«Մեռած ձևանալու տարբերակը՝ ինչպես անում են Փաշինյանենք, չի աշխատելու». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ալիևի վերջին հայտարարությանը, ըստ որի` «ՀՀ իշխանությունը պետք է ուղիղ բանակցի «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ նրանց վերադարձը կազմակերպելու համար»։
Իսկ մինչ այդ, Հայկ Մամիջանյանը խոսեց իշխանական պատգամավորների՝ այս թեմայի շուրջ արած հայտարարությունների մասին, մասնավորապես՝ Արթուր Հովհաննիսյանի, ով հստակ չասաց` արդյո՞ք բանակցություններին ադրբեջանցիների վերադարձի հարց քննարկվում է։
«Չասեմ, որ 2018 թվականին պետք է հրապարակում բոլորը հավաքվեին, քննարկեին և այլն, բայց գիտե՞ք` ինչու չեն ասում՝ սա ունի պարզ բացատրություն, որը որևէ կապ չունի խորհրդապահության և այլնի հետ։ Փաշինյան և բանակցային էթիկա՝ նույն նախադասության մե՞ջ, որևէ մեկը հաշվե՞լ է, թե քանի անգամ է Փաշինյանը պետական գաղտնիք հրապարակել, բանակցային գաղտնիքներ հրապարակել։ Այնպես որ՝ այդ ամենն ուղղակի հեքիաթ է։
Ցավոք, ՀՀ անունից բանակցող կողմը «կարմիր գծեր» չունի, որ հետագայում ասի՝ վայ, մի հավելյալ սուտ էլ դրա համար ստիպված լինի հորինել։
Երկրորդը՝ ՀՀ անունից բանակցողները «կարմիր գիծ» չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից՝ բառիս բուն իմաստով։ Եվ այդ «ավտոգրաֆը» բացարձակապես կապ չունի ՀՀ անվտանգության, ԼՂ հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի հետ։ Դա բացառապես կապված է 2026 թվականի ընտրությունների հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որին գրված կլինի՝ խաղաղություն, այն բացառապես կեղծ է լինելու ու տակը՝ Ալիևի «ավտոգրաֆը», որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ անել։ Ահա թե ինչու իշխանությունը չի պատասխանում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո անդադար խոսել են այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության և Փաշինյանի թիմի ապիկարության ու անգործության արդյունքում համաշխարհային հանրության համար հավասարության նշան դրվեց Լաչինի միջանցքի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» միջև՝ ինչպես այն անվանում են թուրքերն ու ադրբեջանցիները։
«Ադրբեջանի կողմից ես չեմ տեսնում բարի կամքի որևէ դրսևորում, գերիներ չեն ազատվում, ՀՀ սուվերեն տարածքում շարունակում են մնալ ադրբեջանցի զինյալները, պետական մակարդակով շարունակվում է հակահայ հռետորիկա, Ադրբեջանի ԱԳ նախարարը մասնակցում է «Արևմտյան Ադրբեջանի» ինչ-որ միջոցառման ու կրկին ինչ-որ պայմաններ հնչեցնում Հայաստանին։ Տարբերակը՝ մեռած ձևանալու, ինչպես անում են Փաշինյանենք, չի աշխատելու։ Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցելու, «ոչ մի բան չասենք, որ չջղայնացնենք» տարբերակով չեն բանակցում Ադրբեջանի հետ, առհասարակ որևէ մեկի հետ չեն բանակցում»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում