«Թավշյա հեղափոխակաների» կոռուպցիոն սկանդալները
Կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ դարձրած «թավշյա հեղափոխականներն» ուղն ու ծուծով թաթախված են կոռուպցիայի մեջ։ Տարբեր ամբիոներից հայտարարում են, թե իբր Հայաստանում առնվազն համակարգային կոռուպցիան վերացրել են, մինչդեռ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն սկանդալների պակաս չկա։
Կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով խաբեցին ժողովրդին, եկան իշխանության, այսօր իրենք են հայտնվել կոռուպցիայի կիզակետում, թաթախվել են կոռուպցիայի մեջ ու կոռուպցիոն տարբեր սխեմաներ կիրառելով՝ լիաթոք վայելում են իշխանության բարիքները։ Պետական միջոցներն ու լծակները համատարած օգտագործում են անձնական շահերի համար, իսկ կոռուպցիային անհաշտ պայքար հայտարարած Նիկոլ Փաշինյանը դրան անտարբերությամբ է նայում, երբեմն էլ պաշտպանում է։
Հիշենք տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանի անվան հետ կապված մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատան կառուցման պատմությունը, որը պետական մակարդակով այդպես էլ որևէ արձագանքի չարժանացավ, չնայած ակնհայտ կոռուպցիոն երևույթներին։ Կա՞ մեկը, ով կարող է հավատալ, որ այդ առանձնատունը Գնել Սանոսյանին չի պատկանում։
Վերջին շրջանում կոռուպցիոն սկանդալների մեջ է հայտնվել ֆինանսների նախարարը։
Նախ պարզվեց, որ կոռուպցիան թաքցնելու համար նախարարն իր, այսպես կոչված՝ «այգետնակը», որն իրականում բավական շքեղ առանձնատուն է, իբր վարձակալությամբ տրամադրել է ընկերոջը, իսկ հետո՝ օգտագործելով պաշտոնական դիրքը, նպաստել է ֆինանսների նախարարության աշխատակիցների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպման նպատակով «այգետնակը» վարձակալության հանձնելուն։
Մեկ այլ դեպքով, ֆիանսների նախարարը 1 մլն դոլար անտոկոս վարկ կամ փոխառություն է ստացել։
Ո՞վ և ինչո՞ւ է այդքան առատաձեռն գտնվել ֆինանսների նախարարի նկատմամբ։
Դժվար է ասել, Վահե Հովհաննիսյանին անհատույց այդքան միջոց որևէ մեկը կտրամադրեր, եթե նա չլիներ բարձրաստիճան պաշտոնյա կամ չտիրապետեր պետական լծակներին։
«Պաշտոնի ստանձնման ժամանակ Վահե Հովհաննիսյանը ցույց է տվել, որ «Էյ Սի Էմ Սի» ընկերությանը տվել է 35 մլն 380 հազար դրամի փոխառություն՝ զրո տոկոսով, և այդ տարի ստացել է 1 մլն դոլար փոխառություն՝ զրո տոկոսով, և ըստ այդ հաշվետվության՝ 1 մլն դոլարի էլ վարկ է ստացել՝ կրկին զրո տոկոսով։ Ենթադրվում է, որ 1 մլն վարկը կրկնակի է նշել վարկի և փոխառության հատվածներում, որովհետև 2021թ․ ամբողջ տարվա տված հաշվետվության ընթացքում այդ 1 մլն վարկը չկա։
Այսինքն, մենք ունենք հետևյալ տեղեկությունը, որ նա ստացել է 1 մլն դոլար զրո տոկոսով փոխառություն, որը կասկածելի գործարք է նման պաշտոնատար անձի համար»,- օրերս Փաստաբանների պալատի ակումբի նախաձեռնող խմբի կազմակերպած մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ֆինանսների նախարարի հետ կապված կոռուպցիոն սկանդալները սրանով չեն ավարտվում։
Կառավարությունից հարկային արտոնություն ստանալու ու այդ փաստը հասարակությունից թաքցնելու համար, Վահե Հովհաննիսյանն իրեն պատկանող ընկերությունը փոխանցել կամ գրանցել է բարեկամի անունով, որից հետո ստացել 100 մլն դրամից ավելի հարկային արտոնություն։
Այնպես չէ, որ միայն կառավարությունում են նստած կոռուպցիոն պատմություններով հարուստ պաշտոնյաները։
Բոլորովին վերջերս այդպիսի սկանդալի մեջ հայտնվեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ում 71-ամյա թոշակառու հայրը, պարզվում է, մեգա բիզնես նախագիծ է իրականացնում։ 40 հեկտար հող է ձեռք բերել, բանկից շուրջ 4 մլն դոլար վարկ է ստացել ու դրա դիմաց գրավադրել գնված հողամասը։ Գործարքի երաշխավորն էլ դարձել է նախկինների օրոք պետությանը 7 մլրդ դրամի վնաս պատճառած, ապա «բարեփոխված» ու վնասները վերականգնած «Սպայկա» ընկերությունը։
Փոխքաղաքապետի հայրը ստացել է նաև վարկը սուբսիդավորելու կառավարության օժանդակությունը, որը կազմել է ավելի քան 100 մլն դրամ։
Չնայած ակնհայտ կոռուպցիոն տարրերին, կոռուպցիային անհաշտ պայքար հայտարարած իշխանությունները քար անտարբերություն են դրսևորում այսպիսի երևույթների նկատմամբ։
Կոռուպցիայի ու կաշառակերության սկանդալի կենտրոնում վերջերս հայտնվեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում անունը կապվում է մի քանի հարյուր հազար դոլար կաշառք պահանջելու հետ։
Հետհեղափոխական Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարը դրոշակ դարձրած իշխանությունների արարքներում կոռուպցիոն երևույթների պակաս չկա։ Չհաշված, որ հաճախ չէ, որ դրանք դուրս են գալիս ջրի երես։ Դեռ ինչքան նման երևույթներ են մնացել ստվերում։ Ամբողջ պետական գնումները թաղված են կոռուպցիայի մեջ։ Էլ չենք խոսում հովանավորչության մասին, որը կոռուպցիայի դասական դրսևորումներից մեկն է։
Իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է նախկիններին։ Իրենց շրջապատի կոռուպցիան չեն տեսնում, կամ տեսնում են, բայց աչք են փակում։ Կարծում են, եթե իրենք աչք են փակում, հասարակությունը չի տեսնում, թե մի քանի տարում ինչպես են հղփացել ու հարստացել՝ երբեմնի դատարկ գրպաններով իշխանության եկած, արդարության համար մարտնչող երիտհեղափոխականները։
Բոլորը համատարած նվիրատվություններ են ստանում ու որևէ մեկը չի հարցնում՝ ինչի՞ համար։ Իշխանության ներսում կոռուպցիան վխտում է, բայց դրա դեմ պայքարը սահուն անցնում է իշխանավորների, նրանց մերձավորների ու իշխանության հետ սերտաճած նախկին պաշտոնյաների կողքով։ Հետհեղափոխական Հայաստանում այսպես են պայքարում կոռուպցիայի դեմ։ Ու կարծում են, որ եթե չտեսնելու են տալիս, չեն բացահայտում, Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ