
Ես իմ երեխաների լուսանկարները ֆեյսբուքում չեմ տեղադրում, որովհետև Նիկոլ Փաշինյանի աշխատող Տարոն Չախոյանի ֆեյքերը մտնում ու ամենաայլանդակ բաներ են գրում. «Իմնեմնիմիի» գործով հարցաքննվեց Նարեկ Սամսոնյանը

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) հերթական դատական նիստը:
Այսօր հարցաքննվում են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը: Առաջինը հարցաքննվեց Նարեկ Սամսոնյանը: Վերջինս իր պաշտպան Ռուբեն Մելիքյանի խնդրանքով ներկայացրեց վարույթի վերաբերյալ այն ամենը, ինչն իրեն հայտնի է: Երբ հասավ հանրային մեղադրողների՝ հարցեր տալու հերթը, Նարեկ Սամսոնյանը հայտարարեց՝ ինքը չի պատասխանելու հանրային մեղադրողների հարցերին, քանի որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Հաջորդիվ հարցեր տվեց դատավոր Արման Հովհաննիսյանը: Դատավորի հարցին՝ հնարավո՞ր չէ արդյոք առանց հայհոյանքի վարել հաղորդաշարը, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց, որ իրավիճակն է թելադրել դա:
«Երբ երկրի ղեկավարն ասում է՝ տվե՛ք ինձ մանդատ, շինեմ բոլորին, ընդդիմությունը չի կարող օգտագործել այն բառապաշարը, որն ինքն է օգտագործում: 2018թ.-ից առաջ նույնիսկ ԺԵԿ-ի պետի մակարդակով նման խոսույթ հնարավոր չէր լսել հանրային մակարդակում»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:
Վերջինս նկատեց՝ ինքն իր երեխաների նկարները չի տեղադրում ֆեյսբուքում, որովհետև Նիկոլ Փաշինյանի աշխատող Տարոն Չախոյանի ֆեյքերը կարող են ամենավերջին այլանդակությունները գրել իր երեխաների հասցեին:
Քանի որ կողմեը պայմանավորվել էին աշխատել մինչև 15.00-ն, Վազգեն Սաղաթելյանը կհարցաքննվի հաջորդ դատական նիստին՝ հունվարի 13-ին՝ ժամը 16.30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: