Ռուսամետությո՞ւն, թե՞ չեզոքություն․ դեպի ո՞ր կողմ են շրջադարձ կատարում Վրաստանի իշխանությունները
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախօրեի հայտարարությունները երկրի արտաքին քաղաքական վեկտորում որոշակի փոփոխությունների մասին՝ կրկին լցրեցին Վրաստանի մեծ քաղաքների և հատկապես Թբիլիսիի կենտրոնական փողոցները հազարավոր ցուցարարներով։
Դեռ լիովին չէին հանդարտվել Վրաստանում հետընտրական ցնցումները, երբ Վրաստանն ըստ էության թևակոխում է անկայունության մեկ այլ փուլ։
Նախ մանրամասնենք, վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Իրակլի Կոբախիձեն նախօրեին հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի։
«Որոշել ենք մինչև 2028-ի վերջը ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկի հարցը չընդգրկել մեր օրակարգում»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ Թբիլիսիի համար «բացարձակապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն, որը Եվրամիությունը պետք է տա մեզ»։ «Նաև, մինչև 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից։ Մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները և վարկերն օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով»,- հավելել է նա։
Մյուս կողմից՝ նա նաև ասել է, թե «Վրաստանը մտադիր է շարունակել այն պրագմատիկ քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանի նկատմամբ»։
«Պրագմատիկ քաղաքականությունը խաղաղությունը պահպանելու և մեր ռազմավարական շահերը պաշտպանելու կարևորագույն գործիքներից մեկն է։ Վրաստանի և Ռուսաստանի հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթությունների թվում է»,- նշել է Կոբախիձեն: Վերջինս ընդգծել է, որ գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք իրենք հատել չեն պատրաստվում։ «Դրանցից առանցքայինը մեր տարածքների դեօկուպացիան է»,- միևնույն ժամանակ ընդգծել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատարը:
Ավելի վաղ Եվրախորհուրդը հայտարարել էր, որ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը փաստացի դադարեցվել է իշխող «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով։ Բրյուսելը և եվրոպական այլ մայրաքաղաքներ շեշտել էին, որ չեն կարող աջակցել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններին, եթե երկիրը, մասնավորապես, չեղյալ չհայտարարի եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող օրենքները, նրանց թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Եվրախորհրդարանը նախօրեին էլ հաստատել էր Վրաստանում ընտրությունների արդյունքները չճանաչող բանաձև։
Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո ցուցարարները, մարդիկ սոցցանցերում ինքնակազմակերպվելով՝ դուրս եկան փողոցներ, փակելով իշխող կուսակցության շենքերը, նստացույց անելով Ռուսթավելի պողոտայում։ Առավոտյան հայտնի դարձավ, որ երեկոյից Թբիլիսիի կենտրոնում հավաքված ուժայինները՝ ոստիկանության հատուկջոկատայինները, ցրել են ցույցը, ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է բռնի ուժ կիրառելու մեջ։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին՝ իրեն հռչակել է երկրի միակ լեգիտիմ իշխանություն, որի հետ պետք է հարաբերվի միջազգային հանրությունը։ Նա միացել է ցուցարարներին։
Վրաստանում ԵՄ դեսպանն էլ հայտարարել է. «Մենք բոլորս արթնացանք բոլորովին նոր իրականության մեջ»։
«Մենք լսեցինք պարոն Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը շահագրգռված չէ հաջորդ 4 տարում գնալ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով։ Իհարկե, սա չափազանց տխուր է… Անձամբ ինձ համար սա իսկապես սրտաճմլիկ է»,- ասել է Պավել Գերչինսկին։ Չնայած Գերչինսկին Վրաստանի կառավարության որոշումը անվանել է «ինքնիշխան», նա դիմել է վրաց ժողովրդին՝ ասելով, որ իրենք պետք է որոշեն, թե ինչպիսին է իրենց երկիրը։ «Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, կսպասենք ձեզ։ Սա ձեր երկիրն է, դուք պետք է որոշեք, թե որտեղ եք ուզում լինել»,- ասել է դեսպանը:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Վրաստանի իշխանության կողմից այդ հայտարարությունը նշանակում է Վրաստանի արտաքին կուրսի կտրուկ փոփոխություն մի իրավիճակում, երբ հասարակությունը տասնամյակներ շարունակ սպասել է ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությանը, պայքարել դրա համար, դրան հասնելու համար իրականացրել է համապատասխան բարեփոխումներ ու աշխատանք։
Նրա խոսքով, ըստ էության ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացած երկիրը, այսինքն՝ գտնվելով ԵՄ անդամակցության շեմին, Վրաստանը հրաժարվում է այդ գործընթացից, որի պատճառ ԵՄ-ն չի տվել։
«Պարզապես Եվրախորհրդարանի բանաձևն առիթ դարձավ, որպեսզի իշխանություններն ամրագրեն իրենց քաղաքականության այս նոր ուղենիշը։ Բանակցությունները 4 տարով դադարեցնելը պարզապես հայտարարություն է, իսկ իրականությունն այն է, որ իշխանությունը հրաժարվում է այդ հեռանկարից, ինչի դեմ հասարակությունը չի կարող դուրս չգալ։ Չեմ կարծում, որ ներքին իրավիճակը հանգիստ կլինի առաջիկայում»,- ասաց նա։
Վերլուծաբանի կարծիքով, սա Ռուսաստանի համար հնարավորություն է ընդլայնելու ազդեցությունը Հարավային Կովկասում, վերացնելով արևմտյան ազդեցության վերջին կետերը։ Գոգոլաշվիլիի կարծիքով, սա ռեգիոնալ գլոբալ քաղաքականության վրա ազդող իրավիճակ է, որը կապ ունի Արևմուտքի և Ռուսաստանի, Չինաստանի դիրքերի, ինչպես նաև ապագա կոմունիկացիաների նկատմամբ ազդեցության հետ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն իրավիճակը վերլուծեց այլ տեսանկյունից։ Նրա գնահատմամբ՝ Վրաստանի իշխանությունը փորձում է արտաքին քաղաքականությունը փոխել դեպի քաղաքական-գաղափարական չեզոքություն, ընդունված է ասել նաև՝ դրական չեզոքություն։
Նրա խոսքով, սա ոչ ռուսամետ քաղաքականություն է, ոչ էլ արևմտամետ։
«Վրաստանը չի հայտարարում, որ հրաժարվում են ԵՄ ինտեգրացիայից, սակայն ինքնիշխանության նշաններ են ցույց տալիս՝ ի տարբերություն այն երկրների, որոնք հայտ են ներկայացնում դառնալ ԵՄ անդամ և արդեն չեն կարող այդ թելադրանքից դուրս որևէ քայլ իրականացնել։ Սակայն Վրաստանում հանրային տրամադրության ուղղորդումը տեղի է ունենում բոլորիս հայտնի ՌԴ-Արևմուտք սցենարի տրամաբանությամբ, ինչը, կարծում եմ, չի արտացոլում իրողությունները։ Գլխավոր թեման այս երկուսի միջև ընտրությունը չէ, այլ երրորդ տարբերակ՝ չեզոքություն ընտրելը»,- բացատրեց Լուկիանովը։
Նրա կարծիքով ևս, իրադարձությունները հանգիստ չեն լինելու։
«Գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ ուժ է կիրառվել, այս թեման քարոզչության գործիք է դառնալու՝ սրելով իրավիճակը և հանրային տրամադրությունները»,- նկատեց նա։