Պուտինը փորձեց թուլացնել հակառուսական արշավի ուժգնությունը
Օրեր շարունակ Ադրբեջանում, Ղազախստանում, Ուկրաինայում և արևմտյան առաջատար երկրների կողմից ծավալվող հակառուսական հիստերիայի ֆոնին Ռուսաստանի նախագահը ներողություն խնդրեց Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։
Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է դեկտեմբերի 28-ին Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։
«Նշվել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- հայտարարել է Կրեմլը։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը նշել է, որ ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության և ամբողջությամբ կորցրել է կառավարումը, ուղարկվել է Ակտաու քաղաք և «կարողացել է արտակարգ վայրէջք կատարել միայն օդաչուների քաջության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»։
Նա ընդգծել է, որ ինքնաթիռի կմախքի վրա բազմաթիվ անցքեր են եղել, ուղևորներն ու անձնակազմի անդամները դեռ օդում գտնվելիս վիրավորվել են օտար մասնիկներից, որոնք հայտնվել են ինքնաթիռի ներսում, և, որ ողջ մնացած բորտուղեկցորդների և ուղևորների ցուցմունքները հաստատում են արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության փաստը։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի հատկանիշներով։
Նույն օրը ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: ՌԴ նախագահականի տարածած հաղորդագրությունում ասվում է․ «Կողմերը ելնում են նրանից, որ Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որը հետաքննում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները, կներգրավի փորձագետներ Ռուսաստանից, Ադրբեջանից և Բրազիլիայից՝ վթարի վայրում հայտնաբերված թռիչքի ձայնագրիչների վերծանման գործին։ Ղազախստանի տարածքում իրականացվող այս աշխատանքը կլինի օբյեկտիվ և թափանցիկ»։
Դեկտեմբերի 25-ից սկսած Ղազախստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ ակտիվորեն անդրադառնում են այս թեմային, օգտագործում այն ՌԴ-ի դեմ, թեման վերածելով աշխարհաքաղաքական լուրջ գործիքի ՌԴ-ի դեմ։
Մեկնաբանելով աղետը, որի հետևանքով զոհվել էր 38 մարդ, Սպիտակ տունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, որոնք վկայում են ռուսական ՀՕՊ-ի կողմից հարվածի հնարավորության մասին։
Օդանավը շահագործող «Ադրբեջանական ավիաուղիներն» էլ պնդել էր, թե ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության» պատճառով: Մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Ադրբեջանական ավիաուղիները», հայտարարել են, թե ժամանակավորապես դադարեցնում են թռիչքները ռուսաստանյան քաղաքներ։ Նման որոշում էր կայացրել նաև «Թուրքմենական ավիաուղիները»։
Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմը փորձեց մեղմել այն արշավի ուժգնությունը, որն այս օրերին ծավալվում է իր բնույթով ողբերգական, սակայն միջադեպի տեսանկյունից կասկածելի ու տհաճ իրավիճակի շուրջ։
Վերլուծաբանը գտնում է, որ եթե գործել է ռուսական ՀՕՊ-ը, ինչի հետևանքով էլ ինքնաթիռը կործանվել է, ապա դա հնարավոր չէ և անիմաստ է թաքցնել, քանի որ դրա խոցման առանձնահատկությունները հեշտ են բացահայտվում։
Ֆելգենգաուերը գտնում է, որ Ղազախստանի նախագահի հետ շփումը նպատակ ունի այս գործընթացի նկատմամբ ուշադրություն հրավիրել, ինչպես նաև զգոնություն ցուցաբերել, որպեսզի հետաքննության ընթացքում ոչ օբյեկտիվ մոտեցումներ չլինեն։
«Իսկ նման բան հնարավոր է, քանի որ սովորաբար նման միջադեպերի հետաքննությունը տեղի է ունենում այն երկրում, որի օդային տարածքում տեղի է ունեցել միջադեպը։ Մյուս կասկածելի հանգամանքն այն է, թե ինչու է ինքնաթիռն ուղարկվել Ակտաու, երբ կարող էր վայրէջք կատարել ռուսական որևէ օդանավակայանում։ Այստեղ չի բացառվում սխալի հավանականությունը, ցավալի է, սակայն այդպես կարող է պատահել, և նման օրինակներ եղել են պատմության ընթացքում»,- ասաց նա։
Ֆելգենգաուերի խոսքով՝ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, բնականաբար, նմանատիպ միջադեպերին այլ ֆոն է հաղորդվում, այն օգտագործվում է քաղաքական հակառակորդների, այս դեպքում՝ Ռուսաստանի դեմ։
«Կարծում եմ՝ հասկանալով, որ շահարկման խոշոր արշավ է սկսվում, նախաձեռնվեցին զանգեր, ներողություն, քրեական գործ, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա լարումից»,- ասաց նա։