Էդ ինչի՞ Թաթայի համերգին կվազեք, վարչապետի հետ հանդիպմանը չեք գա՞… ՇՊՀ-ում պարտադրում են ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը
Մինչ Նիկոլ Փաշինյանը ողջ օրը զբաղված է իր վարկանիշն իր իսկ սեփական սոցիալական ցանցերի էջերում չափելով, տվյալներ հրապարակելով, սափրվելով, ընտանիքով «Փաշինյան շոուներ» անելով՝ դիտումներ ապահովելով, աշխատանքային ժամին աշխատասենյակից քաղաքացիների հետ չաթեր անելով, իրական կյանքը բոլորովին այլ բանի մասին է խոսում:
Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հերթական «սրընթաց վերելքի» մասին տեղեկություններ 168.am-ը ստացավ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ուսանողներից:
Դեկտեմբերի 18-ին, Շիրակի պետական համալսարանը տոնում է իր 90-ամյակը, և այդ հիշարժան տարեդարձը ԲՈՒՀ-ը որոշել է նշել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Մեր տեղեկություններով՝ մեծ միջոցառում է նախատեսվում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը: Բայց արի ու տես, որ նրա վարկանիշն այնքան «բարձր» է, որ ՇՊՀ-ն շուրջ 700 տեղանոց թատրոնի դահլիճը լցնելու խնդիր ունի:
Դրա համար ՇՊՀ ֆակուլտետների դեկանները ու ամբիոնների որոշ վարիչներ ուղղակիորեն տեռորի են ենթարկում դասախոսներին ու ուսանողներին, որ վերջիններս պարտադիր ներկա գտնվեն դրամատիկական թատրոնի դահլիճում, որ ազատ նստատեղ չլինի, ժողվարչապետն էլ ուրախանա ու հերթական անգամ իր չեղած ռեյտինգի մասին հրապարակում անի:
Նրանք մարդկանց պարտադրում են մասնակցել այդ միջոցառմանը՝ որպես գլխաքանակ:
«Էդ ինչի՞ Թաթայի համերգին կվազեք, վարչապետի հետ հանդիպմանը չեք գա՞…»,- ուսանողներին մոտիվացնելու այս ճանապարհն են ընտրել ՇՊՀ-ում:
Սա մեծ դժգոհություն է առաջացրել ՇՊՀ-ում, նախ՝ որովհետև մարդիկ չեն ուզում միևնույն տարածքում գտնվել Նիկոլ Փաշինյանի հետ, և բացի դրանից, չեն ուզում տեղի տալ պարտադրանքին:
Արդեն տևական ժամանակ է՝ ցուցակներ են կազմվում և դրանք ներկայացվում են ռեկտորին՝ հավանաբար անհնազանդ աշխատակիցներին ու ուսանողներին աչքի տակ ունենալու համար: Եվ բացի դրանից, մարդկանց հրահանգվել է թատրոն ներկայանալ 2-3 ժամ շուտ, որ համակողմանի զննություն անցնեն դահլիճ մտնելուց առաջ:
«Մենք չենք ուզում գնալ, բայց մեզ պարտադրում են»,- դժգոհում էին մեզ ահազանգող ՇՊՀ ուսանողները:



