«Ո՛չ Արևմուտքն է մեզ բարեկամ, ո՛չ Ռուսաստանը. պետք չէր բոլոր ձվերը մեկ արկղում դնել». Գագիկ Համբարյան

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում առանց Հայաստանի մասնակցության ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե  Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել, և այդկերպ է բացատրել ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելը, բացառապես անդրադառնալով Ղարաբաղի դեմ հարձակմանը և անտեսելով 2020-ից հետո Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ։

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ ՌԴ նախագահը կա՛մ իսկապես տեղյակ չէ, կա՛մ դիտավորյալ ստում է:

«Բացահայտ ՀՀ-ի դեմ ագրեսիա է եղել, որի հետևանքով ՀՀ-ն կորցրեց Սոթք-Խոզնավար հատվածը, Իշխանասարի, Ներքին Հանդի, Տեղ գյուղի հատվածը, Ջերմուկի մասին էլ չխոսեմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից ընդամենը 1.5-2 կմ են հեռու, երբ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, սահմանը պետք է անցներ 10 կմ հեռավորության վրա, բա դա Վլադիմիր Պուտինի կարծիքով ի՞նչ է, եթե ոչ՝ ՀՀ դեմ ագրեսիա: Խեղաթյուրելով՝ ոչինչ չի փոխվի, եթե Պուտինն ինքը ստում է, դա չի նշանակում, որ բոլորը պետք է այդ սուտը որպես իրականություն ընդունեն:

Երկրորդ, ես հասկանում եմ, որ այդ ստելու պատճառը նաև այն է, որ նույն Վլադիմիր Պուտինը փորձում է իր կողմից շատ գովազդված, բայց իրականում իրենից ոչինչ չներկայացնող ՀԱՊԿ-ը ներկայացնել՝ որպես շատ ուժեղ կառույց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Գագիկ Համբարյանը նկատեց՝ հայ հասարակության զգալի մասը կա՛մ ռուսամետ է, կա՛մ արևմտամետ, այլ ոչ՝ հայամետ.

«Դա սխալ է, պետք է օբյեկտիվ վերլուծել և նայել, թե որը ինչ ձևով է մեզ դավաճանել և ինչ ձևով է մեր սխալների վրա դիվիդենտներ շահել: Այդ նույն ռուսը ադրբեջանցիների հետ համաձայնության գալով՝ ուղղակի նվիրում էր նրանց այն գյուղերն ու բարձրունքները, որոնք իրենց պետք էին: Նույն Արևմուտքի գլխավորությամբ և Նիկոլի ձեռամբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչվեց: Այնպես որ, ո՛չ Արևմուտքն է մեզ բարեկամ, ո՛չ Ռուսաստանը: Դրա համար պետք չէր բոլոր ձվերը մեկ արկղում դնել:

Պատմություն պետք է իմանալ և հասկանալ, որ Ռուսաստանը երբ հայտնվում է ծանր վիճակում՝ սկսում է զոհաբերել իր մտերիմներին: Չմտածեք, թե այս պահին Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին ռուսների մատը խառը չէ. այդ տարածքներն իրենք էին վերահսկում: Եթե մենք տեսնում ենք, որ պուտինյան Ռուսաստանն ուղղակիորեն անասնական ձևաչափով թրքասիրությունը շարունակում է, պետք է այդ պարագայում օգտվենք Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի հակակրանքից՝ Թուրքիայի նկատմամբ: Միակ երկիրը, որն ամեն ինչ արեց՝ կանչելու «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը այս պահին, Իրանն է եղել: Իրանը շատ լավ գիտի՝ այդ քաղաքականությունն ինչ աղետալի հետևանքներ է ունենալու պաշտոնական Թեհրանի համար»:

Անդրադառնալով Վրաստանում առկա իրավիճակին, նա նշեց, որ ՀՀ իշխանությունների համար սառը ցնցուղ կլինի, եթե վրացական իշխանությունները պատվով դուրս գան ներքին խնդիրներից. «Նիկոլի միակ հույսը կմնա Թուրքիայի միջոցով Արևմուտքի հետ կապերն ավելի սերտացնելու և դառնալու պլացդարմ նույն Արևմուտքի համար՝ նկրտումներ կատարելու Վրաստանի դեմ»:

Նա նշեց, որ Ադրբեջանը Նիկոլի միջոցով կրկին շանտաժ է անելու հայ հանրությանը, որ՝ նոր պատերազմ կսկսվի և պետք է նորանոր զիջումների գնալ.

«Բաքուն որևէ կաշկանդվածություն չունի և պետք է իր հայաստանյան ներկայացուցիչ Նիկոլի միջոցով շանտաժների դիմի, սպառնա պատերազմով, ստանա, ասենք՝ ևս երկու գյուղ Տավուշի մարզում…»:

Բաքուն «հեռադիտակային շոու» է որակել Լեհաստանի նախագահի այցը հայ-ադրբեջանական սահման, մասնավորապես՝ Երասխ գյուղ, և հանդիպումը ԵՄ դիտորդների հետ, և բողոքի նոտա հղել Վարշավային: Ուշագրավ էր Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության այն հատվածը, որտեղ ասվում է, որ չնայած Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ լեհական կողմը ձեռնպահ չմնաց այդ սադրիչ քայլից:

Գագիկ Համբարյանը նկատեց՝ պաշտոնական Բաքուն վաղուց է որոշում՝ Հայաստանում ով ինչ պետք է անի.

«Սա մեր ամոթն ու խայտառակությունն է: Դա թույլ է տվել Նիկոլը և նրա հակապետական վարչակազմը: Օբյեկտիվ լինենք, այդ քննադատություններն էլ վաղուց կիրառվող մեթոդ է. պայմանավորվում են Դուդան և Ալիևը, որ՝ ես քեզ կքննադատեմ, դու բանի տեղ մի դիր: Եկեք՝ չմոռանանք՝ ով էր Նիկոլի հետ Արցախը հանձնում Ադրբեջանին, մեր սիրելի, մեր պաշտելի Ֆրանսիան»:

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Հայաստանում ձևավորել լիբերալ-ֆաշիստական մի կառավարություն, որի անդամների փոփոխությունը չի կարող որևէ ազդեցություն թողնել. «Ամեն ինչի հարց լուծողը Նիկոլն է: Ուզո՞ւմ եք՝ Արգիշտի Քյարամյանի փոխարեն տարեք՝ մի գլուխ սոխ դրեք, ոչ մի տարբերություն: Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բացահայտում է, որ ԲԴԽ նախագահ Կարենին նամակ է գրել այն պարագայում, երբ դատական իշխանությունը հռչակված է՝ որպես անկախ: Տեսնո՞ւմ եք՝ եվրոպացիները ծպտուն չեն հանում: Նիկոլը պարզ ասում է՝ դուք բոլորդ ուսապարկ եք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս