Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա
Տավուշի մարզի 3 գյուղ՝ Կիրանցը, Աճարկուտն ու Բերքաբերն ամբողջությամբ գազիֆիկացվել են:
Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի արդյունքում: Համայնքի ներդրման մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի 35 տոկոսը, որը կազմում է մոտ 82 մլն դրամ տրամադրել է բարերար Միքայել Վարդանյանը: Իսկ Բարեկամավանում ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ՝ հատկացվել է մոտ 18 մլն դրամ:
Գազիֆիկացման արդյունքում մարզի նշված 4 բնակավայրերում կլուծվի միանգամից մի քանի խնդիր: Բնակիչների սոցիալական և կենցաղային վիճակը կբարելավվի, անտառահատումների քանակը կնվազի:
Բարերարը ևս 20 մլն դրամ տրամադրել է Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի կապիտալ նորոգմանն աջակցելու նպատակով: Երկու ծրագրի իրականացման համար Միքայել Վարդանյանը ընդհանուր տրամադրել է 120 մլն դրամ:
Ի դեպ, բարերարի ֆինանսական աջակցության շնորհիվ 2006 թվականից մինչև օրս Տավուշի մարզում գազով ապահովվել է 28, իսկ խմելու ջրով 42 գյուղական համայնք: