Բրնձով ու չամիչով կծու տաքդեղներ
Բաղադրիչները՝
- 12 կանաչ, բարակ, կծու կամ քաղցր տաքդեղներ (ըստ ճաշակի)
- 200 գ բրինձ
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 2 ճ/գ չամիչ
- 2 ճ/գ մայրու ընկույզ
- 2 ճյուղ համեմ
- 5 ճյուղ անանուխ
- 1 ոչ մեծ կիտրոնի հյութ
- 100-150 մլ սպիտակ չոր գինի
- 6 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Բրինձն աղաջրի մեջ լցրեք, ուժեղ կրակի վրա 12-15 րոպե եփեք, համարյա մինչև պատրաստ լինելը: Լցրեք ցանցի վրա, վրան սառը ջուր լցրեք:
Մանր կտրատեք սոխը, անանուխն ու համեմը՝ հեռացնելով վերջիններիս ցողունները:
Թավայի մեջ 2 ճ/գ ջուր ու 2 ճ/գ ձիթապտղի ձեթ լցրեք, ավելացրեք սոխը, միջին կրակի վրա 5 րոպե տապակեք: Ապա ավելացրեք չամիչը, ընկույզը, համեմն ու անանուխը, եփած բրինձը:
Լավ խառնեք և կրակի վրա 2-3 րոպե տապակեք, աղ արեք, ավելացրեք կիտրոնի հյութը ու հանեք կրակի վրայից:
Տաքդեղների գլխիկները կտրեք-հեռացրեք, բայց դեն մի նետեք: Տաքդեղները մաքրեք սերմերից, մեջը լցրեք բրնձի խճողակը, գլխիկները հետ տեղադրեք ու սեղմեք, որ եփելիս չբացվեն:
Մնացած ձեթը մեծ թավայի մեջ կրակի վրա տաքացրեք, տաքդեղները մի շարքով շարեք, տապակեք, ավելացրեք գինին ու մի փոքր ջուր: 15-20 րոպե շոգեխաշեք միջին ուժգնության կրակի վրա: