Փող ունե՞մ, որ նշեմ․ Նոր տարի ինչո՞վ անեմ, չե՛մ կարող․ ՀԱՐՑՈՒՄ
«Հես ա Նոր տարի է գալիս, հիմա կսկսեն շտապօգնությունների «կալոնաները» դեպի թաղամասեր, կասեն՝ «յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք՝ էս տարի չենք թունավորվի, բայց թարս է, էս տարի էլ թունավորվեցինք»»,- կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն էր այս ոճով տրակտատ կարդում սննդի համար արդյունավետ ծախսելու մասին։
«Երջանիկ անհատ, հզոր պետություն ու հոգատար հանրություն» խոստացած ու այդ խոստումն այդպես էլ չիրականացրած Նիկոլ Փաշինյանը թերևս չի էլ պատկերացնում, որ մարդիկ հաճախ գումար չունեն առօրեական մինիմալ գնումների համար, էլ ուր մնաց՝ տոնական սեղանների, բդերի․․․․
168․am-ի՝ «պատրաստվո՞ւմ եք Ամանորին» նախատոնական հարցախույզը, օրինակ, հենց այս հանգամանքով պայմանավորված՝ բավականին տխուր ստացվեց․ քաղաքացիների մեծ մասը տրամադրություն, գումար ու ցանկություն չուներ, որ տոնը տոնի պես դիմավորեր։
«Ի՞նչ պատրաստվել․ ամեն ինչը գումարայինի հետ է կապված, ընդհանրապես չեմ պատրաստվում»,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը։
Մի կին, որը միայն թոշակով է ապրում, արձագանքեց․ «Ունե՞մ, որ նշեմ․ քանի տարի մեր թոշակը չի ավելացրել, հիմա Նոր տարին ինչո՞վ անեմ, չե՛մ կարող»։
«Ես հնարավորություն չունեմ»,- ասաց մեկ ուրիշը։
«Ինչքանով կարող եմ՝ այդքանով, էլի։ Ես հաշմանդամ եմ, միայնակ, թոշակ եմ ստանում 38.000 դրամ, չեմ էլ աշխատում»,- պատասխանեց մի կին։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցն էլ ի պատասխան՝ նկատեց, որ տրամադրություն չունի։
Թեև առանց տրամադրության ու գումարի, բայց հանուն երեխաների ու թոռների տոնը փոքր սեղանով նշելու մասին էլ նշեցին մի քանիսը։
Մանրամասները՝ տեսանյութում