2025թ. ժողովրդի կյանքի որակը կվատանա. ովքեր վատ էին ապրում, ավելի վատ կապրեն, իսկ բյուջեի փողերն իշխանություններն են վայելում
Իրեն ժողովրդական հռչակած վարչախումբը, ժողովրդի կյանքի որակը լավացնելու փոխարեն, իր կյանքն է լավացնում։ Որքան ժողովրդի վիճակը վատանում է, այնքան իրենցը լավանում է։
Իրենք հարստանում են, ժողովուրդը՝ աղքատանում է, տարեցտարի ավելի վատ է ապրում։
Այս տարի էլ ժողովրդի կյանքի որակը կվատանա։ Նրանք, ովքեր վատ էին ապրում, ավելի վատ կապրեն, նրանք, ովքեր վատից մի քիչ լավ էին ապրում, վատ կապրեն, որովհետև իշխանություններն այս մարդկանց եկամուտները չեն ավելացնում, բայց ծախսերը մի գլուխ ավելանում են։
Ավելանում են՝ ինչպես հարկերի ու տուրքերի բարձրացման, այնպես էլ՝ համատարած թանկացումների միջոցով։
Այս տարի էլ աննախադեպ թանկացումներ են սպասվում։ Եղած թանկացումները քիչ են, իշխանությունները որոշել են հարկային բեռն ավելացնելով՝ խթանել թանկացումները։
Հարկային բեռի ավելացումները տեղափոխվելու են գների վրա՝ թանկացումների տեսքով, սպառողն ու քաղաքացին է վճարելու այդ գինը։ Այն հավելյալ գումարները, որոնք իշխանություններն ակնկալում են ստանալ հարկերը ծանրացնելու միջոցով, դուրս են գալու քաղաքացիների, այդ թվում՝ այն քաղաքացիների գրպանից, որոնց եկամուտները չեն ավելանալու։ Նրանք ստիպված են լինելու ավելի վատ ապրել, քան ապրում էին։
Այսպես է, որովհետև տնտեսական աճի արդյունքներն իրենք են վայելում, իսկ հասարակ քաղաքացին ոչինչ չի ստանում։ Փոխարենը՝ բախվում է համատարած թանկացումների հետ։ Հայաստանում ապրելու գինը վերջին տարիներին այնքան է բարձրացել, որ թանկությամբ դարձել ենք տարածաշրջանում ու աշխարհի բազմաթիվ երկրների համեմատ առաջատարներից մեկը։
Կյանքը թանկանում է, իսկ քաղաքացիների եկամուտները չեն ավելանում։
Բնակչության գրեթե կեսի եկամուտները ցածր են նվազագույն սպառողական զամբյուղից։
Վերջին տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը 23,7 տոկոս է՝ ավելի բարձր, քան 6 տարի առաջ, երբ այս մարդիկ եկան իշխանության։
Եկան ժողովրդի կյանքը բարելավելու, պայծառ ապագա պարգևելու խոստումներով, իրենց կյանքն են բարելավել։
Այդքան խոսում են աննախադեպ տնտեսական աճերից, բյուջեի եկամուտների ավելացումներից, այնինչ՝ 2023թ. Հայաստանում ավելի շատ աղքատներ են եղել, քան 2018թ.՝ նախկինների ժամանակ։
Նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2018թ. աղքատության մակարդակը 23,5 տոկոս էր, իսկ Փաշինյանի իշխանության ժամանակ՝ 2023թ.՝ դարձել է 23,7 տոկոս։
Այսպես են «բարելավել» հասարակ քաղաքացու կյանքն ու շարունակում են «բարելավել»՝ համատարած ավելացնելով ծախսերն ու թանկացնելով կյանքը։
Փետրվարի 1-ից 2-3 անգամով կավելանա տրանսպորտի գինը, ու սրանից կտուժեն հատկապես «աշխատող աղքատները», նրանք, ովքեր նվազագույն կամ նվազագույնից մի փոքր ավել աշխատավարձ են ստանում։
Այդպիսիք հաստատապես հարյուր-հազարներ են, որոնց աշխատավարձերը չեն բարձրանա, որովհետև կառավարությունը խուսափեց բարձրացնել նվազագույն աշխատավարձը, փոխարենը՝ ստիպված կլինեն առնվազն կրկնակի, երբեմն՝ եռակի ավել վճարել աշխատանքի գնալ-գալու, երեխաների դպրոց, բուհ հաճախելու, հասարակական տրանսպորտից օգտվելու համար։
Տրանսպորտի համար կրկնակի-եռակի ավել վճարելուց բացի, այս մարդիկ կբախվեն նաև բազմաթիվ այլ ֆինանսական ճնշումների ու համատարած թանկացումների հետ, որովհետև այդպես են ցանկացել իշխանությունները։
Համատարած թանկացումների ու ֆինանսական ճնշումների «զոհերի» շրջանակը շատ լայն է։
Շուրջ 600.000-ը միայն թոշակառուներն ու սոցիալական խոցելի խավերն են, որոնց եկամուտները ևս հաջորդ տարի իշխանությունները հարկ չեն համարել ավելացնել։
Եկամուտները, ինչպես մեկ տարի առաջ, չեն ավելացրել, բայց ծախսերի բեռը մեծացրել են։ Այս մարդիկ կրելու են երկարաժամկետ թանկացումների ազդեցությունը։
Բյուջեի փողերն իրենք են վայելում, իսկ երբ հարցը հասնում է այս մարդկանց, ասում են՝ փող չկա։ Դա է պատճառը, որ հասարակ քաղաքացու կյանքի պայմանները վատացել են, իրենցը, ինչպես տեսնում ենք եկամուտների վերաբերյալ հրապարակվող հայտարարագրերից՝ անգամներով, տասնյակ ու հարյուրավոր անգամներով լավացել է։
Տնտեսության բարիքներից իշխանություններն են օգտվում, իրենց շրջապատը, օլիգարխները, հասարակության համեմատաբար հարուստ խավերը։ Ու սա այն պետական քաղաքականության հետևանքն է, որը վարում են այս իշխանությունները։ Աղքատներից վերցնում են, տալիս են հարուստներին։
Այնպես են արել, որ աղքատները վճարում են հարկերը, իսկ հարուստներն ազատված են հարկերից։
Աշխատող աղքատներն իրենց չնչին աշխատավարձերի 20 տոկոսը վճարում են պետությանը՝ որպես եկամտային հարկ, իսկ բարձր աշխատավարձեր ստացողները, ովքեր կարող են իրենց թույլ տալ հիփոթեքով բնակարան գնել, չեն վճարում կամ վճարում են, հետո հետ ստանում։ Այս մարդկանց թվում են նաև իշխանության ներկայացուցիչներն ու պետական պաշտոնյաները, ովքեր համատարած օգտվել են պետության տված արտոնությունից։ Իրենք իրենց արտոնություն են տվել։ Փոխանակ չունևորներին արտոնություն տային՝ իրենց են տվել։ Իրենք տասնյակ տարիներ չեն վճարի եկամտային հարկ, «աշխատող աղքատները» կվճարեն։
Այնպես են արել, որ գումարները կուտակվում են հարուստների ձեռքում։ Սոցիալական բևեռացումն է խորանում, մեծանում է անհավասարությունը։
Իշխանության օլիգարխները գերշահույթներ են ստանում, իսկ նրանց վճարած հարկերը չեն երևում։ Բյուջեն ուզում են լցնել հարկերն ավելացնելու ու քաղաքացիների ֆինանսական բեռը բարձրացնելու հաշվին։
Այնտեղ, որտեղ եկամուտները քիչ են, արտոնություններ չեն տալիս, արտոնությունները վերացնում են, տալիս են նրանց, ովքեր բարձր եկամուտներ են ստանում։
Նույն ՏՏ ոլորտը, որտեղ բարձր եկամուտներ են կենտրոնացած՝ ամեն կերպ հովանավորում են, աջակցություն են տալիս, հարկերից ազատում են, բյուջեից անհատույց փող են հատկացնում, իսկ, ասենք՝ գյուղատնտեսությունը, որտեղ կենտրոնացած է բնակչության գրեթե մեկ երրորդը, որտեղ եկամուտներն առանց այդ էլ շատ ցածր են, գրեթե զրկված է աջակցությունից։
Նախկինում եղած աջակցություններն էլ են վերացրել։ Դրա համար էլ գյուղատնտեսության մեջ աճ չկա, մարդկանց եկամուտները նվազում են՝ ապրելու պայմանները վատանում են։
Վատանում է ոչ միայն քաղաքացիների, այլև բիզնեսի ու հատկապես փոքր բիզնեսի կյանքը։ Փոքր բիզնեսն աստիճանաբար դուրս է մղվում, փակվում է ու տեղափոխվում խոշորների մոտ։ Իշխանություններն ամեն ինչ անում են արագացնելու այս պրոցեսն ու նպաստելու փոքրերի հաշվին խոշոր բիզնեսի հարստացմանը, տնտեսության կենտրոնացվածության խորացմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ