«Կառավարությունը պետք է ոչ թե արագաչափեր տեղադրելու կամ հանելու հարց քննարկի, այլ լուրջ ռեֆորմ անի». Տիգրան Քեյան
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև ճանապարհային տեսախցիկներին՝ շեշտելով, որ անձամբկաջակցի այն հանրային խմբին, որոնք արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50.000 ստորագրություն։
««Ես մտածել եմ և մտածում եմ, որ, հաշվի առնելով հարցի հանրային լայն հետաքրքրությունը, ճիշտ կլինի, որ ձև գտնենք, այդ հարցը լուծենք հանրաքվեի միջոցով։ Մեր օրենսդրությամբ կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի։
Լուծումը հետևյալն է, մեր օրենսդրությունը նախատեսում է, որ մենք կարող ենք հանրային նախաձեռնությամբ իրականացնել հանրաքվե։ Այն խումբը, որը հանդես է գալիս արագաչափերը հանելու օգտին, ես ինքս կաջակցեմ այդ խմբին, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ։
Բայց մենք այս գլխից կպայմանավորվենք նաև իրենց հետ, եթե իրենք 50.000 ստորագրություն հավաքեցին, կգա Ազգային ժողով, մենք, գիտեմ, որ կոնսենսուս չի լինելու, Ազգային ժողովը դեմ կքվեարկի, որից հետո մենք կանցնենք 300.000 ստորագրության: Եթե հաջողվի՝ 300.000 ստորագրություն հավաքվի, մենք հարցը դուրս բերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Նիկոլ Փաշինյանի խոսքերն այլ կոնտեքստում է հասկացել։
Տիգրան Քեյանի խոսքով՝ քանի որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը տեսախցիկներ էր փակում, և բոլորն ասում են, որ նա արագաչափ սարքերը փակելով դարձավ վարչապետ ու այդ տեսախցիկները հետո չհեռացրեց, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ եթե չեք ուզում այդ տեսախցիկները լինի, թող ստորագրահավաք լինի՝ առնվազն 50.000 ձայնով։
«Դա պետք է կազմակերպի ինչ-որ մարդ, ո՛չ ինքը, և ո՛չ էլ իր թիմից ինչ-որ մեկը, այլ քաղհասարակության ինչ-որ անդամ։ Երբ լինի այդ 50.000 ստորագրությունը, ԱԺ-ում այն պետք է քննարկվի, և Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ իր խմբակիցներն ու անձամբ ինքը դեմ են, որպեսզի այդ արագաչափ սարքերը չլինեն։ Այն ԱԺ-ում կքննարկվի և չի անցնի։ Երկրորդ քայլը, բնականաբար, կլինի 100.000 ձայն հավաքելը, որպեսզի հարցը դնեն հանրաքվեի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Քեյանը։
Նրա գնահատմամբ՝ արագաչափերի անհրաժեշտությունը կա, քանի որ տարեցտարի գրանցվում են մահվան այնպիսի ցուցանիշներ, որ տեսախցիկները որոշ առումով այդ իրավիճակը կարող են մեղմել։
«Հսկողությունները և տեսանկարահանող սարքերի կիրառումը, պարեկային նոր ծառայության համակարգի ներդրումը չի կարող ամբողջությամբ մեր անվտանգությունն ապահովել։ Չեմ կարծում, թե այդ սարքերը լինեն կամ չլինեն՝ մեր երթևեկության մեջ դրական ու լուրջ քայլեր են լինելու։ Բայց որ որոշ առումով մեղմում են իրավիճակը՝ անվիճելի է։
Կառավարությունը պետք է ոչ թե արագաչափ սարքեր տեղադրելու կամ հանելու հարցը քննարկի, այլ լուրջ ռեֆորմ անի և փորձի քաղաքացիներին երթևեկության կանոններ սովորեցնել և ապահովել անվտանգ երթևեկություն»,- շեշտեց Տիգրան Քեյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիներին կրթելու համակարգը չեն ներդնում, ժամանակին այս հարցը քննարկել են նաև ԱԺ-ում, երբ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը սկսել է զբաղվել երթևեկության կարգավորման հարցերով։
«Այս հարցը քննարկել ենք, սակայն քննարկումը հասել է ինչ-որ փուլի ու կանգնել է։ Պետք է այդ գործընթացը վերսկսվի՝ մարդկանց պետք է կրթենք, երթևեկության կանոնները սովորեցնենք, քանի որ երթևեկության մեջ մասնակիցները միայն վարորդները չեն, այլև հետիոտնն է։ Բացի այդ, մենք նաև վարորդական իրավունքի տրամադրման կարգն էլ պետք է փոխենք։ Եթե մարդը հմուտ լինի, կարող է մեկ ամսում որոշակի դասընթացների մասնակցել, գնալ ու ստանալ իր վարորդական իրավունքը, բայց պետք է լինեն որակավորում ստացած, մասնագիտացված ավտոդպրոցներ։ Կոռուպցիոն ռիսկեր չպետք է լինի, որպեսզի չքննարկեն՝ մեզ տեսախցիկները պետք են տուգանքի՞, թե՞ հսկողության համար»,- եզրափակեց Տիգրան Քեյանը։