջանի ղեկավարության շահերը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սիրանուշ Սահակյանը։
Նա հիշեցրեց՝ նախաքննության ընթացքում տեղեկատվությունը դարձյալ սահմանափակ է եղել, պաշտպանության իրավունք առհասարակ իրացված չի եղել։ Բոլոր որոշումները գտնվել են ադրբեջանական իշխանությունների կամայականությունների տիրույթում։ Եվ այս գործելակերպն իր շարունակականությունն է ստանալու նաև դատական գործընթացներում։
«Դատարաններն ընդամենը վավերացնելու են կանխորոշված ելքերը՝ վերահաստատելով այս ողջ գործընթացի քաղաքական բնույթը։ Այդ պատճառով մենք չենք բացառում, որ գործընթացները՝ պետական կամ ռազմական գաղտնիքի շահարկումների ներքո գաղտնի են իրականացվելու, որպեսզի կոծկվեն իրական փաստերը կամ տեղեկությունները»,- շեշտեց իրավապաշտպանը։
Հարցին՝ Ադրբեջանի իշխանություններն այս «դատական շոուի» պրոցեսը կերկարացնե՞ն, թե՞ իրենց ձեռնտու վճիռները շուտ կկայացնեն, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ փորձը ցույց է տվել, որ երբեմն շատ ծանր մեղադրանքները շատ սեղմ ժամկետներում են քննում, ինչն օբյեկտիվորեն անհնարին է։
«Մենք ականատես եղանք, որ, այսպես կոչված, «ցեղասպանությանն» առնչվող մեղադրանքները քննվեցին մի քանի նիստերի շրջանակում, ինչը չէր բխում տվյալ գործերի բնույթից, բարդությունից, մեղադրանքների բնույթից, հնարավոր ապացուցողական բազայից։ Բայց քանի որ այս դատավարությունները ցուցադրական են և իրականացվում են քարոզչական նպատակներով, չենք բացառում և՛ շատ հակիրճ ձևական դատավարությունները, և՛ թե տևական պրոցեսներ, որի շրջանակներում հասարակության ներքին պահանջմունքներ բավարարում կստանան և ներքաղաքական գործընթացներում արդյունավետ կօգտագործվեն Ադրբեջանի իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերություններում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Սիրանուշ Սահակյանը նաև հավելեց, որ գաղտնիության շահարկումները կարող են կապված լինել այն հանգամանքի հետ, որ բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրվել է խախտումների վրա, և Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունները դիմել են տարաբնույթ կառույցների՝ խնդրելով իրականացնել դատավարությունների մոնիթորինգ։
«Միջազգային դիտորդների ներկայությունը բացառելու հնարք կարող է լինել կրկին դռնփակ դատալսումներ իրականացնելը։ Այսինքն՝ այստեղ գաղտնիություն պահելը երկու նպատակ ունի, առաջինը՝ կանխել միջազգային դիտորդների ներկայությունը, որպեսզի չարձանագրվեն տեղի ունեցող բացահայտ խախտումները, և մյուս կողմից ի հայտ չգա ճշմարտությունը և տեսանելի չլինի հանրությանը»,- ասաց նա։
Հարցին՝ այս պահին մեր հարենակիցները Բաքվում պաշտպանության որևէ միջոց կարո՞ղ են ունենալ, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց՝ պաշտպանության իրավունքը երբևէ արդյունավետ չի կարող իրացվել որևէ հայի առնչությամբ, եթե խոսքը վերաբերում է ադրբեջանցի փաստաբանների միջոցով իրավունքի իրացմանը։ Նրա խոսքով՝ որքան էլ փաստաբանները կաշկանդված լինեն պրոֆեսիոնալիզմի սկզբունքով, հայատյացությունն ադրբեջանական հասարակությունում այնպես է արմատավորված, որ ազդեցություն է թողնում յուրաքանչյուր ադրբեջանցու վրա։
«Մյուս կողմից՝ Ադրբեջանի փաստաբանական պալատն աչքի չի ընկնում իր անկախությամբ, և բազմաթիվ միջազգային զեկույցներ արձանագրում են պետության միջամտությունը փաստաբանական գործունեությանը։
Կան արձանագրված դեպքեր, երբ անկախ փաստաբանների գործունեությունը գործադիրի ներգրավվածությամբ դադարեցվել է, և փաստաբանների պալատն աջակցել է ոչ թե համայնքի անդամներին, այլ որպես գործիք օգտագործվել է նույն փաստաբանների դեմ գործընթացներում։
Մյուս կողմից էլ՝ գիտենք, որ բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, մյուս գործերով ներգրավված են հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ Իսկ Հանրային գրասենյակը նաև ֆինանսավորվում է պետության կողմից։ Այստեղ պետության կարգավորիչ գործառույթներն ավելի լայն են, և այս ինստիտուտը գտնվում է ավելի խոցելի իրավիճակում։ Մեր հայրենադարձված հայրենակիցների դեպքում ևս ներգրավված են եղել հանրային պաշտպաններ, նրանց վկայություններով այդ անձանց նշանակումը կրել է խիստ ձևական բնույթ, ընդամենը փաստաթղթի վրա ապահովել են պաշտպանության իրավունքը։ Սակայն նշված անձինք գործում բովանդակային ներգրավվածություն չեն ունեցել, անգամ գործից տեղյակ չեն եղել կամ սպասարկել են հենց քննչական մարմինների, դատախազության շահերը։ Ակնկալիքներ չունենք, որ մեր հայրենակիցների պաշտպանության իրավունքն արդյունավետ կերպով է իրացվելու։ Ելքերն արդեն թելադրված են դատավորներին, անգամ լավագույն պաշտպանության դեպքում Ադրբեջանի կախյալ դատավորները չեն կարող անաչառ որոշումներ կայացնել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բոլոր գործերի ելքը լինելու է մեղադրական դատավճիռների կայացումը։
Առ այսօր մենք չենք ունեցել մեկ դեպք, երբ որևէ հայ արդարացվել է ադրբեջանական դատարանների կողմից։ Անգամ այնպիսի անհեթեթ մեղադրանքներով, ինչպիսին զինծառայողի կողմից սահման հատելն է։ Հետևաբար՝ քաղաքական զգայունություն ունեցող գործերով բացառվում է որևէ այլ ելքի հնարավորությունը»,- ամփոփելով՝ ասաց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: