«40-ից ավելի երկրներ պատերազմ են հայտարարել Ռուսաստանին. Մեծ թուրանի իրականացման վտանգ կա». Գագիկ Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Սիրիայում տեղի ունեցող գործընթացները Թուրքիայի և Իսրայելի կողմից են մտածվել և իրագործվել:
«Պետք է ընդունենք, որ ռուսական դիրքերն այնտեղ հարցականի տակ են: Չնայած՝ ռուսները պնդում են, որ իրենց բազաներին ոչինչ չի սպառնում, այո, գուցե ոչ սպառնալիքի տեսքով, բայց արդյո՞ք Սիրիայում ձևավորվող նոր կառավարությունը կուզենա երկարաձգել նրանց այնտեղ լինելը, որովհետև եթե չեմ սխալվում՝ ժամկետը մինչև 2066 թվականն է: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանն այսօր կռվում է արևմտյան ողջ աշխարհի, այդ թվում՝ Թուրքիայի և Իսրայելի դեմ: Ուղղակի քայլեր և հայտարարություններ անել չի կարող, փորձում է դիվանագիտորեն իրեն պահել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ Ռուսաստանի գլխին այսօր բազմաթիվ վտանգներ են կուտակված. «Դժվար է շատ բան պահանջել Ռուսաստանից, որովհետև 40-ից ավելի երկրներ պատերազմ են հայտարարել Ռուսաստանին, միլիարդավոր գումարներ են ծախսում Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ն էլ է գերտերություն, բայց տեսնում են՝ ինչպես են լքում Ուկրաինան. Ամեն գերտերություն ունի իր սահմանները: ԽՍՀՄ-ն էլ էր գերտերություն, բայց տեսանք՝ ինչ եղավ. երբ քաոսի տեխնոլոգիաները կիրառվեցին՝ փլվեց»:
Նա իրատեսական է համարում, որ Հայաստանի իշխանությունները դուրս կգան ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից. «Նիկոլական կառավարությունը ստեղծված է քաոս ստեղծելու տեխնոլոգիաներով, և շարունակելու է իր քաոսը ստեղծել: Պետք չէ կասկածել, որ նրանք շատ են ուզում դուրս գալ և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԱՊՀ-ից»:
Նա վտանգ է տեսնում, որ կիրականացվի Մեծ թուրանի ծրագիրը. «Ուրախալի վիճակ չէ, բայց հուսահատվելու վիճակ էլ չէ, դեռ կարող է իրավիճակ փոխվել»: