«Ադրբեջանի հիստերիան այլ բանի մասին է. ՌԴ-ում հուսով են՝ հայ ազգը մի բան կհասկանա». Թևան Պողոսյան
Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացել. այս անգամ առիթը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցն է հայ-ադրբեջանական սահման: Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ Լեհաստանի նախագահն այցելել է հայ-ադրբեջանական սահման: Ադրբեջանի ԱԳՆ-ն խորապես ցավում է, որ «պաշտոնապես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր երկրի նախագահը մասնակցել է անընդունելի «հեռադիտակային շոուին», ինչը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրման»։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է հետևյալ նախադասությունը.
«Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ լեհական կողմը ձեռնպահ չմնաց այդ սադրիչ քայլից»: Գերատեսչությունը նշել է նաև, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան դիվանագիտական միջոցներ ձեռնարկել ընդդեմ այդ «ոչ բարեկամական ակցիայի»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը նկատում է՝ փաստորեն, մինչև Լեհաստանի նախագահի այցը Հայաստան, Ադրբեջանն արդեն ստացել է տեղեկություններ այդ մասին:
«Ի՞նքն էր հայթայթել, լեհե՞րն էին ասել, ԵՄ դիտորդական առաքելությունը հաշվետվության մե՞ջ է ներկայացրել, որ նման բան է լինելու: Այստեղ հիստերիան ոչ թե այցի համար էր… Ադրբեջանը չգիտի՞՝ իր տարածքում ինչ է կատարվում, կամ չի՞ տիրապետում՝ ինչ է Հայաստանում կատարվում: Լեհաստանը ՆԱՏՕ անդամ է, կխնդրի, երկու սպուտնիկային նկար կուղարկեն, կտեսնի: Խնդիրն այլ բանի մեջ եմ տեսնում. Առաջին՝ իրենք իրազեկվում են Հայաստան այցերի մասին, բոլոր այցելությունների ծրագրերը գիտեն, իրավունք են վերապահում քեզ իզոլյացիայի մեջ մտցնելու համար բողոքներ կամ նախազգուշացումներ անել, ասել՝ այս մասը ծրագրիդ մեջ ինձ դուր չի եկել, և մի հատ էլ դրա մասին բարձրաձայնել: Այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք Հայաստանն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, այցերը միայն մեզ հետ են քննարկո՞ւմ, թե՞ փաստորեն նույն Լեհաստանի նախագահի աշխատակազմը թույլատրություն է հարցրել՝ այցելելու համար: Փաստորեն, չէր կարելի: Մարդիկ էլ բողոքել են, ու այդ բողոքն ավելի շատ այն մասին է, որ՝ քեզ նախազգուշացրել ենք:
Իսկ ՀՀ ԱԳՆ-ի կողմից եղա՞վ մի բան, որ՝ գիտե՞ք, Հայաստանի ցանկացած կետ ՀՀ սուվերեն պետությունն է, և մենք ենք որոշում՝ ցանկացած հյուրի ուր տանենք: Ավելի խորքային դիտարկեք այս ամենը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը իր շահերից ելնելով՝ կատարում է հաշվարկված դիվանագիտական քայլեր. «Ավելի գլոբալ մեծ խաղում Ադրբեջանը նայում է՝ ի՞նչ անեմ, որ այսօր Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններս այնպես անեմ, որ բարելավվի, կամ ավելի խորանա, կամ ավելի ամրապնդվի: Նույն ԵՄ դիտորդները նույնպես իրեն չեն խանգարում: Այդ դիտորդներն այնտեղ ի՞նչ են անում՝ նայում են՝ որտեղ է Ադրբեջանի զինվորը կանգնած:
Ադրբեջանն իր զինվորի տեղը գիտի: Դիտորդները դիտարկում են, զեկույց են ուղարկում. այդքանը: Այդ նույն դիտորդների առաքելության իրականացման ժամանակ ՀՀ-ից Ադրբեջանը տարածքներ է գրավել, դիտորդներն ինչ-որ բան արե՞լ են, դիտորդների զեկույցը նպաստել է, որ ԵՄ անդամներն ասեն՝ սանկցիա են կիրառո՞ւմ, թե՞ հակառակը՝ միայն Ադրբեջանի պարագայում սանկցիաներ չեն կիրառում: Ադրբեջան ովքեր որ այցելում են, Հայաստանը գիտե՞ր այդ մասին, գիտեի՞ն՝ իրենք ինչ ծրագրեր են իրականացնում, բողոքի նոտաներ բարձրացրե՞լ են:
Ինչի՞ համար է Ադրբեջանը բարձրաձայնել. ինքը ձևավորել է մի բան, որտեղ ցանկացած պարագայում Հայաստան այցելություններից առաջ իրենք իմանալու են բոլոր ծրագրերը, որ ուրիշներն էլ կրկնեն: Ադրբեջանը ցույց է տալու իր ուժը՝ ինչ կարող է ինքն անել, օրինակ, որ՝ կգաք, ինձ կհարցնեք՝ գործարան կառուցե՞ք, թե՞ ոչ, ինձ կհարցնեք՝ ո՞ր կետում այցելեք»:
Հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանի նախագահն այնքան կա, որ ԱՄՆ-ին է ասում՝ գործարան կառուցի՞, թե՞ ոչ, Լեհաստանին է ասում՝ ինչ ասի, նա պատասխանեց. «Ձեզ ո՞նց է թվում, նույն ԱՄՆ նախագահականում չգիտե՞ն՝ Ադրբեջանն ավտորիտար է, թե ինչ է, բայց շնորհակալություն են, չէ՞, հայտնում: Սա նշանակում է, որ դու գոյություն չունես այս տարածաշրջանում, իսկ Ադրբեջանը ստուգում է իր սահմանները, բարձրացնում է իր երկրի քաշը: Այդ տրամաբանությամբ՝ ցանկացած երկրի ղեկավար պետք է առաջնորդվի իր երկրի շահով, ուզո՞ւմ է իր երկրի քաշը բարձրացնել, թե՞ ոչ: Ցանկացած երկրի ղեկավար այդպիսի վարքագիծ պետք է ցույց տա»:
Մարիա Զախարովան նշել է, որ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ակնկալում են, որ գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի: Թևան Պողոսյանը նկատեց՝ ՌԴ-ում էլ են հուսով, որ միգուցե հայ ազգը մի բան կհասկանա. «Սա ուղերձ է, որ ամեն ինչին լավ տիրապետում են, ունեն տեղեկություններ և հուսով են, որ մեծ դժվարություններով չեն իրենց շահերն առաջ տանելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում