Անվտանգության ի՞նչ տրամաբանություն է առաջարկում Փաշինյանն Ալիևի սպառնալիքների ֆոնին
Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից, անդրադառնալով ՀՀ բանակի մասին իր տեսլականին, հերթական ուղերձը հղեց Բաքվին։ ԱԺ հերթական նստաշրջանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է։
«Բայց պիտի նաև արձանագրեմ, որ համոզված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները և մտածումները բերում են այն եզրակացությանը, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Մենք շատ ենք խոսում այն մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է։ Բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։
Ուժեղ ումի՞ց, ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերեմ, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք։ Իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք։ Լավ, մենք կարող ենք խնդիր դնենք, որ պետք է երկու, այսպես կոչված, թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք։ Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ երեք երկրների հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ չորս կամ հինգ երկրի հետ է մեր խնդիրը։ Իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ թե մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ինչքան ուժեղ բանակ պետք է ունենանք»,- այսպիսի մտքեր ներկայացրեց Փաշինյանը։
Նա նշեց, որ ուզում է լուծում առաջարկել՝ «ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը» հաղթահարելու համար պետք է որդեգրել բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է բացառապես սեփական տնտեսական շահերին համապատասխան։
Նրա խոսքով, բանակից առաջ կան շատ բուֆերներ, պետք է ստեղծել անվտանգային համակարգ, որի առաջին գծում բանակը չէ։
Հոկտեմբերին էլ Փաշինյանն ասել էր՝ չեն ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել:
«Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար էլ առաջարկ ունենք՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչը, ի դեպ, կլուծի և Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի, և մեր 31 գյուղերի հարցերը: Իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին»,- ասել էր Փաշինյանը, ինչին, իհարկե, Ադրբեջանից որևէ կերպ չեն արձագանքում, առավել ևս՝ դրական պատասխան տալիս։
Ամենայն հավանականությամբ, պատահական չէ, որ Փաշինյանը հրապարակայնորեն բանակը փորձում է երկրորդական, երրորդական պլան մղել ՀՀ անվտանգային համակարգում, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է աշխարհին ապացուցել, թե Հայաստանը ռազմականացման քաղաքականություն է վարում, պատրաստվում է սադրանքների դիմել, Ադրբեջանը պահանջում է վերջ տալ ՀՀ զինման քաղաքականությանը, այլապես «վատ կլինի», ՀՀ զինումն այլ երկրների կողմից Ադրբեջանը համարում է ոչ բարեկամական քայլ, և այլն։
Նոյեմբերի 8-ին՝ 44-օրյա պատերազմի օրվա ուղերձում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի, և նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պետք, նրանք պետք է հրաժարվեն սրանից, քանի դեռ ուշ չէ»։
«Մենք հիմա էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի,- նշել էր Ալիևը և ընդգծել,- 30-ամյա օկուպացիայի պատմությունն անհնար է ջնջել մեր հիշողությունից… Ով կցանկանա դարձյալ փորձել մեր ուժը, կրկին կպարտվի։ 44-օրյա հայրենական պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը, մեր հաղթանակը ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլև նրա հետևում կանգնածների դառը և նվաստացուցիչ պարտությունը»։
Այս ամենին զուգահեռ՝ Ալիևն իր բոլոր ելույթներում հպարտանում է, թե ինչպես են կտրուկ մեծացել Ադրբեջանի զինված ուժերի կարողություններն ու պոտենցիալը՝ հատուկ նշանակության ուժեր, սպառազինության մեծածավալ գնումներ և ներքին արդյունաբերության զարգացում:
Ալիևի պահանջների շարքն օրեցօր նոր պայմաններով, վերջնագրերով է համալրվում, ինչպես վերջերս առաջ քաշված պահանջը ՀՀ-ից՝ ՀՀ տարածքից հեռացնել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ադրբեջանը համարձակվեց նույնիսկ բողոքի նոտա հղել Լեհաստանին, որի ղեկավարը ՀՀ-ում, մասնավորապես՝ Երասխում ԵՄ դիտորդների հետ համատեղ մասնակցեց դիտորդությանը։
Երևանն Ադրբեջանի այս պահանջը ևս կարծես բնականոն է համարում, ուստի ադրբեջանական կողմին առաջարկել է դիտորդներին դուրս բերել միայն սահմանազատված հատվածներից այն դեպքում, երբ սա ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարց է։
Մինչ Ադրբեջանը զինվում է, անընդհատ զորավարժություններ անցկացնում իր դաշնակիցների հետ, մեծացնում ռազմական մատակարարումների ծավալները, Հայաստանից պահանջում է չզինվել՝ զուգահեռաբար սպառնալով։
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ՀՀ իշխանության վերոնշյալ մեկնաբանությունը կարծես ՀՀ իշխանությունների նոր տեսլականն է անվտանգային համակարգի, անվտանգային խնդիրները լուծելու հարցի վերաբերյալ։
Ըստ նրա, նման կոնցեպտ կիրառելի է այն դեպքում, երբ երկիրը տնտեսապես հզոր է, ինքնաբավ է կամ չունի արտաքին քաղաքական մեծ խնդիրներ, հետևաբար՝ չկան հակամարտություններ, և կա խաղաղ հարևանություն։
«Սակայն նույնիսկ նման երկրները պարբերաբար ունենում են «մկաններ» ցույց տալու անհրաժեշտություն, ինչպես, օրինակ՝ երբեմն Չինաստանը»,- նկատեց նա։ Բացի այդ, Եվսեևի խոսքով, այս կոնցեպտն աշխարհի ներկայիս իրավիճակում բացարձակ կիրառելի չէ և տարօրինակ է հնչում, քանի որ աշխարհը նոր կարգի ձևավորման ճանապարհին գլոբալ պատերազմների մեջ է, և իրավիճակի մեղմման միտումներ դեռ չկան։
«Շատ հեռուն գնալ պետք չէ, կարելի է հետևել վերջին մեկ ամսվա իրադարձություններին Լիբանանում, Ուկրաինայում, ապա ներկայումս Սիրիայում՝ Հալեպ քաղաքում։ Հարավային Կովկասն ինքնին, հաշվի առնելով այստեղ առկա հակամարտությունները, ամենառազմականացված ռեգիոններից է։ Քանի դեռ հակամարտություններն ավարտված չեն, կան ռազմական ծրագրեր, չկա ժամանակով փորձված խաղաղություն, ռազմականացումը սովորաբար չի դադարում, ռազմական հավասարակշռության անընդհատ պահպանումը զսպման, պաշտպանության լավագույն իրական գործիքն է խոցելի երկրների ու ռեգիոնների դեպքում։
Այսօր անհնար է խոսել այստեղ առկա խաղաղության կամ խաղաղության հեռանկարի մասին։ Բացի այդ, ինքնին Ադրբեջանը կարծես չի դադարեցնում ռազմականացումը, ընդլայնում է ռազմարդյունաբերությունը։ Եթե կա հակամարտություն, կան քաղաքական տարաձայնություններ, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվում, կան պահանջներ, դժգոհություններ, ռազմարդյունաբերական կարողություններն ընդլայնվում են, ուրեմն կա զսպման, ռիսկերն ու վտանգները, սպառնալիքները կառավարելու կարիք՝ ամենաքիչը ռազմական հավասարակշռության միջոցով։
Ռազմական հավասարակշռության խախտումն է, որը վտանգավոր է դառնում, իսկ դրա մեծ տարբերությունը, եթե ավելի կոպիտ բնորոշումներով չասեմ, ապա մեծ խնդիրների կարող է հանգեցնել։ Այսինքն՝ կա պատճառների մի ամբողջ համալիր, թե ինչու եմ ես սա համարում ներկայումս անտեղի Հարավային Կովկասի դեպքում, հաշվի առնելով ռեգիոնալ առանձնահատկություններն ու գլոբալ միտումները»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Ըստ Եվսեևի, որևէ մեկը չի հերքի, որ լավագույնը խաղաղությունն է՝ մինիմալ ռազմականացմամբ։ «Սակայն երկիրը, անկախ միջազգային միտումներից և զարգացումներից, չի կարող կայուն անվտանգության համակարգ ձևավորել՝ առանց հաշվի առնելու պարզ իրողությունները»,- նշեց նա։
Փորձագետը գտնում է, որ Փաշինյանի հայտարարությունը կապ ունի ադրբեջանական կողմի հայտարարությունների հետ։
«ՀՀ իշխանությունները, ինչպես մնացած այլ հարցերում, ընդառաջ են գնում Ադրբեջանի բարձրացրած հարցերին, փորձում են ինչ-որ եզրեր գտնել, սակայն այնուամենայնիվ կողմերի միջև դեռ գլոբալ կոնսենսուս չկա, ռազմատենչ հռետորաբանությունը չի դադարել և, կարծում եմ՝ դեռ շատ հարցեր են այսպես քննարկվելու, շատ տարաձայնություններ են լինելու կողմերի միջև։
Կողմերի միջև հակամարտությունը սպառված չէ, դա ակնհայտ է, իսկ ՀՀ-ն ինքնիշխան է՝ կայացնելու իր որոշումները, սակայն մենք տեսականորեն կարող ենք վերլուծել գաղափարները և ասել, թե որքանով են դրանք ներկայիս իրավիճակում տեղին կամ անտեղի»,- նկատեց Եվսեևը։