Միլիոնների գնումներ, ՍՊԸ-ներ, անգամ դրամաշնորհներ՝ Արցախից տեղահանվածների զբաղվածությունն ապահովելու համար․ Գարիկ Սարգսյանի քեռու հեղափոխական տարիները

Կոկորդիլոսագետ նախկին մարզպետ, այժմ՝ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի իշխանամուտը, պարզվում է, «խերով» է եղել նրանց գերդաստանի՝ ի մասնավորի, քեռու բիզնեսի համար։

Գարիկ Սարգսյանի մորեղբայր Գրիգոր Մանուկյանի՝ 1994 թվականից Արարատի մարզի Ավշար համայնքում գրանցված «Նոյավան» ընկերությունը, 2018 թվականից մեկ էլ հանկարծ հայտնվել է պետգնումներում, ավելին՝ տարեցտարի ակտիվացել՝ տարբեր պետական գերատեսչությունների հետ կնքելով միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր։

Այս ընկերության հետ պայմանագրեր է կնքել ոչ միայն Գարիկ Սարգսյանի ղեկավարած Վեդու համայնքապետարանը, այլև Պաշտպանության նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, Քաղավիացիայի կոմիտեն և այլք։

Ի դեպ, պայմանագրերը կնքվել են հիմնականում գնանշման հարցում խոցելի մրցակցային ընթացակարգով և հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով։

Կարդացեք նաև

Ընթացիկ տարվա մարտ ամսին այս ՍՊԸ-ի հետ նաև դրամաշնորհի հատկացման երկու պայմանագրեր է կնքել Միասնական սոցիալական ծառայությունը՝ շուրջ 1 միլիոն դրամ ընդհանուր չափով տրամադրելով երկու փոխհատուցում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության դիմաց։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարվա մարտին, օրինակ, «Նոյավան» ՍՊԸ-ից ԳՀ ընթացակարգով ձեռք է բերել 36.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ քարեր, դռներ, ցեմենտ։

2023 թվականին Վեդու համայնքապետարանն այս ընկերությանն է պատվիրակել Արարատի մարզի Վեդի համայնքի՝ Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքները․ պայմանագրի գինը կազմել է շուրջ 280 միլիոն դրամ։

Գրիգոր Մանուկյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, միայն «Նոյավանի» հույսին չէ․ նա ու նրա ընտանիքի տարբեր անդամներ բաժնեմասեր ունեն նաև «Ավշարշին», «Աշմանգրիգ», «Ռեգնում», «Նոյ էներջի» ՍՊԸ-ներում։

Գրիգորի Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանն էլ նախ Արարատի մարզպետարանում Գարիկ Սարգսյանի օգնականն էր, ապա 2021 թվականից՝ Արարատի համայնքի ավագանու անդամ։ Նա վերջին համայնքային ընտրություններում նաև ներգրավվել էր ՔՊ ցուցակում։

Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես է Փաշինյանի թիմակիցների ու նրանց հարազատների բախտն օրինաչափորեն բացվել 2018 թվականից հետո։

Տեսանյութեր

Լրահոս