Դատարանը մերժել է ՆԳՆ հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լուսինե Բոյաջյանի նախագահությամբ, մերժել է ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, հայտնում է abcmedia.am-ը։

Ըստ ոստիկանության հայցի՝  հունիսի 12-ին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ Աբրահամ Գասպարյանը, գտնվելով Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իրականացրել են բողոքի ակցիա հանրահավաք, խոչընդոտել են երթևեկության մյուս մասնակիցների ազատ տեղաշարժին: Ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները մոտեցել են նշված վայր և իբր պահանջել են քաղաքացիներից, այդ թվում՝ պատասխանողից, բացել ճանապարհը և խոչընդոտ չհանդիսանալ երթևեկության մյուս մասնակիցների համար, վերջիններիս տրվել է ողջամիտ ժամկետ, սակայն նրանք հրաժարվել են կատարել ոստիկանի օրինական պահանջը:

Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի նյութերով առհասարակ չի հաստատվում պահանջը առաջադրված լինելու և Աբրահամ Գասպարյանի կողմից չկատարելու հանգամանքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Ուստի, դատարանը որոշել է  ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել:

 

Տեսանյութեր

Լրահոս