Հավի բդիկներ` կանարյան ձևով
Բաղադրիչները
- հավի 6 բդիկ
- 1 գդալ կարագ տապակին քսելու համար
Մարինադի համար
- 1 ճ/գ լոլիկի պյուրե
- 50 մլ սպիտակ գինու քացախ
- 100 մլ ձիթապտղի ձեթ
- 2 պճեղ սխտոր
- 2 չորացրած չիլի պղպեղ
- մեկական պտղունց չորացրած խնկածաղիկ, աղացած պապրիկա և քրքում
- աղ
Համեմելու համար
- 50 մլ սպիտակ գինու քացախ
- 30 մլ ձիթապտղի ձեթ
- 1 պճեղ սխտոր
- մեկական պտղունց աղացած կարմիր կծու պղպեղ, չորացրած խնկածաղիկ ու աղացած պապրիկա
- աղ
Պատրաստման եղանակը
Պատրաստեք մարինադը: Մանր կտրատեք սխտորը, հետո ճզմեք: Խառնեք մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները:
Հավի բդիկները երկու մասի բաժանեք, տեղադրեք պլաստիկե կոնտեյների մեջ, վրան լցրեք մարինադը, խառնեք, կափարիչը փակեք, 24 ժամով տեղադրեք սառնարանում, ժամանակ առ ժամանակ այն դուրս հանեք ու թափ տվեք:
Պատրաստեք համեմելու համար նախատեսված սոուսը: Մանր կտրատեք սխտորը, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու խառնեք: Կարելի է ձեռքով խառնել, կարելի է նաև բլենդերով:
Խորը ու լայն կաթսայի մեջ հալեցրեք կարագը: Բդիկները հանեք մարինադից, անձեռոցիկով չորացրեք, տեղադրեք լավ տաքացած կարագի մեջ: Տապակեք՝ ժամանակ առ ժամանակ շուռ տալով, մինչև եփվելը՝ մոտ 20-30 րոպե:
Պատրաստի բդիկները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի:
Հավի բդիկները տեղադրեք տաքացրած մեծ ափսեի մեջ, վրան լցրեք սոուսն ու մատուցեք:
Խորհուրդ: Ուտեստը հենց այսպիսին պետք է լինի՝ կծու ու քացախի մեղմ համով: Հավի բդիկները մատուցեք ըստ օրենքի՝ շատ աղի ջրի մեջ եփած կեղևով կարտոֆիլի ու կանաչ աղցանի հետ: