«Ա՛յ ապուշ, որ բարձրացնում ես, մարդիկ ինչպես են վճարելու. ժողովուրդը կստիպի, որ չբարձրացնեն՝ ստիպելու ձևը գիտի». հարցում
Հանրային տրանսպորտի մի խումբ վարորդներ երեկ վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և բարելավել աշխատանքի պայմանները, մատնանշելով, որ ավտոբուսների պարկում նույնիսկ զուգարան չկա։ Ակցիայից 1-2 ժամ անց հայտնի դարձավ, որ 2 տասնյակից ավելի վարորդների Երևանի քաղաքապետարանն աշխատանքից ազատել է, ընդ որում, նրանք «WhatsApp»-ի միջոցով են ստացել իրենց՝ աշխատանքից ազատման ցուցումը։
Մի քանի ժամ տևած ակցիային հաջորդեց քաղաքապետարանի պաշտոնյաների և մի քանի վարորդների փակ հանդիպումը, որից հետո, այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանը նախ տեղեկացրեց, որ հանրային տրանսպորտը բնականոն աշխատում է, այնուհետև հայտարարություն տարածեց «D» կարգի վարորդներ փնտրելու վերաբերյալ։
Այս ամենի ֆոնին բողոքում են նաև հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները, նախ՝ տրանսպորտի որակից, այնուհետև՝ հունվարի 1-ից սպասվող ուղեվարձի բարձրացումից։
168.am-ը Մալաթիա-Սեբաստիա վարական շրջանում փոքր հարցում է անցկացրել բնակիչների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն հանրային տրանսպորտի որակի ու ուղեվարձի բարձրացման վերաբերյալ։
«Տրանսպորտի վիճակն ահավոր է, դեմ եմ բարձրացմանը, չգիտեմ՝ ինչ է լինելու։ Տեսնենք՝ ինչպես կստացվի, եթե ժողովուրդը կարողանա այնպես անել, որպեսզի չստացվի այս ամենը, ինչը կազմակերպում են՝ ես միայն ժողովրդի կողմից կլինեմ։
Դեռ 100 դրամ եմ մոտս պահում, ուրիշ ձև չի ստացվում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Թոշակառու երկու տարեցներ էլ նշեցին, որ ճիշտ է՝ հանրային տրանսպորտից շատ չեն օգտվում, սակայն դեմ են թանկացումներին, առանց այն էլ երկրում համատարած թանկացումներ են, նույնիսկ թոշակները չեն բավականացնում։
«Ամսվա կեսին պետք է սոված մնաս, ամեն ինչ թանկացնում են, թոշակը նույնն է։
Մարդ եթե ամեն օր գործի գնա, պատկերացրեք՝ որքան գումար պետք է տա տրանսպորտին»,- նշեց մեր զրուցակից թոշակառուներից մեկը։
Մեկ այլ թոշակառու էլ հարց բարձրացրեց՝ ուղղված Տիգրան Ավինյանին.
«Ա՛յ ապուշ, որ բարձրացնում՝ դարձնում ես 300 դրամ, մարդիկ ինչպե՞ս են վճարելու»։
Երկու տարեց մարդիկ էլ չեն հավատում քաղաքային իշխանությունների այն հայտարարություններին, թե ուղեվարձը բարձրացնում են, որպեսզի հանրային տրանսպորտի վիճակը բարելավեն։
«Սուտ են խոսում, ինչի՞ս է պետք, այս ավոտբուսները բերել-լցրել են, եթե ժողովուրդը սոված է»,- ասացին նրանք։
Մեր զրուցակիցներից մեկն էլ հակառակ կարծիքին էր՝ ասելով, որ տրանսպորտի վիճակը լավ է, չի թանկանում, հակառակը՝ էժանանում է։
«Բերել, նոր ավտոբուսներ են լցրել, նախկին գազելները չկան, մարդիկ պպզած չեն երթևեկում, նորմալ է ամեն բան։ 30 տարվա մեջ միակ բանը, որ չի թանկացել, տրանսպորտն է, մարդկանց բավականին բարձր աշխատավարձ են վարձատրում, արժանապատիվ աշխատավարձ են տալիս»,- նշեց քաղաքացին։
«Ինքս չեմ օգտվում, թոշակառու եմ, տանն եմ, բայց ամբողջ ընտանիքս օգտվում է, ուսանող կա տանը, ինչպե՞ս կարող է այս թանկացումները մեզ վրա չանդրադառնա։ Դե, մեր թոշակն էլ թոշակ չէ՝ ոտքի տակի կեղտ է»,- նշեց հարցմանը մասնակցած թոշակառու կանանցից մեկը։
Երիտասարդ աղջիկներից մեկն էլ տարակուսած հարցրեց՝ ինչպե՞ս են վճարելու 300 դրամները։
«Ասեք՝ իմանանք՝ ինչպե՞ս ենք տալու այդ գումարը։ Հանրային տրանսպորտի որակը շատ վատն է, եթե ցույց է տալիս, որ պետք է նստեն 18 հոգի, ինչո՞ւ են վերցնում 60 հոգու, որ «լխկված» տեղ ենք հասնում, սրան էլ գումարած՝ 300 դրամ։ Բա ես մեղք չե՞մ՝ ամեն առավոտ նստեմ՝ գնամ»,- նշեց նա։
Երիտասարդ մի քաղաքացի էլ հանրային տրանսպորտի վիճակը գնահատեց -10։
«Եթե բարձրացնում են, թող այնպես բարձրացնեն, որ ժողովրդին հարմար լինի, ոչ թե այս վիճակով։ Եթե այս վիճակը պահեցին, տրանսպորտի գինը չեն կարողանա բարձրացնել, ժողովուրդը կստիպի, որ չբարձրացնեն, ժողովուրդը ստիպելու ձևը սովորել է, կարող է հաստատ ստիպել»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկն էլ, ով հանրային տրանսպորտից չէր օգտվում, կեսկատակ-կեսլուրջ՝ օգտվողներին համբերություն մաղթեց։
Հարցման մասնակից քաղաքացիներից մի քանիսն էլ չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, միայն նշեցին՝ եթե ապրում են Հայաստանում ու ունեն նման ղեկավարներ, պարզ է, որ այս իրավիճակում պետք է հայտնվեին՝ հավելելով. «Երանի այն մարդկանց, որոնք 2018 թվականին փողոց դուրս չեն եկել ու Նիկոլ Փաշինյանին իշխանության չեն բերել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում