«Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության». Wall Street Journal

Ամերիկյան «Wall Street Journal» թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի բարձարստիճան պաշտոնյանների խոսքերը, գրում է, որ Թուրքիան և իր դաշնակիցները ուժեր են մոբիլիզացնում Սիրիայի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար։ Նշենք, որ վերոնշյալ կազմակերպությունները Թուրքիայի կողմից համարվում են ահաբեկչական։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիշատակելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական քաղաքականության և հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությունը՝ նշվում է, որ Անկարան կշարունակի մնալ առանցքային դերակատար սիրիական հարցում, ինչպես եղել է վերջին 14 տարիների ընթացքում։

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին, որի ընթացքում ԱՄՆ-ն ճնշում էր գործադրում զսպվածություն դրսևորելու համար։

«Wall Street Journal»-ը նաև հիշատակում է նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը. «Թուրքիան որքան հնարավոր է շուտ կոչնչացնի ահաբեկչական կազմակերպությունները»։ Ինչպես նաև մեջբերվում է Թուրքիայի արտգործնխարար Հաքան Ֆիդանի հետևյալ հայտարարությունը՝ «Թուրքիայի ռազմավարական նպատակը «YPG»-ի գոյությանը վերջ տալն է ու «YPG»-ն ունի երկու տարբերակ՝ կա՛մ ինքնալուծարվել, կա՛մ ուժով ոչնչացվել»։

Վերոնշյալ հայտարարությունները հիմք են հանդիսացել, որպեսզի «Wall Street Journal»-ը հանգի այն ենթադրությանը, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն իրականացնել։

Տեսանյութեր

Լրահոս