Հայաստանը կորցնում է ոչ միայն քաղաքական դաշնակիցներ
Հայտնի է դարձել, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որին պատկանում է Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը, հանքի կառուցումն ավարտելու և այն շահագործելու համար 150 միլիոն դոլար ներգրավելու նպատակով բանակցում է Հայաստանի առևտրային բանկերի հետ: Թե հատկապես որ բանկի մասին է խոսքը, մանրամասներ դեռևս հայտնի չեն:
2023 թվականին հայտարարվեց, որ Հայաստանի կառավարությունը, «Լիդիան Արմենիան» ու Եվրասիական զարգացման բանկը պայմանավորվել են ծրագրի շարունակության հարցում, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը կտրամադրի 150 միլիոն դոլարը՝ հանքի շահագործման համար: Սակայն ավելի քան մեկուկես տարի անց պարզվում է, որ Եվրասիական զարգացման բանկը չի ֆինանսավորի ծրագիրը: Թե ինչու, առայժմ նույնպես հայտնի չէ:
Այս պատմությունը, սակայն, ավելի էական է ոչ թե իր մանրամասներով, այլ՝ ընդհանուր օրինակով, թե ինչպես չպետք է աշխատել օտարերկրյա խոշոր ներդրողների հետ:
Ամուլսարի ծրագիրը, որ կարող էր լինել Հայաստանի և օտարերկրյա ներդրողների գործակցության արդյունավետ և արդիական պատմության օրինակներից մեկը, վերածվեց Հայաստանի ներդրումային և գործընկերային իմիջը ոտնահարող մի «հավերժական շարժիչի»:
Թե որտեղ է այդ շարժիչի «կոճակը», կարելի է դիտարկել ամենատարբեր սցենարներով, բայց խնդրի լուծումը պետք է լիներ, կամ լինի պետության կառավարման համակարգում: Սակայն այդ համակարգում արդեն ավելի քան 6 տարի չկա լուծում, փոխարենը՝ մի անվերջ «ոդիսական»:
Դրան ծանոթ որևէ օտարերկրյա խոշոր ներդրող մտքի ծայրով անգամ չի անցկացնի Հայաստանի Հանրապետությունում գործ ունենալը, որովհետև կապիտալը սիրում է որոշակիություն, կայուն և կանխատեսելի հարաբերություն, այլ ոչ թե դուրս գալ «Ոդիսևսի ճանապարհորդության», երբ չգիտես՝ որ փուլում ինչ հանգրվանի ես հասնելու, ինչ փակ ճանապարհի առաջ ես կանգնելու, դրա հետ մեկտեղ՝ չունենալով նաև խնդիրների լուծման հստակ պատասխանատվություն ստանձնող գործընկեր-պետություն:
Կաշխատի՞ երբևէ Ամուլսարի ծրագիրը, թե՞ ոչ, դժբախտաբար արդեն թերևս կարևոր էլ չէ, որովհետև ծրագրի պատմությունն արդեն իսկ «աշխատում» է, և թերևս շատ երկար ժամանակ դեռ «աշխատելու» է Հայաստանի ներդրումային իմիջի, օտարերկրյա խոշոր ներդրողների համար Հայաստանի գործընկերային վարկի դեմ:
Խոշոր ներդրողների հետ աշխատանքի կարողությունը պետության կենսունակության առանցքային ինդիկատորներից մեկն է: Դա հատկապես գերխնդիր է պետությունների համար, որոնք ունեն ներդրումային միջավայրի օբյեկտիվ ռիսկեր: Այդ պետություններն առավել ևս պարտավոր են լինել խոշոր կապիտալի հետ հարաբերության կանխատեսելի և պատասխանատու սուբյեկտ, որովհետև այդ կապիտալի հետ ծրագրերը հարկեր են, աշխատատեղեր են, մուլտիպլիկատիվ էֆեկտ է:
Եվ դրա կարևորությունը հատկապես ռազմավարական է, եթե ծրագրերը վերաբերում են մարզերին, առավել ևս՝ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող մարզերին: Խոշոր ներդրումային ծրագրերը, օտարերկրյա կապիտալի խոշոր ներկայացուցիչների հետ փոխշահավետ պայմանավորվածություններն այդ պարագայում օգտակար են թե այդ մարզերում տնտեսական բարեկեցության, հետևաբար՝ նաև դեմոգրաֆիական հարցերի լուծման տեսանկյունից, և թե նաև անվտանգության միջավայրի ապահովման: Խոշոր ներդրողներն այդ իմաստով դառնում են պետության անվտանգության հարցում դաշնակիցներ:
Այդ տեսանկյունից, կորցնելով ներդրումային վարկանիշ, Հայաստանը կորցնում է ոչ միայն տնտեսական ուժ, այլ նաև անվտանգության դաշնակիցների կարևոր մի շերտ: Իսկ դա մտահոգիչ է առավել ևս այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ աշխատանք ու պայմանավորվածություններ իր այդ շրջանակն ընդլայնելու ուղղությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ